News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շախմատի միջազգային վարպետ, հայտնի հայշախմատիստ Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանե Բո Կաոիլին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: NEWS.am-ին տված հարցազրույցում նա պատմել է իր նոր աշխատանքի մասին եւ մեկնաբանել իր նշանակումից հետո լրատվամիջոցների կողմից արված մի քանի հրապարակումներ:

Ինչո՞վ է պայմանավորված շախմատից քաղաքական կարիերայի անցնելու Ձեր որոշումը: Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Դուք խորհուրդներ եք տալու օտարերկրյա ներդրումների ներգրավման, միջազգային ֆինանսական եւ առեւտրային կառույցների հետհամագործակցության ոլորտներում: Ի՞նչն է լինելու Ձեր աշխատանքի ուշադրության կենտրոնում:

Իմ տեսանկյունից, սա այնքան էլ մեծ փոփոխություն չէ, քանի որ ես վաղուց եմ հեռացել շախմատից: Ես խաղում էի, երբ երեխա էի եւ հեռացել եմ շախմատից, երբ 15-16 տարեկան էի: Ենթադրում եմ, որ փոփոխությունը, որ մենք տեսնում ենք, կապված է նրա հետ, որ ես աշխատում եմ կառավարության հետ: Իմ փորձը միշտ առնչվել է մասնավոր եւ պետական ոլորտին: Հիմա ես պետական ոլորտում եմ, բայց լինելով կամավոր, ես կանեմ ամեն բան, որ իմ ներդրումն ունենամ Հայաստանի զարգացման գործում: Ես չեմ կարծում, որ իմ աշխատանքը կապ ունի քաղաքականության հետ, ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը: Մեծ տարբերություն կա հանրային քաղաքականության և քաղաքական գործունեության միջեւ: Այն, ինչ ինձ իսկապես հետաքրքրում է, տնտեսության այն ոլորտներն են, որոնք համարվում են շարժիչ ուժ՝ ինովացիա, կրթություն եւ ներդրումներ: Ոլորտներից մեկը, որտեղ ես հույս ունեմ անել հնարավոր ամենը, միջազգային մակարդակով Հայաստանի առեւտրային հարաբերություններն են, ինչպես նաեւ Սփյուռքի հետ հարաբերությունները: Սփյուռքը հսկայական ներուժ ունի, եւ մենք պետք է այն օգտագործենք:

Դուք Ասվտրալիայի պետական հաստատություններում խորհրդական աշխատելու փորձ ունե՞ք: Դուք կաշխատե՞ք Ավստրալիայում եւ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործող կազմակերպությունների և գործակալությունների հետ: Կարծում եք, որ Հայաստանը կարո՞ղ է ներդրումներ ներգրավել այդ տարածաշրջանից:

Հայաստանը մի քիչ հեռու է այդ տարածաշրջանից, բայց իմ փորձը չի սահմանափակվում միայն Ասվտրալիայով կամ Ասիայով: Ես ավելի մեծ փորձ ունեմ հենց պետական ներդրումային հիմնադրամների հետ աշխատանքում, որոնք ողջ աշխարհում համակարգում են հենց կառավարությունները: Կան մի քանի հարթակներ եւ հաստատություններ, որոնք ես կցանկանայի կապել Հայաստանի հետ: Աշխարհը գնալով փոքրանում է, եւ մենք՝ հայերս, պետք է առաջ նայենք եւ ունենանք գլոբալ աշխարհընկալում, իհարկե, պահպանելով ազգային ոգին:

Դուք ասացիք՝ «մենք՝ հայերս»: Դուք Ձեզ հա՞յ եք զգում:

Ինձ երկար տարիներ տվել են այդ հարցը եւ իմ պատասխանն է՝ այո: Երբ ես 2013-ին տեղափոխվեցի Հայաստան, միանգամից ինձ զգացի տանը: Ես եղել եմ 60 երկրներում, ապրել եմ Գերմանիայում, Ասվտրալիայում ու Ֆիլիպիններում: Երբ ես եկա Հայաստան, առաջին անգամ իմ կյանքում ես ինձ տանն զգացի: Հետո ամուսնացա ու հիմա «պաշտոնապես» նույնպես ես հայ եմ ու դրանով շատ եմ հպարտանում:

Լրատվամիջոցների որոշ հրապարակումների համաձայն, Դուք Հայաստանում մի քանի բիզնես ունեք, դա ճի՞շտ է: Ո՞րն է Ձեր աշխատանքի հիմնական ոլորտը:

Կառավարությունում ես աշխատելու եմ հասարակական հիմունքներով: Իմ գործունեությունը Հայաստանում շատ բաց է: Այո, ես բիզնեսով եմ զբաղվում: Իմ խորհրդատվական ընկերությունը միայն հայկական շուկայի համար չէ. ընկերության հիմնական հաճախորդներն օտարերկրացիներ են: Այն զբաղվում է մենեջմենթի ոլորտում խորհրդատվությամբ, ռազմավարական և քաղաքական վերլուծություններով: Եվ, իհարկե, ես ունեմ «Ճամփորդ» թերթը, որը շահույթ չի հետապնդում: Իմ տարերքը տնտեսագիտությունն է:

Դուք պրոֆեսիոնալ շախմատով չեք զբաղվում 2012 թվականից: Ինչո՞ւ հեռացաք շախմատից հաջող կարիերայից հետո:

Ես թողեցի շախմատը համալսարան ընդունվելուց առաջ: Իմ ընտանիքում բոլորը մասնագիտությամբ բժիշկ են, նրանք աշխատում են ԱՄՆ-ում: Նրանք բոլորը նեյրովիրաբույժներ, կարդիովիրաբույժներ են: Հենց այդ պատճառով էլ հայրս ասաց, որ պետք է թողնեմ շախմատը եւ բժշկություն ուսումնասիրեմ: Դա իմ ծնողների որոշումն էր՝ «հիմա դու պետք է սովորես»:

Հայաստանում առաջ է մղվում գաղափարը, որ եթե մարդը սկսում է շախմատ խաղալ վաղ տարիքում, դա օգնում է նրան ապագայում: Ձեր կարծիքով, որքանո՞վ կարող է շախմատը օգնել Ձեզ ձեր նախաձեռնություններում:

Ես շատ հպարտ եմ, որ Հայաստանը դարձել է աշխարհում առաջին պետությունը, որտեղ շախմատը դպրոցում պարտադիր առարկաէ: Կարծում եմ, որ եթե մարդը սկսի շախմատ խաղալ վաղ տարիքում, դա իսկապես կօգնի նրան խնդիրների լուծման հարցում: Շախմատը սովորեցնում է, որ սխալվելը նորմալ երեւույթ է: Սխալներ անելը, պարտվելը նորմալ են: Հետո դուք ոտքի եք կանգնում եւ նորից սկսում եք պայքարել: Դա մարդուն մարտական ոգի է տալիս, իսկ դա շատ կարեւոր է կյանքում եւ բիզնեսում: Կարծում եմ՝ շախմատը բնավորության ամրապնդման համար շատ լավ է:

Ձեզ չի՞ զարմացրել լրատվամիջոցների հետաքրքրությունը Ձեր նշանակմանը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման աժիոտաժին:

Ես պարզապես հույս ունեմ, որ կկարողանամ անել ամեն հնարավորը եւ օգտագործել իմ ունակությունները, որ իմ ներդրումն ունենամ երկրի զարգացման գործում: Իմ ընկալմամբ, հաջողության չափանիշն ազդեցությունն է: Եթե ես կարողանամ ստեղծել դրական ազդեցություն, անկախ նրանից, թե որքանով է այն աննշան, ես երջանիկ կլինեմ: Ես հույս ունեմ, որ հասարակությունը դրական գնահատական կտա իմ մասնակցությանը: Ես պատրաստվում եմ առցանց մամուլի ասուլիս կազմակերպել երեքշաբթի, որտեղ յուրաքանչյուրը կարող է տալ իրեն հետաքրքրող հարցերը: Ես կպատասխանեմ բոլոր հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ