Շամիրամում օգոստոսի 1-ին 4 մարդու սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

«Իմ պաշտպանյալն ասում է, որ դիտավորյալ սպանելու մտադրություն չի ունեցել»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը:

Պաշտպանը հայտնեց, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, կան փորձաքննություններ, որոնց եզրակացությունները չեն ստացվել:

Նշենք, որ այս գործով կալանքի տակ է նաեւ Թելման Քալաշյանի հորեղբայրը:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ 4 տարի առաջ՝ 2013 թվականին, Արմավիրի բնակիչ Թելման Քալաշյանը տոկոսով 75 հազար դոլար գումար է տվել Ռուսաստանում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս տվել են 45 հազար դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առեւտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները եւ վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:

Չընդունելով բերված պատճառաբանությունները՝ Թելման Քալաշյանը պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին եւ ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը եւ տոկոսադրույքները ստանալու հարցում նրանց միջամտությունը: 2017թ. օգոստոսի 1-ին առավոտյան Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաեւ Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները եւ ընկերները գտնվում են Շամիրամի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում եւ մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ: Հասնելով նշված վայր՝ Թ.Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:

Արձակված կրակոցների հետեւանքով 4 անձ մահացել է, եւս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի։ Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Քալաշյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա կալանավորված է: