Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն առաջարկում է որդեգրման համար օտարերկրյա քաղաքացիների դեպքում նախապատվությունը տալ հայազգի քաղաքացիներին:

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խորհրդարանում «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դրական է գնահատում այն հանգամանքը, որ որդեգրման դեպքում առավելությունը տրվում է ՀՀ քաղաքացիներինօտարերկրյա քաղաքացիների նկատմամբ:

«Կարծում եմ՝ արդարացի կլինի, որ մենք նաև երկրորդ սահմանը դնենք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իհարկե, առաջնությունը տրվում է, բայց դրանից հետո պետք է նախապատվությունը տալ օտարերկրյա հայազգի քաղաքացիներին: Ես, իհարկե, ռասիզմին դեմ եմ, բայց ճակատագրի բերումով հայ ժողովրդի մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս: Միգուցե, մեր շատ սփյուռքահայ եղբայրներ ու քույրեր կլինեն, որ կցանկանան որդեգրել հայ երեխային: Ճիշտ կլինի, որ այդ առաջնությունը տանք հայ ընտանիքին»,- ասաց նա:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ, ազգային-մշակութային շահը հաշվի առնելով, առաջնությունը տրվելու է հայ ընտանիքին, աշխատելու են ՀԱԱԳԱ-ի կոնվենցիայի անդամ պետությունների հետ: