News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Զինվորական հոսպիտալում փետրվարի 12-ին ժամկետային զինծառայող է մահացել: Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ Ստեփան Ստեփանյանն արձակուրդում է եղել, հետո վերադարձել է զորամաս եւ ինքնազգացողությունը վատացել է: Զինծառայողին հոսպիտալացրել են, որտեղ էլ արձանագրել են նրա մահը: Պաշտպանական գերատեսչությունում, սակայն, մահվան պատճառների մասին ոչինչ չեն նշում. դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, պետք է սպասել արդյունքներին:

Ստեփանը Կոտայքի Գառնի գյուղից էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ: Գառնիի գյուղապետարանից մեր թղթակցին ասել են, որ երիտասարդն առողջական խնդիրներ չի ունեցել: Ստեփանը երկկողմանի ծնողազուրկ էր, նրան տատիկն ու պապիկն են մեծացրել, իսկ մի քանի տարի առաջ նաեւ պապն է մահացել: Ծառայության մեկնելուց առաջ տղան մեղվաբուծությամբ է զբաղվել՝ տատին ու կրտսեր քրոջը պահելու համար:

Պաշտոնական Փարիզը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հերթական ագրեսիվ հայտարարությունը՝ կոչ անելով զերծ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողություններից, որոնք կարող են լարվածության պատճառ դառնալ: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւն այս անգամ էլ «ադրբեջանական պատմական տարածք էր կոչել Երեւանն ու Զանգեզուրը»: Իսկ մինչ միջազգային հանրությունն արձագանքում է Ալիեւի հայտարարություններին, Ադրբեջանը հերթական սադրանքին է դիմել: Հիմա էլ այս երկրի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ: Պատճառը Կարապետյանի հաճախակի այցերն են Արցախ: Ադրբեջանում նրա դեմ նույնիսկ քրեական գործ է հարուցվել՝ «կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու եւ պետության դեմ հրապարակային կոչերի համար»: Հավելենք, որ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերջին տարիներին բազմաթիվ եվրոպացի գործիչներ են այցելել Արցախ, որոնցից շատերը հայտնվել են Ադրբեջանի տխրահռչակ «սեւ ցուցակում»:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Աունը. նախագահ Սերժ Սարգսյանն է հրավիրել: Այսօր արդեն Միշել Աունին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, Լիբանանի նախագահն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշենք, որ Լիբանանը 1915 թվականի ջարդերը ցեղասպանություն ճանաչած երկրներից է: Այցի շրջանակում Միշել Աունը կհանդիպի նաեւ Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ, իսկ նախագահական նստավայրում վաղը նախանշված են հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ: Հավելենք, որ Լիբանանի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են նաեւ այդ երկրի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ու խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

«Ելք» խմբակցությունն Ազգային ժողովին առաջարկել է Մարտի 1-ի իրադարձությունների 10-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն ընդունել: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ, մինչեւ հիմա 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտված չեն, իսկ զոհերի հարազատներին փոխհատուցում չի տրվել: «Ելք»-ն առաջարկում էր նաեւ առաջիկայում օրենսդրական փաթեթ մշակել՝ այդ իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին ու վնասվածք ստացած քաղաքացիներին արժանի փոխհատուցում տալու համար: Հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն է տվել հայտարարությանը:

Իսկ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունն այսօր նիստ է գումարել եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել Գեւորգ Կոստանյանին: Մինչեւ հիմա այս հանձնաժողովը ղեկավարում էր Հրայր Թովմասյանը, որն օրերս հրաժարական է ներկայացրել. նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում:

«Սասնա ծռերի» գործով այսօրվա դատական նիստը լարված մթնոլորտում է անցել:  Պաշտպանների խոսքով՝ գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանի հայտարարության ժամանակ Պավլիկ Մանուկյանը տեղից հայտարարել է, թե «թքած ունի նրա հայտարարության վրա», ինչին հետեւել է Պետրոս Պետրոսյանի արձագանքը. «Մի՛ հաչա, թուրք»: Արդյունքում նիստերի դահլիճում աղմուկ է բարձրացել: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական սանկցիա է կիրառել Պավլիկ Մանուկյանի նկատմամբ՝ նրան 5 ժամով հեռացնելով դահլիճից, իսկ մեղադրող Պետրոս Պետրոսյանի պարագայում բավարարվել է ընդամենը նախազգուշացում անելով: Դատավորը սանկցիա է կիրառել նաեւ Արայիկ Խանդոյանի եւ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ. նրանց նիստերի դահլիճից հեռացրել են 10-ական ժամով: Իսկ ընդմիջումից հետո նիստը կրկին սկանդալով է սկսվել, այս անգամ՝ նիստին հետեւողների մասնակցությամբ: Նրանք բողոքել են մեղադրողի արտահայտության դեմ՝ «Թուրքը դու ես, Պետրոսիկ», «Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես, ծախված» պաստառներ պարզելով: Ի դեպ՝ գործով պաշտպաններից Արա Ղարագյոզյանը մեղադրողի դեմ քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել դատարանին: Մեսրոպ Մակյանը, սակայն, մերժել է: Ամեն դեպքում, պաշտպանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազություն:

Երեւան-Վանաձոր ավտոճապարհին խոշոր վթար է տեղի ունեցել: Ապարանի վարչական տարածքում բախվել են Lada եւ Samand մակնիշների մեքենաները։ Պատահարի հետեւանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Վիրավորների թվում 1-ամյա երեխա կա: Փոքրիկին Երեւան են տեղափոխել: Բժիշկները երեխայի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում. նա գանգուղեղային վնասվածքներ ունի:

Փետրվարի 21-ին դոլարի ու եվրոյի արժեզրկմանը միացել է նաեւ ֆունտը: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 592, ռուբլունը՝ 8 դրամ 49 լումա, ֆունտինը՝ 670 դրամ:

Փետրվարի 22-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումներ են սպասվում, 23-25-ին՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը անձրեւի հավանականություն կա: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +9+11 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ