News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարության կազմը շարունակում է համալրվել: Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակել է Արարատ Միրզոյանին, փոխվարչապետի պաշտոնում՝ Տիգրան Ավինյանին: Երկուսն էլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են:

Այսօր նաեւ մի քանի նախարարներ են նշանակվել. կրթության եւ գիտության նախարարությունը կգլխավորի Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը՝ Սուրեն Պապիկյանը, սփյուռքի նախարար էլ նշանակվել է Մխիթար Հայրապետյանը: Նրանք նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են:

Պաշտպանության նախարարությունը նույնպես նոր ղեկավար ունի. այդ պաշտոնում նշանակվել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա այս ոլորտում երկարամյա աշխատանքի փորձ ունի, այդ թվում եղել է պաշտպանության փոխնախարար, ՆԱՏՕ-ում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ:

Քննչական կոմիտեի ղեկավարը չի պատրաստվում հրաժարական տալ: Լրագրողների հետ զրույցում Աղվան Հովսեփյանը բացատրել է, թե ինչու: Փոխարենը նոր կառավարությունում չի ցանկանում աշխատել Վահան Մարտիրոսյանը: Տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը, սակայն, վստահեցնում է. խնդիրը Փաշինյանի մեջ չէ: Լեւոն Ալթունյանն էլ առողջապահության նախարարի պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, որքան հարմար գտնի նորընտիր վարչապետը:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, կարծես, առողջապահության նախարարի պաշտոնի այլ թեկնածու ունի: Մամուլի տեղեկություններով՝ նա պատրաստվում է այդ պաշտոնում նշանակել առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին: Բժշկական հանրությունը, սակայն, դեմ է այս թեկնածուին: Մի խումբ բժիշկներ բաց նամակ են հղել վարչապետին՝ նշելով, որ կցանկանային ոլորտի պատասխանատու տեսնել «նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած մարդու»:

Նոր կառավարությունում պորտֆելների ակնկալիք ունի նաեւ «Ծառուկյան» դաշինքը: Գեւորգ Պետրոսյանը նախընտրում է սոցիալական ոլորտի գերատեսչությունները, սակայն հավելում, որ որոշումը կուսակցության առաջնորդն է կայացնելու: Նիկոլ Փաշինյանը նույնպես առայժմ չի նշում, թե որ նախարարությունների ղեկավարումը կվստահեն Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժին:

Երկու նշանակում էլ երեկ երեկոյան է արվել. ոստիկանապետի պաշտոնը ստանձնել է Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրենինը՝ Արթուր Վանեցյանը: Վալերի Օսիպյանի նշանակումը, սակայն, բուռն քննադատության ալիք է առաջացրել: Նիկոլ Փաշինյանն այսօր բացատրել է որոշման պատճառը:

Գործադիրն այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջին նիստն է գումարել: Կառավարության շենքին մոտեցող Փաշինյանին հավաքված քաղաքացիները ծափերով են դիմավորել: Վարչապետը լսել է նրանց բողոքները, նամակներ վերցրել ու շենք մտել: Արդեն նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է կարկտահարությունից տուժածներին իրական, ոչ թե ֆորմալ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին, քննադատել բուհերի խորհուրդների ձեւավորման գործող պրակտիկան, լսել նախարարների ներկայացրած օրակարգային մյուս հարցերը: Որոշումներն ընդունելիս նախկին պատգամավորը շփոթության է մատնվել:

Կառավարությունը կլուծի Հայաստանի 3-րդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու խնդիրը: Օրակարգային հարցը ներկայացրած Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը վերջինն է, որը կօգտվի սոցիալական այդ երաշխիքից: Նախորդ կառավարությունում հարցը քննարկելիս որոշվել էր սեփականաշնորհել եւ Սերժ Սարգսյանին հատկացնել Կոնդի առանձնատների տնտեսության «ՊՈԱԿ»-ի հաշվեկշռում գտնվող որոշակի շինություն` իր հողամասով: Փաշինյանը չեղարկել է կառավարական առանձնատան սեփականաշնորհման որոշումը եւ աշխատակազմի ղեկավարին հանձնարարել մեկ ամսում օրենքի շրջանակում այլ լուծում առաջարկել:

Հավելենք, որ կառավարությունն այս կազմով վերջին անգամ էր հավաքվել: Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին եւ հաջողություն մաղթել նոր ձեւավորվող կառավարությանը:

Դադարեցվեցին նաեւ Աղվան Վարդանյանի պատգամավորական լիազորությունները: Ազգային ժողովի նախագահը ստորագրել է համապատասխան արձանագրությունը: ՀՅԴ խմբակցության քարտուղարը, հիշեցնենք, մանդատը վայր է դրել կուսակցության Հայաստանի կառույցի պահանջով, ավելի ուշ՝ հեռացվել նաեւ Դաշնակցության շարքերից: Իսկ պատճառը մայիսի 1-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելն է: Խորհրդարանում նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Ռուզաննա Առաքելյանը: Հիշեցնենք, որ երեկ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել նաեւ ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ անկուսակցական Արմեն Բաբայանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի փոխարեն «Ելք» խմբակցությունը կհամալրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամներ՝ Հրաչ Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանը:

Դատավոր Արշակ Վարդանյանը այսօր առաջին անգամ «Սասնա ծռերի» գործով դատական նիստ անցկացրեց: Փաստաբանները մեկ առ մեկ իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեցին դատարանին: Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, թե այդ միջնորդությունը պետք է ներկայացրած լինեին դատախազները, բայց քանի որ չեն արել, իրենք պահանջում են անհապաղ ազատ արձակել «Սասնա ծռերին»: Դատավորը լսեց բոլորին եւ գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումն անփոփոխ է թողնում: Որոշումից դժգոհ «Սասնա ծռերի» աջակիցները դրա հրապարակումից հետո փակել են Երեւանի Արշակունյաց պողոտան:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայի եւ Մոլդովայի դեմ ընկերական խաղերի համար ազգային թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստի: Հավաքականում նոր անուններ կան՝ Անդրե Կալիսիրը, Դավիդ Յուրչենկոն, Խորեն Բայրամյանը, Էդգար Բաբայանն ու Իվան Յագանը: Տեւական ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել նաեւ շվեդական «Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանը: Վերջին շրջանում 31-ամյա հարձակվողը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի որոշմամբ, հավաքական չէր հրավիրվում: Նշենք, որ ընկերական խաղերն անցկացվելու են Ավստրիայում: Հայաստան-Մալթա հանդիպումը մայիսի 29-ին է, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» ստադիոնում, իսկ Հայաստան-Մոլդովա խաղը՝ հունիսի 4-ին, Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» ստադիոնում: Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնում վերանշանակվելուց հետո սրանք Վարդան Մինասյանի գլխավորությամբ թիմի առաջին խաղերը կլինեն:

Մայիսի 11-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, եվրոն ավելի քան 2 դրամով թանկացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 580, ռուբլունը՝ 7 դրամ 88 լումա, ֆունտինը՝ 658 դրամ:

Մայիսի 12-16-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ