News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննատատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ հղելու համար: Կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված բավական ծավալուն հայտարարությունում Փոստանջյանը պարզաբանել է քննադատության պատճառը:

«2018 թվականի հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությունը հաստատեց բելառուսական արտադրության «Պոլոնեզները» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) բելառուսա-ադրբեջանական գործարքը:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները  չեն կանխել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) վաճառելը:

Ավելին. 2018 թվականի հունիսի 11-ին, նույն օրը, երբ Իլհամ Ալիևը ցուցադրաբար նկարահանվում էր Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հրթիռային զորամասում բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) տեսադաշտում, Արմեն Սարգսյանը, ի պաշտոնե չունենալով լիազորություն, շնորհավորական Ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ: Այդ Ուղեձում նա համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում Երևանի և Մինսկի առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաև գործակցությունը բազմակողմ միջազգային հարթակներում հետագայում կարևոր դեր կունենան երկու երկրների գործընկերության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից Բելարուսը երկրորդն է Ռուսաստանի Դաշնությունից հետո, որը մատակարարում է Ադրբեջանին ժամանակակից հարձակողական  համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղում այն պետության ղեկավարին, ով, անտեսելով Հայաստանի Հանրապետության հետ միասին ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ լինելը, նաև համարվելով «դաշնակից» պետություն, Ադրբեջանին վաճառում է հարձակողական նշանակություն ունեցող զենք, որը արդի հայկական պետականության ցանկացած բնակավայր կարող է ոչնչացնել:

«Պոլոնեզ» համակարգը նախատեսված է բարձր ճշգրտության ոչնչացման թիրախի համար, բաց տեղանքի և քողարկված կենդանի ուժի, զրահապատ և ոչ զրահապատ ռազմական տեխնիկայի, և այլ օբյեկտների համար: Այս համակարգը ունակ է հասնել ոչնչացման կետին  50-280 կմ հեռավորության վրա:

Այս կայանները համարվում են հեռահար և իրենց՝ մինչև 280 կիլոմետր հեռահարությամբ թիրախը ոչնչացնելու հնարավորությամբ, ուղիղ համազարկային կրակի լուրջ սպառնալիք են ստեղծում ներկայիս հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ, մասնավորապես,  Ստեփանակերտը՝  Ադրբեջանից և Երևանը՝ Նախիջևանից, խոցելու համար:

Այս փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմը նախատեսում է ոչ միայն Արցախի ռազմաճակատով, այլ նաև Նախիջևանի և Տաուշի ռազմաճակատներով:

2016 թվականի ապրիյան պատերազմի ամոթալի զինադադարի կնքումը և հետագա երկու տարիների վատնումը հանգեցրել են նոր ռազմա-քաղաքական իրողության: Հայաստանի՝ իբրև զսպման միջոց, ունեցած  «Իսքանդեր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), Ադրբեջանի՝ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերմամբ, գրեթե  չեզոքացել են:

Ադրբեջանին կապիտուլյացիայի, նրան՝ որպես ագրեսոր պետություն, ռազմական սահմանափակումների ենթարկելու փոխարեն նրան <<պարտադրվում>> են դավադիր զինադադարի պայմանագրեր 1994 և 2016 թվականներին, ինչը, ըստ էության, վկայություն են Հայաստանի  իշխանությունների շարունակական դավաճանության:

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական միջոցները բավարար չէին արդի հայկական պետականության ամբողջ տարածքը խոցելի դարձնելու համար:

2016 թվականի ապրիլյան պատերազմը աշխարհաքաղաքական հնրավորություն էր ընձեռել հայ ազգին՝ վերականգնելու իր առավելությունը թշնամիների նկատմամբ, սակայն, դավաճան իշխանավորները, ովքեր պայմանավորվել էին հանձնել արցախապատկան հողերը, կրկին կասեցրին ազգային ազատագրական պայքարը:

Այսօր կրկին օրակարգում է արցախապատկան տարածքների հանձնումը թշնամուն: Կրկին այս գործին են լծվել Հայաստանի իշխանությունների անունից հանդես եկող անձինք:

Այս անձանց ցանկը համալրվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցնող Արմեն Սարգսյանով, ով, ի պաշտոնե, իրավունք չունի հանդես գալու Ուղերձներով՝ ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների ոլորտին:

Արմեն Սարգսյանի կողմից նման Ուղեձով հանդես գալը վկայություն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն  չեն բանեցրել դիվանագիտություն, ոչ միայն չեն իրացրել ազգային շահից բխող քաղաքականություն, այլ շարունակում են նախորդների դավաճան գործողությունները:

Արմեն Սարգսյանը նշված Ուղերձով կատարել է գործողություն, որը վերապահված է մեկ այլ պաշտոնատար անձի: Տվյալ դեպքում այդ պաշտոնատար անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը:

Զարհուրելի և խիստ մտահոգության առարկա է հանդիսանում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան իշխանության ներկայացուցիչը  դրսևորել է անգործություն` Բելառուսի Հանրապետությանը բողոք հայտնելու փոխարեն, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին թույլ է տվել կատարել գործողություն, որի համար նա Սահմանադրությամբ և օրենքով լիազորված չէ, և դեռ ավելին, այդպիսի գործողությունով նա թույլ է տվել դավաճանություն, որը սպառնալիք է  ազգային անվտանգությանը:

Արմեն Սարգսյանի կողմից երեխաների հետ պաղպաղակ ուտելը, տիկնոջ հետ թատրոններ հաճախելը, բարեգործական ճաշկերույթներին կոտլետ պատրաստելը ու զանազան միջոցառումներին մասնակցելը դրական երևույթ է, բայց, դա չի կարող քողարկել նրա կողմից կատարած ապօրինությունները:

Հարգելի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամնե՛ր, դուք պարտավոր եք կատարել ստանձնած պարտականությունները: Ձեր լիազորությունների շրջանակը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից:

Հիշեցնենք նաև, որ մեր երկիրը կանգնած է օրհասական պահի առջև  և քաղաքական հարթակում, այսպես կոչված «դաշնակիցների» նկատմամբ, պետք է ցուցաբերել  սուր քննադատությամբ հանդես եկող հստակ դիրքորոշում։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Արմեն Սարգսյանի կողմից կառավարության լիազորությունների յուրացումը և կառավարությանն էլ դատապարտում է անգործության դրսևորման համար»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

Տպել
Ամենաշատ