News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարել «Շմայս» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Այգեկ գյուղի առանձնատանը: ԱԱԾ-ականներն ասել են, որ զենք են փնտրում: Նախնական տեղեկություններով՝ Մովսիսյանի տանն ատրճանակներ եւ հրացաններ են գտել: Սակայն նախկին պատգամավորի կինը պնդում է, որ դրանք օրինական են: Առաքել Մովսիսյանին ԱԱԾ են տարել՝ հարցաքննության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ապրիլի 13-ից 22-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների փաստով  առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով, հիշեցնենք, ապրիլի 22-ին ձերբակալվել էին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաեւ Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի եւ մի շարք այլ անձանց նկատմամբ: Այսօր Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը եւ կարճել քրեական գործով վարույթը: Հիմքը նրանց արարքներում հանցակազմի բացակայություն է:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստն այսօր առաջին անգամ ռեկորդային կարճ է տեւել: Բուռն քննարկումներ եւ բանավեճեր չկային: Վարչապետը նույնպես բավական սակավախոս էր: Շուրջ 20 րոպե տեւած նիստի մեկնարկին Փաշինյանը շնորհավորել է առողջապահության նախարարին: Արսեն Թորոսյանի դիտարկմանը, թե այսօր նաեւ բուժաշխատողների օրն է, վարչապետը հումորով է արձագանքել:

Հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հայտնել է, որ Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը չի ընդունել, եւ նախարարը շարունակելու է աշխատել: Հիշեցնենք, որ կուտակայինի հարցով աղմկահարույց որոշումից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հրաժարական էր ներկայացել: Նա նաեւ «Լուսավոր Հայաստանը» լքելու մասին էր հայտարարել: Այսօր պարզ դարձավ, որ Թանդիլյանը ոչ միայն նախարարի պաշտոնից չի հրաժարվում, այլեւ կուսակցության փոխնախագահի:

Գործադիրի կայացրած կարեւոր որոշումներից մեկը վերաբերում էր «ՎԱԲԱ» ընկերությանը հարկային արտոնություն տալուն: Ընկերությունը նպատակ ունի շուրջ 2.25 միլիարդ դրամի չափով ներդրում կատարել, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102.9 միլիոն դրամ: Մամուլի տեղեկություններով՝ «ՎԱԲԱ»-ն պատկանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Վերջինը, սակայն, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքել է այդ լուրերը:

Իսկ կառավարության նիստից հետո լրագրողները Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին ոստիկանության կողմից օրենքով գողերին եւ քրեական հեղինակություններին բերման ենթարկելու լուրերից: Հիշեցմանը, թե Վլադիմիր Գասպարյանի օրոք Հայաստանում բազմիցս օրենքով գողերը հավաքներ են կազմակերպել, ոստիկանապետն արձագանքել է:

Պետական վերահսկողության ծառայության ղեկավարն էլ անդրադարձել է իրենց կառույցի աշխատանքներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դավիթ Սանասարյանի ղեկավարած մարմինն ուսումնասիրությունները սկսելու է պաշտպանության նախարարությունից: Պաշտոնյայի խոսքով՝ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ այնտեղ կոռուպցիա կա: Լրագրողները հարցրել են նաեւ, արդյո՞ք ստուգումները կառնչվեն նաեւ Մովսես Հակոբյանին, որի ունեցվածքի օրինականությունը մամուլը շարունակ կասկածի տակ է դնում:

Ի տարբերություն նախորդ նիստերի՝ Ազգային անվտանգության ծառայության պետն այսօր լրագրողների հարցերին չի պատասխանել: Սակայն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ փոքրիկ միջադեպ է գրանցվել: Նրան է մոտեցել Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրն ու, կարծես, մեղադրել անգործության մեջ:

Երկրապահ կամավորականների միությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Քննարկել են Մանվել Գրիգորյանին ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնից զրկելու, Միության համագումար եւ ԵԿՄ-ում ներքին աուդիտ անցկացնելու հարցը: Նիստին, ի դեպ, բազմաթիվ նախկին ԵԿՄ-ականներ: Նիստը լրագրողների համար փակ էր, սակայն ավարտին նիստի ընդունած հայտարարությունը հրապարակային են ընթերցել: ԵԿՄ-ականները նաեւ որոշել են նախաձեռնող խումբ ստեղծել եւ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրել:

«Յանս» ռեստորանային համալիրում խուզարկություն է կատարվել. պատճառը ֆինանսական չարաշահումներն են: Դրանք ի հայտ են եկել համալիրում 2017 թվականին կատարված ներքին ստուգումների արդյունքում: Իրավապահների նախնական տվյալներով՝ համալիրի հաշվապահն ու մենեջերը 2012-2017 թվականների ընթացքում յուրացումներ են կատարել:

Ռեստորանային համալիրի, ինչպես նաեւ տնօրենի եւ սեփականատիրոջ բնակավայրերում խուզարկությունների ժամանակ հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ են առգրավվել, նաեւ 2 ատրճանակ եւ մեծ քանակությամբ գումար՝ 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ են հայտնաբերել: Քննիչի որոշմամբ՝ գումարն ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչեւ քննությամբ դրանց ծագումը պարզելը: Որոշ տեղեկություններով՝ «Յանս»-ը կապվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ գեներալ Վաչագան Ղազարյանի հետ:

Հունիսի 21-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, եվրոն՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 555, ռուբլունը՝ 7 դրամ 55 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Հունիսի 22-23-ը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ