News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, որը հուլիսի 2-ին ձերբակալվել էր, գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ քննիչը որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ «Հայաստան» հիմնադրամում ստուգումներ են կատարվում, եւ անհրաժեշտ է խափանման միջոց կիրառել՝ Արա Վարդանյանի կողմից ստուգումներին խոչընդոտելու հնարավոր ռիսկերը բացառելու համար:

«Ի պատիվ ԱԱԾ Քննչական վարչության՝ պետք է ասեմ, որ չնայած միջնորդել էին կալանավորել, սակայն չառարկեցին գրավի կիրառմանը: Սա մեր օրենսդրական բացն է, որ մինչեւ կալանքի միջնորդություն չլինի, ձերբակալվածի նկատմամբ չի կարող գրավ կիրառվել: Այն պարզապես որպես կալանավորման այլընտրանք է կիրառվում»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 214 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն լինելով՝ իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով հիմնադրամի բարի համբավին եւ հեղինակությանը:

Ըստ Սահակյանի՝ մեղադրանքով եւս հիմնավորվել է, որ Արա Վարդանյանը օգտագործելով հիմնադրամի վարկային գծի քարտը՝ 2.5 տարիների ընթացքում շուրջ 130 մլն դրամ գումարն օգտագործել է անկանխիկ փոխանցման եղանակով եւ կանխիկ գումարները մուտքագրել հիմնադրամ:

«Ընդ որում՝ մուտքագրել է ամբողջությամբ: Պետք է ասեմ, որ այս ժամանակահատվածում թյուր կարծիք ձեւավորվեց, որ այդ գումարը հափշտակվել է, բայց հափշտակություն չի եղել, որեւէ գումարի պարտավորություն չկա: Եվ հիմնադրամ գումարները մուտքագրել է պարբերաբար, անկանխիկ եղանակով փոխանցում անելուց հետո, ոչ թե այն բանից հետո, երբ ստուգումներ են եղել»,- ընդգծեց Արա Վարդանյանի պաշտպանը:

Լուսինե Սահակյանը հավելեց նաեւ, որ Արա Վարդանյանի մոտ թյուրըմբռնում է եղել, որ վարկային այդ քարտը կարող է օգտագործել, քանի որ քարտի վրա նաեւ իր անունն է եղել: «Նա չի ընդունում մեղադրանքը: Կարծում եմ՝ նրա գործողություններում հանցակազմ առկա չէ: Չնայած Արա Վարդանյանը քարտն օգտագործելու իրավունք չուներ, ամեն դեպքում, իր գործողություններով հիմնավորում է, որ թյուր կարծիք է ունեցել քարտի օգտագործման հետ կապված: Այլապես կարող էր նոր քարտ բացել եւ դրանով փոխանցումներ կատարել: Կազմակերպության շահը, ի վերջո, չի տուժել»,- եզրափակեց փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։

Տպել
Ամենաշատ