News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների զինվորական ծառայությունից տարկետում տալու որոշումը կայացրել է Սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանի ներկայացմամբ: Այսօր՝ հունվարի 27-ի նիստում կայացված այս որոշումը, փաստորեն, համաձայնեցված չի եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Խնդիրն այն է, որ սույն ֆուտբոլիստները ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ չեն ու երբեւէ չեն եղել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի հետ կապերի պատասխանատուի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանն իր նախաձեռնությամբ NEWS.am-ից էր փորձում պարզել, թե սույն տեղեկատվությունը մեզ որտեղից:

Տեղեկացնենք, որ այդ մասին նշված է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ՝ gov.am կայքում։ Իսկ e-gov.am կայքում զետեղված են այդ որոշման հիմքերը։

Մեր խնդրանքով՝ Տ. Իսրայելյանը պարզաբանեց, որ այդ անուններով ֆուտբոլիստներ նախկինում՝ 2008-2009 թթ. խաղացել են երիտասարդական հավաքականներում՝ Գուրգեն Մելիկսետյանն ու Արթուր Ստեփանյանը՝ մինչեւ 21 տարեկան, իսկ Սերգիյ Օգանիսյանը՝ մինչեւ 19 տարեկան։

Հարցին, թե նրանք ո՞ր թիմում են խաղում՝ Տ. Իսրայելանը պատասխանեց. «Ներկա պահին իմ ձեռքի տակ տեղեկություններ չկան, թեեւ հնարավոր է, որ ֆուտբոլի ֆեդերացիայում նրանց մասին որոշ տվյալներ լինեն»։

Մեր կողմից նշենք, որ սույն ֆուտբոլիստների անունները չկան նաեւ Հայաստանի առաջնության 9 թիմերից որեւէ մեկում՝ ըստ ՀՖՖ կայքի։ Միայն «Իմպուլս» թիմի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն է, որի տվյալները ինչ-որ չափով համընկնում են կառավարության որոշման մեջ նշված անձի տվյալներին։ Այսինքն՝ նա 2008 թ. իսկապես խաղացել է մինչեւ 21 տարեկանների հավաքականում, սակայն ունի այլ ծննդյան ամսաթիվ ու այլ անուն։

Ըստ էության՝ սպորտի եւ երիտասարդության նախարարը պարզապես թյուրիմացության մեջ է գցել կառավարությանը եւ ֆուտբոլի ֆեդերացիային։ Նաեւ պաշտպանության նախարարությանը, որը սովորաբար նման դեպքերում իր դրական եզրակացությունն է տալիս:

Մի բան սակայն այդպես էլ անհասկանալի մնաց՝ ի վերջո ո՞ւմ են տարկետում տվել եւ արդյո՞ք այս ամբողջ պատմության մասին տեղյակ է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ