Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 31-ին հետաձգվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ տնօրեն Վարշամ Ղարիբյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործով տուժողը Ղարիբյանի հորաքրոջ որդին է՝ Հովհաննես Եղիազարյանը, ում միակ մեղքն այն է, որ Վարշամ եւ Մանվել Ղարիբյան եղբայրների վեճում «հանդգնել» էր պաշտպանել Մանվել Ղարիբյանին՝ այսպիսով արժանանալով Հայաստանի գլխավոր դատախազի հովանավորյալ Վարշամի զայրույթին: Վերջինս առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել իր արարքների համար, ավելին Վաղարշապատի քննչական բաժանմունքում չորս անգամ կարճել են նրա դեմ հարուցված քրեական գործը:
Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի համաձայն՝ 2008թ. սեպտեմբերի 23-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում գտնվող իր տան դիմաց, իրեն պատկանող «Աուդի Ա6» մակնիշի 99 ՕՍ 505 պետհամարանիշի ավտոմեքենան կայանելու պահին Հովհաննես Եղիազարյանի վրա է հարձակվել վերջինիս հորաքրոջ որդին` Երեւան քաղաքում գործող «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության նախագահ Վարշամ Ղարիբյանը, ով հարվածներ հասցնելով նրան եւ նստելով ավտոմեքենայի ղեկին, այն վարել է մինչեւ Երեւան քաղաքում գտնվող «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության գործարան: Այնտեղ մի քանի ժամ շարունակ Հ.Եղիազարյանը դաժան ծեծի է ենթարկվել Վ.Ղարիբյանի կողմից, որը զուգորդվել է նրա արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված այլ գործողություններով` Հ.Եղիազարյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի լկտի հայհոյանքներ ուղղելով, վերջինիս հագուստները վրայից հանելով եւ այլն:
Այս ամենից հետո Վ.Ղարիբյանը ստիպել է Հ.Եղիազարյանին գրել ստացական, ըստ որի` իբր ինքը Վ.Ղարիբյանին պարտք է 2 միլիոն դրամ, որի դիմաց պարտավորվում է նրան հանձնել իր «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան: Բացի այդ, Վ.Ղարիբյանի պարտադրմամբ, Հ.Եղիազարյանը գրել է պարտավորագիր, թե իբր Վ.Ղարիբյանին պարտք է 10 մլն դրամ, որը պետք է վերադարձնի մինչեւ 2008թ. նոյեմբերի 29-ը: Ապա Վարշամ Ղարիբյանը քեռորդու գրպանից հանել եւ տիրացել է վերջինիս 120 հազար դրամին, որից 5 հազար դրամը վերադարձրել է` տաքսով տուն հասնելու համար: Բռնության արդյունքում Հ.Եղիազարյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց թվում` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք եւ մինչեւ 2008թ. հոկտեմբերի վերջերը բուժում է ստացել:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ Վարշամ Ղարիբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Քննիչ Պետրոս Բոյաջյանը երեք անգամ կարճել է քրգործը եւ երեք անգամ էլ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, սակայն չորրորդ անգամ դատարանը հաստատել է քննիչ որոշումը, ինչն է պատճառ է դարձել, որ Հովհաննես Եղիազարյանն ու նրա պաշտպանները՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը վերաքննիչ բողոք ներկայացնեն՝ պահանջելով վերսկսել գործի քննությունը: Ի դեպ, ինչպես նշեց պաշտպան Սահակյանը, քննիչի եղբայրն աշխատում է Վարշամ Ղարիբյանին պատկանող գործարանում:
Այսօր՝ հունվարի 31-ին կայացած նիստին դատախազության ներկայացուցիչն ու քննիչը այդպես էլ չէին ներկայացել, թեեւ, ինչպես նշեց դատավոր Արմեն Դանիելյանը, նրանք պատշաճ կերպով ծանուցվել էին դատական նիստի մասին: Դատավորը ստիպված էր դատական նիստը հետաձգել մինչեւ փետրվարի 10-ը, ժամը 11-ը՝ հուսալով, որ քննիչն ու դատախազը ի վերջո կբարեհաճեն ներկայանալ դատական նիստին:
Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ այս գործով շոշափվում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը: Պաշտպանները բազմիցս փորձել են հանդիպել գլխավոր դատախազին եւ նրանից պարզաբանումներ ստանալ, սակայն ապարդյուն: «Նման պայմաններում, երբ կան ակնհայտ ապացույցներ, որ հանցագործություն է կատարվել, քրեական գործը կարճվում է»,- նկատեց պաշտպանն ու հավելեց. «Կան բազմաթիվ դեպքեր, երբ ապօրինի քրեական գործեր են հարուցվում Մանվել Ղարիբյանի եւ նրա մտերիմների դեմ իսկ Վարշամ Ղարիբյանի դեմ հարուցված քրեական գործերը, երբ ինքը կամ իր աշխատակիցներն են տարբեր մարդկանց ծեծի ենթարկել, կարճվում են»:
Լուսինե Սահակյանը նկատեց, որ գլխավոր դատախազի կողմից իր նամակները անպատասխան թողնելը խոսում է, որ Աղվան Հովսեփյանը շահագրգռություն ունի այս գործով, «հովանավորում է Վարշամ Ղարիբյանին»:
Արտակ Եղիազարյան




























