Պակիստանի իշխանությունները երկրի հյուսիսարևմուտքում գտնվող Խայբեր-Փախտունխվա նահանգում արտակարգ դրություն են հայտարարել հակակառավարական ցույցերի և զինյալների հարձակումների պատճառով, հայտնում է AFP-ն՝ հղում անելով երկրի նախագահի աշխատակազմին։

Որոշումն ընդունվել է սահմանադրության անվտանգության հարցերը կարգավորող երկու հոդվածների հիման վրա։ Այն դաշնային կառավարությանը լայն վարչական լիազորություններ է տալիս նահանգում։

Խայբեր-Փախտունխվայում շարունակվում են բանտում գտնվող նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցերը։ Նրա հազարավոր կողմնակիցներ մասնակցում են երթերի՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական գործչին։

Արտակարգ դրության հայտարարումը տեղի է ունենում Պակիստանի հյուսիսարևմուտքում անվտանգության իրավիճակի սրման ֆոնին, որտեղ շարունակում է պահպանվել նաև զինված խմբավորումների սպառնալիքը։

Իմրան Խանը, որը գլխավորել է Պակիստանի կառավարությունը 2018–2022 թվականներին, շարունակում է մնալ երկրի քաղաքական կյանքի առանցքային դեմքերից մեկը։ Նրա կողմնակիցները քաղաքական գործչի հետապնդումը անարդար են համարում և շարունակում են պահանջել նրա ազատ արձակումը։

Նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ չեն ներկայացվում մանրամասներ արտակարգ դրության գործողության ժամկետների և այն կոնկրետ միջոցների մասին, որոնք դաշնային իշխանությունները մտադիր են ձեռնարկել ստացած լիազորությունների շրջանակում։