Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի եռակողմ հանդիպումը Թուրքմենստանում կայացել է նախնական ժամանակացույցից դուրս։ Այդ մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրող Պավել Զարուբինին, հաղորդում է ТАСС-ը։
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ առաջնորդների հանդիպումների ժամանակացույցը փոխվել է Կասպյան էկոլոգիական գագաթնաժողովից հետո անցկացված միջոցառումների ընթացքում։
«Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպում, դրանից անմիջապես հետո՝ ժամանակացույցի փոփոխություն և հանդիպում Իրանի նախագահի հետ, որը պետք է կայանար հաջորդ օրը։ Շատ բան, ինչպես ասում են, փոխվում է տեղում։ Եվ Պուտինի, Ալիևի և Փեզեշքիանի անսպասելի եռակողմ հանդիպում», — ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների ընթացքում երեք նախագահները քննարկել են համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի։
Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասներ չեն ներկայացվել։





























