Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին ծննդյան օրը նշել է հարազատների, մտերիմների և ընկերների նեղ շրջանակում։ Հրավիրված հյուրերի թվում եղել է նաև Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Կրեմլի ներկայացուցչի վկայությամբ, ծննդյան օրը Պուտինը գրեթե տասը միջազգային հեռախոսազրույց է ունեցել, ուստի մտերիմներից շնորհավորանքներ կարողացել է ընդունել միայն երեկոյան։

«Շատ քիչ մարդիկ, շատ քիչ։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ իր ծննդյան օրը Պուտինը ունեցել է գրեթե տասնյակ միջազգային հեռախոսազրույցներ։ Եվ միայն երեկոյան նրա հարազատները, մտերիմները և ընկերները կարողացան շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ»,- ասել է Պեսկովը «Вести» տեղեկատվականին տված մեկնաբանությունում։

Նա նաև հաստատել է, որ հյուրերի թվում եղել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել էր Գերմանիայի նախկին կանցլերի և Ռուսաստանի նախագահի համատեղ լուսանկարը։

Նույն օրը Շրյոդերը այցելել է Մոսկվայի մարզի Օդինցովոյում գտնվող «Գլոբուս» հիպերմարկետ և աշխատանքային հանդիպում ունեցել ընկերության ղեկավարության հետ։