Հյուսիսափայլը լուսավորել է Մեծ Բրիտանիայի երկինքը ուրբաթ և շաբաթ օրերին, իսկ երկրի հարավային շրջանների համար հազվադեպ այս բնական երևույթը կարողացել են դիտել Դևոնի, Հեմփշիրի և Քենթի բնակիչները, հայտնում է The Guardian-ը։

Բրիտանական օդերևութաբանական ծառայության՝ Met Office-ի տվյալներով, պարզ եղանակի դեպքում հյուսիսափայլը կարող է տեսանելի մնալ մինչև երեքշաբթի։ Այն տեսնելու ամենաբարձր հավանականությունը կա Շոտլանդիայում և այլ շրջաններում, որոնք գտնվում են համադրելի երկրամագնիսական լայնություններում։

Հյուսիսափայլը, որը նաև հայտնի է որպես ավրորա բորեալիս, առաջանում է արևային քամու լիցքավորված մասնիկների և Երկրի մթնոլորտի վերին շերտերի գազերի փոխազդեցության արդյունքում։ Բախումների ժամանակ էներգիա է արտազատվում լույսի տեսքով, որն էլ երկնքում ձևավորում է բազմերանգ շերտեր և լուսարձակումներ։

Արևը մշտապես արտանետում է լիցքավորված մասնիկների հոսքեր, որոնք շարժվում են ժամում մոտ 1 մլն մղոն արագությամբ՝ մոտավորապես 1,6 մլն կմ/ժ։ Երբ դրանք հասնում են Երկրին և փոխազդում նրա մագնիսական դաշտի հետ, մասնիկներն ուղղվում են դեպի մագնիսական բևեռներ։ Մթնոլորտի գազերի հետ բախվելիս առաջանում են տարբեր գույների լուսային էֆեկտներ։

Ինչպես պարզաբանել են Met Office-ում, թթվածինը պատասխանատու է հյուսիսափայլի կանաչ երանգների համար, իսկ ավելի մեծ բարձրություններում կարող է ստեղծել հազվադեպ կարմիր լուսարձակում։ Ազոտը երևույթին հաղորդում է կապույտ և մանուշակագույն երանգներ։

Սովորաբար հյուսիսափայլը լավագույնս տեսանելի է Բևեռային շրջանի մոտ և Շոտլանդիայի հյուսիսում։ Սակայն ուժեղ երկրամագնիսական ակտիվությունը կարող է այն նկատելի դարձնել նաև զգալիորեն ավելի հարավում։

Ավելի վաղ մասնագետները նշել էին, որ 2026 թվականը կարող է հատկապես բարենպաստ լինել հյուսիսափայլի դիտարկման համար։ Դա կապված է Արեգակի ակտիվության բարձրացման հետ՝ նրա բնական 11-ամյա ցիկլի շրջանակում։