ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին առաջարկել է մի շարք տնտեսական խթաններ՝ հույս ունենալով հասնել Ուկրաինայի հետ մասնակի հրադադարի։ Քննարկված միջոցների թվում էին Ռուսաստանի պետական ակտիվների ապասառեցումը՝ միլիարդավոր դոլարների չափով, «Լուկօյլ» նավթային ընկերության բաժնեմասերի վաճառքը և Բելառուսին կալիումական պարարտանյութերի արտահանումը վերսկսելու թույլտվությունը, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով գաղտնի բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով, Վաշինգտոնը դիտարկել է սահմանափակ հրադադարի հնարավորությունը՝ կա՛մ էներգետիկ ենթակառուցվածքների, կա՛մ ծովում գործողությունների մասով։ Ենթադրվող տնտեսական զիջումները պետք է խթանեին Մոսկվային՝ համաձայնելու նման պայմանավորվածություններին։
Մասնավորապես, ամերիկացի ներկայացուցիչները կրկին բարձրացրել են Արևմուտքում սառեցված ռուսաստանյան սուվերեն ակտիվների ապասառեցման հարցը։ Խոսքը միլիարդավոր դոլարների մասին էր, որոնք կարող էին վերադարձվել Ռուսաստանին՝ որպես նախնական խթան հրադադարի վերաբերյալ մասնակի համաձայնագիր կնքելու համար։ Նմանատիպ գաղափար քննարկվել էր նաև ավելի վաղ․ այն ժամանակ առաջարկվում էր ապաշրջափակել մինչև 100 միլիարդ դոլար։
Պայմանավորվածությունների մեկ այլ հնարավոր տարր կարող էր դառնալ ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերության ակտիվների մի մասի վաճառքը՝ բազմամիլիարդանոց գումարով։ Թերթի աղբյուրների տվյալներով, գնորդներ կարող էին լինել Մերձավոր Արևելքից ներդրողներ, որոնցից ոմանք գործնական կապեր ունեն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Բացի այդ, ԱՄՆ ներկայացուցիչները վերադարձել են Մոսկվայի դաշնակից Բելառուսին կալիումական պարարտանյութեր արտահանելու թույլտվություն տալու առաջարկին։
Կիևը, պարբերականի տվյալներով, ուղղակիորեն չէր մերժում ամերիկյան նախաձեռնությունները, բայց պնդում էր լրացուցիչ երաշխիքների վրա։ Մասնավորապես, ուկրաինական կողմն առաջարկում էր ռուսաստանյան ակտիվների ապասառեցումը փոխհատուցել Ուկրաինային հայելային վճարումներով կամ ապահովել սպառազինության լրացուցիչ մատակարարումներ հրադադարի խախտման դեպքում։
Սակայն բանակցությունները բեկման չհանգեցրին։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ Մայամիում ամերիկացի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ավարտվել են առանց էական արդյունքների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը նույնպես հայտարարել է, որ բանակցությունների վերսկսում առայժմ չի նախատեսվում։
Այս ֆոնին Թրամփը հայտարարել է ռուսաստանյան դիզելային վառելիքի համար ամերիկյան շուկան բացելու պատրաստակամության մասին և կոշտ քննադատությամբ հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին։ Ամերիկացի առաջնորդը Կիևին մեղադրել է ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների համար՝ հայտարարելով, որ դրանք խորացնում են վառելիքի հետ կապված համաշխարհային խնդիրները, և կոչ է արել Ուկրաինային ընտրել նոր նախագահ։
Զելենսկին, իր հերթին, Վաշինգտոնի որոշումը ռուսաստանյան դիզելային վառելիքի վերաբերյալ թույլ է անվանել և հայտարարել, որ իր թիմն օգտագործվել է որպես ամերիկա-ռուսական պայմանավորվածությունների քողարկում։ Ուկրաինայի նախագահի կարծիքով, Ռուսաստանի արտահանման սահմանափակումների թուլացումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ կբերի՝ պատերազմը շարունակելու համար։
Այսպիսով, Վաշինգտոնի՝ սահմանափակ հրադադարի հասնելու փորձերը ուղեկցվում են Մոսկվային տնտեսական օգուտներ առաջարկելով և Կիևի հետ աճող տարաձայնություններով։ Ընդ որում, Ռուսաստանն առայժմ չի համաձայնել բանակցությունների վերսկսմանը, իսկ նույնիսկ մասնակի հրադադարի հասնելու հեռանկարները մնում են անորոշ։





























