Թուրքիայի արևմտյան հատվածում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 26-ը վնասվածքներ են ստացել։ Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, Մանիսա նահանգի Աքհիսար քաղաքի շրջանում, հայտնում է Amida Haber-ը։

Նախնական տվյալներով, My World Tur զբոսաշրջային ընկերության ավտոբուսը Բուրսայից Իզմիր ուղևորվելիս բախվել է փայտանյութ տեղափոխող բեռնատարին։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Գեբզե — Օրհանգազի — Իզմիր ավտոմայրուղում՝ Աքհիսարի ելքի մոտակայքում։

Հարվածից հետո ավտոբուսը կողաշրջվել է և հայտնվել երթևեկելի մասից դուրս, իսկ բեռնատարը դուրս է եկել ճանապարհից։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ, հրշեջներ, ոստիկանություն և ժանդարմերիա, որոնք զբաղվել են տուժածների փրկարարական աշխատանքներով։

Բախման պատճառները պարզվում են։ Վթարի փաստով քննություն է անցկացվում։