News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գերմանիայի կանցլերը Հայաստանում է: Կարճատեւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Անգելա Մերկելին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Մերկելը Ծիծեռնակաբերդ է այցելել, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Գերմանիայի խորհրդարանը, հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2016 թվականին: Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Մերկելը «ցեղասպանություն» բառը չի օգտագործել: Խոսել է հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած «1915 թվականի սարսափելի իրադարձության մասին», որը չպետք է մոռացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելն առաջին անգամ է Հայաստան այցելում, եւ ուրախությամբ արձանագրել, որ նա արդեն զգացել է Գերմանիայի եւ անձամբ իր հանդեպ Հայաստանում տիրող դրական մթնոլորտը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նաեւ խոսել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, երկկողմ հարաբերությունների զարգացման, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի մասին: Այս համատեքստում Անգելա Մերկելն անդրադարձել է Հայաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հարցին: 

Նիկոլ Փաշինյանը շտապել է փարատել գերմանացի պաշտոնակցի մտահոգությունները. վերջին շրջանում ավելի մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ վերադառնում են, քան մեկնում երկրից: Ռուսաստանի եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում հավասարակշռության մասին հարցին ի պատասխան էլ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է. Երեւանն իր արտաքին քաղաքականությունը հակակշիռների վրա չի կառուցում:

Հավելենք, որ Երեւան այցի ընթացքում Գերմանիայի կանցլերը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ, հասցրել է լինել նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Վաղն արդեն Անգելա Մերկելը Բաքու կմեկնի: Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների օրակարգում կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ըստ ամենայնի, անդրադարձ կլինի վերջերս տեղի ունեցած սկանդալին՝ կապված Մերկելի կուսակցությունից Բունդեսթագի պատգավոր Ալբերտ Վայլերին Բաքվի անցանկալի անձանց ցանկում ընդգրկելու եւ նրա մուտքն Ադրբեջան արգելելու հետ:

«Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ ընկերության բազայի պետին մեղադրանք է առաջադրվել. բռնության գործադրմամբ ինքնիրավչության դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Իրավապահների տվյալներով՝ Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության «Քանաքեռ» բազայի պետ Հովսեփյանի հետ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումների մեջ եւ բռնության գործադրմամբ պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել իր բնակարանը կամ 20.000 դոլար վճարել: Նախկին կոմերցիոն տնօրենը գրավադրել է բնակարանը եւ ընկերությանը 9 մլն 700 հազար դրամ փոխանցել: Բարսեղյանի եւ Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վալերի Օսիպյանի հրամանով՝ Երեւանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից: Գնդապետ Արտակ Պողոսյանը ոստիկանության կադրային ռեզերվ է ուղարկվել: Պողոսյանը, փաստորեն, ոստիկանության Երեւանի վարչությունը ղեկավարեց շուրջ 2 ամիս. նա այս պաշտոնում նշանակվել էր հունիսին: Մինչ այդ Արտակ Պողոսյանը ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալն էր:

ՀՅԴ-ն վերջապես որոշում կայացրեց. մասնակցելու են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: Ընտրել են նաեւ քաղաքապետի թեկնածուին, սակայն դեռ չեն շտապում հայտարարել նրա անունը: Փոխարենը կուսակցության հայաստանյան կառույցում հայտնել են, որ իրենց թիմի կարգախոսն է լինելու «Միասին, հանուն Երեւանի»: Այստեղ վստահ են, որ լուրջ հաջողություններ են  գրանցելու եւ հենց այդ ակնկալիքով էլ մասնակցում են ընտրություններին:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է 11 քաղաքական ուժ: Այսօր այդ մասին հայտնել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը. ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն Մհեր Շահգելդյանն է:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցն ամբողջությամբ կվերականգնվի: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը պատրաստվում է այդ նպատակով շուրջ 1.5 մլրդ դրամ ներդնել, իսկ շինաշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչեւ 2020 թվականը: Օդանավակայանի կառամատույցը չի նորոգվել 1986 թվականից: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը խոստանում է այն համապատասպանեցնել միջազգային ստանդարտներին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել: Արարատ Նիկողոսյանը երեկ երեկոյան ուշագնաց է եղել. ժամանած բժիշկները նրա կենսաբանական մահն են արձանագրել: Նշենք, որ Արարատ Նիկողոսյանը մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ: Գործով դատավարությունը դեռ ընթանում է:

Օգոստոսի 24-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին նորից սկսել են արժեւորվել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 558, ռուբլունը՝ 7 դրամ 12 լումա, ֆունտինը՝ 619 դրամ:

Օգոստոսի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ