News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի եւս մեկ արտահերթ նիստ կգումարվի, այս անգամ նույնպես՝ կառավարության նախաձեռնությամբ: Նիստի օրակարգում կլինեն Քրեական, Քրեական դատավարության եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխությունների եւ լրացումների օրինագծերը:

Գործադիրի այսօրվա նիստի օրակարգում ընդհանուր առմամբ 27 հարց էր ներառված, որից 19-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի: Հարցերից մեկն էլ վերաբերել է Երեւանի 2800-ամյակի միջոցառումներին. կառավարությունը որոշել է դրանք անցկացնել ավելի ուշ՝ սեպտեմբերի վերջի փոխարեն՝ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին: Պատճառը Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթնաժողովն է:

Գործադիրն այսօր նաեւ որոշել է եւս մեկ՝ թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին ստեղծել: Այն կգործի Հրազդան քաղաքում, իսկ կազմակերպիչը «ԷԿՈՍ» ընկերությունն է: Ներկայացված ծրագիրը տպավորիչ է. ընկերությունը նախատեսում է մինչեւ 2043 թվականն այդ տարածքում ներգրավել շուրջ 200 շահագործողի, ստեղծել 22 նոր աշխատատեղ, 4 մլն դոլարի ներդրում կատարել: Մինչեւ 2021 թվականը եւս 15 մլն, իսկ հետագա տարիներին՝ 30 մլն դոլարի ներդրում եւ 300 նոր աշխատատեղ էլ շահագործողների կողմից է ակնկալվում:

Հյուսիսային պողոտայում երեկ միջադեպ է տեղի ունեցել, որը մեծ աղմուկ եւ դժգոհության ալիք է բարձրացրել համացանցում: Մայրաքաղաքի կենտրոնում իրավապահների եւ փողոցային երաժիշտների միջեւ վիճաբանություն է սկսվել, բերման ենթարկվածներ են եղել: Ավելի ուշ պարզվել է, որ նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնց կարճ ժամանակ անց ազատ են արձակել: Սակայն դժգոհության պատճառը երաժիշտներից մեկի նկատմամբ ոստիկանների ակնհայտ կոպիտ վերաբերմունքն է:

Ոստիկանապետը վստահեցնում է՝ խնդիրն արդեն կարգավորվել է: Վալերի Օսիպյանը նաեւ պնդում է, որ բերման ենթարկված երաժիշտներից մեկը ոչ սթափ վիճակում է եղել. ամեն դեպքում՝ իրեն այդպես են զեկուցել: Օսիպյանը նաեւ ասել է՝ Հյուսիսային պողոտայի բնակիչներից բազմաթիվ բողոքներ են ստացել աղմուկից, եւ հորդորել հասկանալ նրանց. անհնար է ամեն օր ժամեր շարունակ դիմանալ այդ աղմուկին, եթե անգամ երաժշտություն է:

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության տեղեկատվության հիմքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եզրակացությունն է: Ուսումնասիրության արդյունքում Ամուլսարի ոսկու հանքավայրի լեռնահատկացման ակտի սահմաններում «Լիդիան Արմենիա»-ի կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր են պարզվել: Շրջակա միջավայրին, ընդերքին եւ օգտակար հանածոներին պատճառված վնասը շուրջ 18 միլիոն դրամ է: Քրեական գործով նախաքննությունն իրականացնելու է քննչական կոմիտեն:

Երեւանում հայտնաբերել են ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեւին Օքսուզին: Նա Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն էր ծավալում: Օքսուզի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել օգոստոսի 23-ին: Քեւին Օքսուզն ԱՄՆ-ում հասարակական կազմակերպության նախագահ է եղել, 2013 թվականին կազմակերպել է մի քանի կոնգրեսականների մասնավոր այցը Թուրքիա եւ Ադրբեջան: ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից, որին Օքսուզը կեղծ տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ կազմակերպությունը ուղղակի կամ անուղղակի որեւէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել: Սակայն պարզվել է, որ Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը ֆինանսավորում է ստացել մի քանի աղբյուրներից, այդ թվում՝ Ադրբեջանի պետական «Սոկար» ընկերությունից: Բացի այդ՝ 9 կոնգրեսականներ եւ Կոնգրեսի 32 աշխատակիցներ հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ են ստացել: Քեւին Օքսուզը ձերբակալված է:

Ադրբեջանի իշխանությունները որոշել են միջազգային հետախուզում հայտարարել ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Դենն ընտանիքի հետ Հայաստան է եկել, հայկական անձնագիր ստացել, հասցրել է լինել նաեւ Արցախում: Հենց սա էլ հետախուզում հայտարարելու պատճառ է դարձել: Ադրբեջանական մամուլում դժգոհություն են արտահայտել նաեւ այն կապակցությամբ, որ Դեն եւ Ադամ Բիլզերյանները, Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո, հաշվառման են կանգնել հայկական Զինված ուժերում. թեեւ սա օրենքով սահմանված պահանջ է հայկական անձնագիր ստացող արական սեռի բոլոր քաղաքացիների համար:

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը. նա 81 տարեկան էր: Հուլիսի 20-ին Կոբզոնի վիճակը կտրուկ վատթարացել է, նրան գաղտնի հոսպիտալացրել են. այդ մասին տեղեկությունները մամուլում միայն մի քանի օր անց են հայտնվել: Երգչի օրգանները սկսել են չգործել, նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Հիվանդությունները Կոբզոնին վաղուց էին հետապնդում: Նրա մոտ քաղցկեղ էին ախտորոշել դեռեւս 13 տարի առաջ: Հենց այս հիվանդության զարգացումն էլ Կոբզոնի մահվան պատճառ է դարձել: Իոսիֆ Կոբզոնը համերգներով հանդես է եկել ավելի քան կես դար: Նա նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին:

Սյունիքի մարզում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել. վթարի զոհերից մեկը զինծառայող է: Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են «FAW» եւ «ՎԱԶ-2106» մակնիշների մեքենաները: Վերջինի վարորդը եւ ուղեւորը՝ 55-ամյա Վարդան Հակոբյանն ու 36-ամյա Մարտին Անտոնյանը, տեղում մահացել են: Մյուս մեքենայի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել: Փրկարարները «ՎԱԶ-2106»-ից մահացածների դիերը դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ: Զոհվածներից Մարտին Անտոնյանը պայմանագրային զինծառայող էր:

Օգոստոսի 30-ին դոլարը, եվրոն եւ ֆունտը թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 7 դրամ 09 լումա, ֆունտինը՝ 628 դրամ:

Օգոստոսի 31-ին երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ