Արտաքսված հայ կնոջ երեխաները` Լիլին եւ Հովիկը, որոնք թաքնվում էին Նիդերլանդների իշխանություններից, երկուշաբթի երեկոյան կրկին հայտնվել են: Այս մասին հայտնում է dutchnews.nl հոլանդական լրատվական կայքը:
Երեխաների կողմնակիցները հույս ունեն, որ արդարադատության երիտասարդ նախարար Մարկ Հարբերսը կկիրառի նման դեպքերում իր հայեցողությամբ որոշում կայացնելու իրավունքը: Սակայն նա բազմիցս նշել է, որ չի պատրաստվում դա անել, քանի որ երեխաներին Հայաստանում ոչինչ չի սպառնում:
Volkskrant-ը հայտնաբերել է եւս երեք դեպք, երբ իրենց կյանքի մեծ մասը Նիդերլանդներում անցկացրած երիտասարերին արտաքսման վտանգ էր սպառնում: Դրանցից մեկի հետեւանքով հաջորդ կառավարությունը համաներման համակարգ է որդեգրել փախստական երեխաների համար, ովքեր 5 տարուց ավել են ապրել Նիդերլանդներում: Սակայն Հովիկն ու Լիլին չեն համապատասխանում համաներման պահանջներին, քանի որ նրանց մայրը չի հետեւել արտաքսման պայմաններին, ինչն էլ ընդունման գլխավոր նախապայմաններից է:
Հիշեցնենք, որ Արմինե Համբարձումյանին Հայաստան էին արտաքսել փախստականների կենտրոնից։ Երբ Արմինեին գտել են, երեխաները տանը չեն եղել, իսկ թե որտեղ են, մայրը հրաժարվել է ասել։ Մեկ շաբաթ անց նրանց գտել են Նիդերլանդներում։ Արմինեն արդեն արտաքսվել էր Հայաստան։





























