News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Ֆրանսիայում է: Երեկ Փարիզ ժամանելուն պես վարչապետը գնացել է «Երեւանի պուրակ», ծաղկեպսակ զետեղել Կոմիտասի արձանի մոտ, հետո հանդիպել Ֆրանսիայի հայ համայնքի եւ երկրի քաղաքական, հասարակական գործիչների հետ: Հայաստանի անկախության տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին Երախտագիտության մեդալ է շնորհել:

Այսօր արդեն Փաշինյանն աշխատանքային օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպմամբ, որից հետո Ելիսեյան պալատում նրան ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Կառավարության այսօրվա նիստը Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Իսկ գործադիրի օրակարգում 21 հարց էր ներառված, որից 13-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Չզեկուցվողների շարքում էր նաեւ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու հարցը: Այս գործընթացի համար կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 33.292 մլն դրամ կհատկացվի՝ աշխատավարձերի եւ այլ վճարումների համար:

Ծառեր եւ թփեր կտրելու համար այսուհետ նաեւ կարող է բանտարկություն սպառնալ: Գործադիրը հավանություն է տվել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի օրինագիծը, որը ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատման համար պատժի խստացում է նախատեսում, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկմամբ: Օրենքի նախագիծն Ազգային ժողով կուղարկվի:

Կառավարությունը հաստատել է նաեւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ տրամադրվող նպաստի չափը. 50 հազարի փոխարեն այսուհետ երկրորդ երեխայի համար 150 հազար դրամ կտրամադրվի: Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 1-ից:

Իրավապահներն «օլիգարխների թիկնապահներին ասֆալտին փռում» են ոչ թե շոուի համար, այլ անվտանգությունից ելնելով: Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է՝ նման քայլի դիմում են, երբ զենքի մասին տվյալներ են ստանում: Իսկ գործարարներ Սամվել Ալեքսանյանի եւ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին, Օսիպյանի հավաստմամբ, ստուգել են ոչ թե զենքի, այլ շարասյունով երթեւեկելու համար: Այս անգամ նույնպես ոստիկանապետը վկայակոչել է քաղաքացիներից ստացած բողոքները:

Ամեն դեպքում, Վալերի Օսիպյանը չի պատրաստվում ներողություն խնդրել օլիգարխների այն թիկնապահներից, որոնց մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել։ Ոստիկանապետը նաեւ հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք ճիշտ է համարում, որ վարչապետը հրահանգներ է տալիս հանրահավաքի հարթակից. ասել է՝ իր վերադասի գործողությունները մեկնաբանելու իրավասություն չունի, վարչապետի կողմից անօրինական հանձնարարականներ էլ չի տեսել»։

Սեպտեմբերի 17-22-ն Ադրբեջանը կրկին լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու: Տեղական մամուլը հաղորդում է, որ դրանց ավելի քան 20 հազր զինծառայող է մասնակցելու, 200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, կործանիչներ, ռմբակոծիչներ, ռազմական ավիացիա: Ընդ որում՝ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ այս անգամ կոնկրետ հակառակորդ է նշված՝ Հայաստանը, իսկ նախկինում օգտագործվում էր «պայմանական հակառակորդ» եզրույթը:

Պաշտոնական Երեւանն արձագանքել է զորավարժություններին՝ նշելով, որ Բաքուն հերթական անգամ խախտել է միջազգային պարտավորությունները. դարձյալ ԵԱՀԿ անդամ երկրներին չի տեղեկացրել խոշոր զորավարժության մասին:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նախօրեին կեսօրից հետո «Մուրացան» բուժկենտրոն է տեղափոխվել 12 երեխա. բժիշկներին ասել են՝ իրենց ինքնազգացողությունն անսպասելի վատացել է: Բոլորը Տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներ են, 16-18 տարեկան: Պարզվել է, որ թունավորվել են շմոլ գազից, քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

«Ֆլորենս» փոթորիկը հասել է ամերիկյան Հյուսիսային եւ Հարավային Քարոլինա նահանգների ափերին: Քամու արագությունը 160 կմ/ժ է: Տեղատարափ անձրեւների հետեւանքով ջրհեղեղի վտանգ կա: Չնայած վերջին օրերին փոթորիկը թուլացել է՝ չորրորդից հասնելով առաջին կարգի, սակայն, մասնագետների կարծիքով, «Ֆլորենսը» մնում է վերջին տարիների ամենավտանգավոր փոթորիկներից մեկը:

ԱՄՆ-ի արեւելյան ափամերձ շրջաններում տասնյակ հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել: Իշխանությունները նախազգուշացրել են, որ աղետալի հեղեղումների վտանգ կա, ինչը կարող է զոհերի պատճառ դառնալ: Հյուսիսային եւ Հարավային Քարոլինաներում արտակարգ դրություն է հայտարարվել:

Սեպտեմբերի 14-ին դոլարն էժանացել է, եվրոն թանկացել է շուրջ 4 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 7 դրամ 8 լումա, ֆունտինը՝ 636 դրամ:

Սեպտեմբերի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ