ՀԱՊԿ երկրների առաջնորդները մինչեւ 2019 թվականը չեն ընտրի կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին RBK-ին հայտնել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում:

«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու: Օրակարգը ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին»,-ասել է Գասպարյանը:

Ավելին, նա հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակներում հանդիպում չի նախատեսված մինչեւ դեկտեմբերի 31-ը, ուստի կառույցի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի չի լինի մինչեւ Նոր տարի:

Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու իրավունքը Հայաստանինն է: Նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՀՀ իշխանությունները հետ են կանչել նոյեմբերին: Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելը: