News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։  Մոսկվայում նա կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանն ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Ռուսաստանը մտադիր է թանկացնել գազը սահմանին։ Օրերս Փաշինյանն ասել էր՝ գազի գինը քննարկումների օրակարգում է, սակայն  թանկացման լուրը չէր հաստատել։

Արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաները գեներալ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով։ Դեկտեմբերի 21–ին դատարանը նրան 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել։ 

Լուրը տարածվելուն պես մի խումբ քաղաքացիներ փակեցին Երևան–Էջմիածին ճանապարհը, որպեսզի Մանվել Գրիգորյանին թույլ չտան մտնել քաղաք։

Շաբաթ օրը երեկոյան ցուցարարները Երևանում հանդիպեցին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, որը նրանց համոզեց ճանապարհը չփակել՝ թույլ տալով, որ դատական մարմինները զբաղվեն գործով։ Օսիպյանը նաև տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանն իր առանձնատանն է, որը 24–ժամյա հսկողության տակ է։

Այսօր բողոքի ակցիան շարունակվեց Երևանում՝ Գլխավոր դատախազության մոտ։ Ցուցարարների հետ հանդիպեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա վստահեցրեց, որ դատախազությունը նույնպես դժգոհ է դատարանի որոշումից և բողոքարկելու է այն։ Բացի դրանից, դատախազը չբացառեց, որ Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը կլրացվի։Արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է որոշումը։ 

Այսօր լրագրողներին հանդիպել է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, տեղեկացրել, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ, նախօրեին նրա համար շտապօգնություն են կանչել։ Փաստաբանն անհեթեթ է համարում վարույթն իրականացնող մարմնի այն պնդումները, թե Մանվել Գրիգորյանը ազատության մեջ կարող է լքել Հայաստանը և տեղափոխվել Արցախ։

Փաստաբանը հերքել է այն տեղեկությունները, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է Մարտի 1–ի գործով ցուցմունք տալու դիմաց։

Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է աղմուկ հանած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:

Ըստ այդմ՝ մշակույթի եւ սպորտի նախարարությունները միանում են կրթության նախարարությանը, Սփյուռքի նախարարությունը վերացվում է, դրա գործառույթները իրականացնելու էարտգործնախարարությունը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դառնում է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, Էներգետիկայի նախարարությունը միանում է տարածքային կառավարման նախարարությանը, գյուղատնտեսությունն էլ՝ տնտեսական զարգացման նախարարությանը։ Ընդ որում, Արփինե Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել նման փոփոխությունների արդյունավետությունը։

Նախագիծը դժգոհության ալիք է բարձրացրել օպտիմալացման ենթակա գերատեսչություններում, որտեղ սպասվում են կրճատումներ։ Արդեն երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է,  որ եթե այս տեսքով նախագիծը բերվի խորհրդարան, իրենք դեմ են քվեարկելու։

«Ժամանակ» օրաթերթը հաշվել է՝ նախարարությունների կրճատման, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների փակման, ավելորդ մանկավարժների կրճատման արդյունքում մոտավոր հաշվարկներով գործազուրկ կարող է դառնալ 50-55 հազար պետական աշխատող։

Հայաստանի քաղաքական դաշտում նոր խաղացող է հայտնվում։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը դիրքավորվելու է որպես աջակենտրոնազգային-առաջադիմական ուժ, գործելու է ընդդիմադիր դաշտում, առաջնային են լինելու Հայաստանի անվտանգության խնդիրները, պայքարելու են Արցախը Հայաստանին միացնելու համար։ 

Տավուշի մարզում  ողբերգություն է տեղի ունեցել։ Բերդ քաղաքի տներից մեկում սպանված են գտել 87–ամյամորն ու 57–ամյա որդուն։ Նրանց սպանել են սուր կտրող–ծակող գործիքով՝ կտրելով պարանոցը: Իրավապահները փնտրում են սպանությունը կատարողին։

Վերջին շրջանում երկրում կտրուկ աճել է հանցագործությունների թիվը։ Խոսքը հատկապես բնակարանային գողությունների, գրպանահատությունների, ավտոմեքենաների թալանի մասին է։  Նման աճի պատճառ կարող է լինել նաև համաներումը, որի արդյունքում հարյուրավոր կալանավորներ են հայտնվել ազատության մեջ։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել և հրահանգել ավելի արդյունավետ աշխատել հատկապես բնակարանային գողությունները կանխելուև բացահայտելու ուղղությամբ։ Օսիպյանը հանձնարարել է նաև ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։

Ի դեպ, վերջին օրերին բազմաթիվ օգտատերեր լուսանկարներ են հրապարակել բակերում կայանվող մեքենաների գիշերային թալանից։

Անհայտ անձինք վնասել են  Վանաձոր–Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը:«Իմ քայլը» անունով քանդակը խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից սկսած քայլարշավը: Անհետացել է արձանի գլուխը, ավելի վաղ կոտրել էին արձանի ոտքը:

Հայաստանում վերջին 2 շաբաթներին գրանցվել է «խոզի գրիպի»10 դեպք։ Հիվանդների մեծմասը երեխաներ են, որոնք, սակայն, հիվանդությունը բավականին թեթեւ են տարել եւ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել: Այն հանդիպում է բոլոր տարիքի մարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում: Շարունակում է աճել նաև գրիպով հիվանդացությունը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այժմ հիվանդացությունը մոտ մեկուկես անգամ բարձր է: 

Ամանորին ընդառաջ կտրուկ ցրտելու է։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝   հանրապետության ողջ տարածքը դեկտեմբերի 27-ից կլինի հզոր ցիկլոնի ազդեցության տակ, սպասվում է ձյուն։ Ջերմաստիճանը 13-15 աստիճանով կնվազի։

Դոլարն ու եվրոնմի փոքր էժանացել են։ Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 24-ին կազմել է 484, եվրոյինը՝ 551, բրիտանական ֆունտինը՝ 612, ռուսական ռուբլունը՝ 7.08 դրամ։

Դեկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -2-4, իսկ վաղը ցերեկը՝ +3+5 տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ