Հունվարի 1-ին հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի գործով դեռ ոչ մի նորություն չկա։ NEWS.am-ի հետ զրույցում Էդգարի մայրը՝ Ալինա Սարգսյանը, ասաց, որ որոշ ժամանակ անց նորություն չլինելու դեպքում կդիմի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Դեռ ոչ մի նոր բան չկա, չգիտեմ՝ ինչի է էսքան ձգձգվում։ Հույսս էլ է արդեն կտրվել, որ ինչ-որ բան կփոխվի։ Արդեն 2 ամիս է անցել ու ոչ մի բան, ինչպե՞ս է հնարավոր։ Որոշ ժամանակ անց կդիմեմ վարչապետին, կհարցնեմ՝ ինչքան պետք է այսպես շարունակվի, ինչքան պետք է ես լռեմ, սպասեմ, ինչի 9 հոգուց ոչ մեկ չի պատմում, ինչու են բոլորը լռում, իրենց ձեռք չի՞ տալիս, որ սենց լռում են։ Ոնց կարող են էդ մարդիկ մի սենյակում կատարված բանը չիմանան»,- ասաց Էդգարի մայրը՝ նշելով, որ կասկածի տեղիք տալիս նաեւ այն, որ սկզբում մի բան են ասել, հետո՝ մեկ այլ բան։
Տիկին Ալինան ասաց, որ ինքը խոսել է գործով քննիչի հետ, նա էլ հորդորել է սպասել. «Ես գիտեմ, որ դա իմ տղան չի արել, դա բացառվում է»։
Մահացած զինծառայողի մայրը հավելեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն էլ դեռ չեն ստացել։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
Պնախարար Դավիթ Տոնոյանն հայտարարել էր, որ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ տեղեկատվություն, և դա չի արել տարիներ շարունակ:
«Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչի հետ է կապված եղել, որովհետեւ հաշվի առնելով, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- հավելել էր նա:
ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Նշենք, որ Էդգար Գրիգորյանը 5 ամսվա պայմանագրային զինծառայող էր, ընտանիքի միակ տղան, 3 անչափահաս երեխաների հայր:





























