Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեններ Գիլերմո Տոլոսան եւ Սերգեյ Կապինոսն այսօր՝ մարտի 11-ին Երեւանում բանավիճեցին Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների շուրջ։ Քննարկումը կազմակերպել էր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը։
Գ. Տոլոսան իր ներածական խոսքում բավական մանրամասն ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակի փոփոխությունները՝ անդրադառնալով նաեւ մինչճգնաժամային տարիների զարգացումներին։ «Շատերը կարծում էին, որ 2000-ական թվականների տնտեսական աճը փուչիկ էր՝ հիմնված շինարարության վրա։ Բայց մենք արձանագրում էինք նաեւ այլ գործոններ, որ տնտեսական աճ ապահովեցին; Հայաստանը աստիճանաբար բարելավում էր իր վարկանիշները միջազգային մրցունակության վարկանիշներում»,- ասաց ԱՄՀ ներկայացուցիչը;
Անդրադառնալով ճգնաժամի ազդեցություններին՝ Գ. Տոլոսան հայտարարեց, որ ճգնաժամը չօգնեց Հայաստանին՝ դառնալ ավելի մրցունակ, իսկ հայկական արտահանվող ապրանքները թանկացել են 50 տոկոսով։
Գ. Տոլոսայի ելույթից հետո Ս. Կապինոսը հարցրեց, թե ո՞րն է Հայաստանի հիմնական խնդիրների արմատը։
Ի պատասխան Գ. Տոլոսան ասաց, որ 2 տիպի խնդիր է տեսնում՝ կառուցվածքային, որ Հայաստանն ուներ մինչ այդ էլ, եւ ինքնըստինքյան առաջացած խնդիրներ։ «Բիզնես միջավայրի դանդաղ բարելավումն իր էական ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա»,-հայտարարեց Գ. Տոլոսան։
Սակայն այս պատասխանները ակնհայտորեն Ս. Կապինոսին չբավարարեցին, ուստի նա երկրորդ անգամ հարցրեց՝ այնուամենայնիվ ո՞րն է արմատների արմատը։ Նիստին ներկա արտասահմանցի հյուրերից մեկն էլ հավելեց, որ գուցեեւ Հայաստանի խնդիրը ժողովրդավարության պակասի՞ մեջ է, կամ գուցեւ խորհրդային համակարգերից չհրաժարվելո՞ւ մեջ։
Տոլոսան մի փոքր դժվարացավ պատասխանելիս՝ ակնհայտորեն նրա պաշտոնական դիրքը թույլ չէր տալիս կտրուկ գնահատականներ հնչեցնել։
ԱՄՀ ներկայացուցիչն, այնուամենայնիվ, ասաց, որ Հայաստանն ավելի կշահի, եթե հարստությունն ավելի հավասարաչափ բաշխվի, այլ ոչ թե կուտակվի փոքրաթիվ մարդկանց ձեռքում։
Դրանից հետո Ս. Կապինոսը որոշեց ինքն էլ պատասխանել իր բարձրացրած հարցերին։ «Այս խնդիրները գալիս են այն համակարգից, որ ձեւավորվեց 90-ական թվականներին՝ օլիգոպոլիկ համակարգից»,- ասաց Ս. Կապինոսը; Նրա հետագա դատողությունները փոքր-ինչ «հեղափոխական» շունչ ունեին։ Այսպես՝ ըստ Կապինոսի՝ հազիվ թե օլիգոպոլիաները ինքնըստինքյան վերանան, դրա համար արտաքին միջամտություն է հարկավոր։ Իսկ ներկայումս ձեւավորված է մի համակարգ, որը Հայաստանին կախվածության մեջ է դնում տրանսֆերտներից ու ներմուծումներից։ Նրա եզրակացությունը միանշանակ էր՝ միայն այն ծրագրերը կփոխեն երկիրը, որոնք կառավարման համակարգային փոփոխություններ կառաջացնեն։
Սակայն ԱՄՀ ներկայացուցչին հեղափոխական այս կոչերը ակնհայտորեն դուր չեկան։ Գ. Տոլոսան հայտարարեց, որ Կապինոսից ավելի լավատես է, իսկ Հայաստանում հեղափոխություն անելու կարիք չկա; «ԱՄՀ-ն աջակցում է այն ծրագրերին, որոնք էվոլյուցիոն ճանապարհով կբերեն լուրջ արդյունքների»,- ասաց Գ. Տոլոսան, եւ հիշեցրեց, որ ԱՄՆ-ում 1900-ական թվականներին կոռուպցիան ավելի պակաս տարածված չէր, քան ներկայումս Հայաստանում։





























