Ճապոնիայի նոր կայսրն է դարձել Նարուհիտոն, նրա թագադրման արարողությունն ավարտվել է Տոկիոյում կայսերական պալատում: Այս իրադարձությունը հեռարձակվել է երկրի հիմնական հեռուստաալիքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկ օր առաջ արարողություն էր տեղի ունեցել, որի ժամանակ գահը լքել էր կայսր Ակիհիտոն: Կեսգիշերին ավարտվել է նրա կառավարման Հեյսեյ դարաշրջանը եւ սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն եւ ներդաշնակություն»:

Մայիսի 1-ին «Սեյդեն Մացու-նոմա» դահլիճում անցկացվող արարողությանը մասնակցել է 24 մարդ, ներառյալ երկրի վարչապետ Սինձո Աբեն եւ նախարարներ: Նարուհիտոն դահլիճ է մտել կայսերական ընտանիքի անդամների հետ: Նա բարձրացել է սպիտակ գործվածքով ծածկված պատվանդանի վրա, որի վրա դրված էր գահը: Նրա աջ կողմում կանգնել է կրտսեր եղբայրը՝ արքայազն Ակիսինոն, որը հիմա գահակալման հերթում առաջինն է:

Այնուհետեւ դահլիճ են բերել եւ հատուկ պատվանդանի վրա դրել Երեք սրբազան գանձերից երկուսը՝ հասպիսե մագատամա զարդը եւ Կուսանագի-նո-ցուրուգի թուրը: Այնուհետեւ սպասավորները ներս են բերել եւ պատվանդանների վրա դրել Կայսերական կնիքը եւ Ճապոնիայի Պետության կնիքը:

Դրանից հետո պալատականները պատվանդաններից վերցրել են կայսերական տարբերանշանները, իսկ Նարուհիտոն կայսերական ընտանիքի անդամների հետ դահլիճից հեռացել է:

Ժողովրդին ուղղած իր առաջին ուղերձում Նարուհիտոն երդվել է միշտ նրանց հետ միասին լինել եւ նրա խորհրդանիշ ծառայել: «Ես մաղթում եմ ճապոնացի ժողովրդին երջանկություն եւ Ճապոնիայի հետագա բարգավաճում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհին խաղաղություն»,- հավելել է միապետը:

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն՝ Նարուհիտոյի հայրը, 2016 թվականին հասկացրել էր, որ ցանկանում է գահը փոխանցել գահաժառանգին: Սակայն կայսերական տան մասին օրենքը եւ երկրի սահմանադրությունը գահի ժառանգումը նախատեսում են միայն գործող կայսեր մահվանից հետո: Գրեթե 3 տարի պահանջվեց, որպեսզի փորձագետները եւ օրենսդիրները կարողանան այս մտադրության իրականացման համար իրավաբանական հիմք ստեղծել: