News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանը։

Պաշտպանի խոսքով՝  Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում, բաժնի պետի ներկայությամբ իր պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խոշտանգել նրան, ինչի արդյունքում արդեն ՔԿՀ–ում Մխիթարյանն ինքնավնասում է կատարել։

«Աբովյանի ոստիկանապետի ներկայությամբ իմ պաշտպանյալին հայտնել են, որ ինքը պետք է գրի, որ դեպքը կատարվել է ազատանցի Պետոյի պատվերով, ասել են, որ եթե այդպես գրի, իրեն կտան 1.500.000 ԱՄՆ դոլար, ապա իրեն եւ ընտանիքի անդամներին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ իրենք անհոգ կապրեն:

Երբ պաշտպանյալս հայտնել է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, ազատանցի Պետո չի ճանաչում, ինչպե՞ս այդպես գրի, պետի հրահանգով սկսել են իրեն խոշտանգել, մասնավորապես՝ իր ձեռնաշղթաների դիրքը փոխել են, երկու ձեռքերը մեջքի հետեւում ձեռնաշղթայով միացված վիճակում սկսել են հարվածել նրան, սրբիչը փաթաթել են վզին եւ սեղմել, որի արդյունքում պաշտպանյալս ֆիզիկական ուժեղ ցավ է զգացել: Այնուհետեւ հարվածներ են հասցրել պաշտպանյալիս մարմնի տարբեր հատվածներին, հաստ գրքով ուժգին հարվածել են պաշտպանյալիս գլխին»,–պատմեց փաստաբանը։

Գայանե Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանները իր պաշտպանյալին հայտնել են, որ նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում։

«Սկսել են նաեւ սպառնալիքներ հնչեցնել, թե՝ «կտեսնես Մելոն ինչ կանի քո ու ընտանիքիդ անդամների գլխին», ինչից պաշտպանյալս լուրջ մտավախություն ունի, որ իրոք կարող են իր ընտանիքի անդամներին եւ իրեն վնասել:

Արդյունքում սպառնալիքներից պաշտպանյալիս առողջական վիճակն ավելի է վատթարացել: Իրեն անելանելի վիճակում զգալով՝ ՔԿՀ-ում մի քանի անգամ ինքնավնասումներ է կատարել՝ ցանկանալով վերջ տալ կյանքին»,–պատմեց պաշպանը։

Այսպիսով փաստաբանը գլխավոր դատախազին խնդրել է՝ հանձնարարել վերը նշված փաստերի արդյունքում հարուցել քրեական գործ՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մխիթարյանի  եւ իր ընտանիքի անդամների հասցեին իրավապահ մարմինների կողմից հնչեցվել են սպառնալիքներ, պաշտպանը խնդրել է անվտանգության միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար պաշտպանյալիի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը:

NEWS.am–ի հետ զրույցում գործով մեղադրյալ Պետրոս Էլբակյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ ոստիկանական բաժնում ճնշումներ են գործադրվել նաեւ իր պաշտպանյալի նկատմամբ։

Նա նշեց, որ Էլբակյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ նրա անմեղությունը հաստատող փաստեր կան։

Պաշտպանի խոսքով՝ իրավապահների գործողությունների արդյունքում հնարավոր է գործով տուժող Մելիք Մանուկյանը փորձի հաշվեհարդար տեսնել գործով մեղադրյալների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը։

 Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ