News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետական մարմիններն իրենց ձևակերպումներում  չպետք է ձևավորեն այնպիսի  ընկալում, որ տպավորություն ստեղծվի, որ նրանք ճնշում են գործադրում դատարանների նկատմամբ կամ պարտադրում են իրենց դիրքորոշումը դատարանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման վերաբերյալ դատախազության մեկնաբանությանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 9–ին, դատախազությունը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, դիրքորոշում էր հայտնել, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան։

«Ցանկացած կողմի հայտնած իրավական դիրքորոշում լսելիս, պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ մենք գործ ունենք գործի ելքով շահագրգռված կողմի դիրքորոշման հետ։ Սակայն, անկախ նրանից, որ դատախազության դիրքորոշումն, ըստ էության հաջորդել է պաշտպանության կողմի տեսակետին և այն կարելի է ընկալել, որպես դրան ուղղված  պատասխան, այնուամենայնիվ պետական մարմիններն իրենց ձևակերպումներում  ավելի մեծ պատասխանատվություն ունեն թույլ չտալու, որ ձևավորվի այնպիսի  ընկալում, իբր նրանք ճնշում են գործադրում դատարանների նկատմամբ կամ պարտադրում են իրենց դիրքորոշումը դատարանին»,–ասաց Մելիքյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ դատախազության ներկայացրած շատ դատողություններ վիճելի են կամ ոչ ընդունելի։

Ըստ նրա՝ առաջին դեպքը չէ, երբ Սահմանադրական դատարանի որոշումները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս.

«Իմ պատկերացմամբ՝ ՍԴ որոշման հեղինակները փորձել են հնարավորինս մատչելի դարձնել այն, սակայն չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք  խորը մասնագիտական երևույթի հետ. դատարանի քննարկման առարկան է դարձել անձեռնմխելիության ինստիտուտը և ամենևին էլ տարօրինակ չէ, որ տարբեր կողմեր իրենց համար ընդունելի հատվածներ են որպես փաստարկ ներկայացնում հանրությանը»,–ասաց նա։

Մելիքյանի խոսքով՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՍԴ–ն քաղաքացու դիմումի  հիման վրա հակասահմանադրական է ճանաչել կոնկրետ իրավակարգավորման բացակայությունը։

«Իմ կարծիքով քրեական իրավունքում, եթե կա օրենքի որակի հետ կապված խոտան, ապա այն մեկնաբանելիս, պետք է ավելի մեծ կշիռ տրվի քաղաքացու իրավունքներին»։

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են։ Նրա խոսքով՝  առաջին ատյանի դատարանը պետք է ՍԴ որոշմամբ սահմանված չափանիշները փորձի կիրառել կոնկրետ գործով։

«Ես այն կարծիքին եմ, որ  դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործի վարույթ ընդունելիս պետք է ի սկզբանե քննարկման առարկա դարձներ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Իսկ Սահմանադրական դատարանի որոշումն էլ լրացուցիչ գործոն է և ավելի է մեծացնում այս հարց հնարավորինս արագ քննելու հնարավորությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի և ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ