News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մի շարք նախարարություններ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանը չեն շտապում գնել հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի «Արցախի հոգեւոր գանձերը»՝ չնայած նախնական համաձայնության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիմ Բակշիի վստահված անձ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ գրքի տարածման եւ իրացման հարցը մտահոգել է նաեւ գրողին: «2013 թվականին ռուսերենով, իսկ 2015 թվականին հայերենով հրապարակվել է նրա վերջին՝ «Արցախի հոգեւոր գանձերը» գիրքը, որը հայրենասիրական եւ քաղաքական նշանակություն ունի: 2007 թվականին գրքի նյութերի հավաքման համար Արցախի բյուջեից հատկացվել է 8 հազար դոլար, հեղինակը մեկնել է Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ: Ավելի ուշ գրողը հիվանդացել է ծանր օնկոլոգիական հիվանդությամբ եւ 2009 թվականին վիրահատվել է, նա շարունակել է աշխատել գրքի վրա, քանի որ կարծել է, որ «իրավունք չունի մահանալ՝ չավարտելով աշխատանքը»: 2012 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրան Պատվո շքանշան է շնորհել»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանը նշեց, որ 2016-2017 թվականներին մշակույթի, կրթության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները ամրագրել են նրա 250 գիրք, ինչը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նախկին վարչակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գործունեության արդյունքն են: Ենթադրվում էր, որ գրքերը կամրագրվեն նաեւ ՀՀ ԱԳՆ-ի կողմից արտասահմանում դեսպանությունների համար եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից գրադարանների եւ դպրոցների համար: 

«Ցավոք, առաջարկվող 100 գրքերից ԱԳՆ-ն արտասահման է ուղարկել ընդամենը 19-ը, իսկ ներկայում նախարարությունում գտնվում է 33 գիրք, որոնք ժամանակին պատվիրվել են դեսպանությունների կողմից, բայց այդպես էլ չեն ուղարկվել նրանց։ Մոտավորապես նույն վիճակն է եւ Երեւանի քաղաքապետարանում. գրադարաններին եւ դպրոցներին ամրագրված է ընդամենը 15 գիրք, ընդ որում՝ դրանց ղեկավարները հավաստիացնում են, որ դա արել են բացառապես հեղինակի հանդեպ հարգանքից, իրենք փող չունեն, իսկ քաղաքապետարանը պետք է ինքը գներ գրքերը նրանց համար, եթե շահագրգռված էր դրանց տարածմամբ։ Ներկայում չի իրացվել մոտ 400 օրինակ։ Տպավորություն է ստեղծվում, որ Արցախի իմիջի բարելավման խնդիրը այլեւս գոյություն չունի, եւ գիրքը, որի վրա ծախսվել են այդ թվում եւ բյուջետային միջոցներ, կորցրել է իր հրատապությունը»,- նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 5-ին կյանքից հեռացավ ռուսաստանցի գրող եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշին, որը մեր պատմության ու մշակույթի ուսումնասիրմանն ու տարածմանը նվիրեց իր կյանքի ավելի քան 50 տարին։ Համաձայն հանգուցյալի վերջին կամքի՝ նրա աճյունի մի մասը հանգրվան գտավ Գառնիում եւ Շուշիում, ինչը մեկ անգամ եւս հաստատում է նրա սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ։ Սգո արարողությունը Գառնիում ֆինանսավորեց պետությունը, իսկ Արցախում՝ Ռուսաստանի Հայերի միությունը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ