News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ոստիկանությունը փրկել է կնոջը, որը անապատում կիզիչ շոգին 12 օր է անցկացրել։ Նրան օգնել են ողջ մնալ իր հետ վերցրած մթերքները, իսկ երբ սնունդն ու ջուրը վերջացել են, կնոջը եւ նրա երկու ուղեկցին հաջողվել է նախորդ անձրեւներից մնացած ջրափոս գտնել։ Այնտեղ էլ կնոջը հայտնաբերել են, տեղեկացնում է BBC-ն։

Երկու տղամարդկանց, որոնք ուղեկցել են կնոջը, մինչ այժմ չեն գտել։ Նրանք արդեն 13 օր է անապատում են։

52-ամյա Տամրա Մաքբիթ Ռայլին եւ նրա երկու ուղեկիցները՝ Ֆու Թրանը եւ Կլեռ Հոքսրիջը նոյեմբերի 18-ի ցերեկը դուրս են եկել Էլիս Սփրինգս ոչ մեծ քաղաքից, որը գտնվում է Ավստրալիայի Հյուսիսային տարածքի հարավում՝ երկրի աշխարհագրական կենտրոնում։

Նրանք իրենց հետ վերցրել են Ռայա անունով սթֆորդշիրյան բուլտերյեր տեսակի շանը եւ ուղեւորվել են քաղաքից հարավ գտնվող անապատ, սակայն անսպասելի մեքենան մնացել է չորացած գետի հունի մեջ։ Տամրան լրագրողներին ասել է, որ առաջին երեք օրերին բոլոր երեքը փորձել են հանել ավտոմեքենան, սակայն՝ ապարդյուն։ «Ցերեկն այնքան շոգ էր, որ մենք մտնում էինք մեքենայի տակ ավազի մեջ»,- պատմել է նա։

Ճանապարհորդներն իրենց հետ ունեցել են 6 լիտր ջուր, մոտ 10 շիշ ալկոհոլ, թխվածքաբլիթներ եւ տավարի մսով լապշա։ Երբ դրանք վերջացել են, խումբը որոշել է գնալ ջուր եւ օգնություն փնտրելու։ Նրանք մեքենայի մեջ երկտող են թողել, թե որ կողմ են գնացել։

Մեկուկես կմ քայլելուց հետո նրանք վերջերս տեղացած անձրեւից առաջացած ջրափոս են գտել։ Ջուրը մաքրելու համար ճանապարհորդները եռացրել են այն եւ անցկացրել շապիկից պատրաստված ֆիլտրով։ Ջուրն, այնուամենայնիվ, կեղտոտ է եղել, սակայն օգնել է նրանց ողջ մնալ։

Մեքենան կորցնելուց մեկ շաբաթ անց խումբը որոշել է բաժանվել։ Տղամարդիկ գնացել են մոտ 22 կմ հեռավորությամբ մայրուղու կողմը, իսկ կինը մնացել է ջրի մոտ, քանի որ շունը չէր կարող տանել այդ ճանապարհը։

Հյուսիսային տարածքի ոստիկանությունը ուղղաթիռներ է ուղարկել ճանապարհորդներին գտնելու համար։ Նրանք էլ հայտնաբերել են Մաքբիթ Ռայլիին։

Կնոջ մոտ ուժեղ ջրազրկում է եղել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նրա ուղեկիցների որոնումները շարունակվում են։ Նրանց մոտ եղել է GPS-նավիգատոր, կողմնացույց, 6 լիտր ջուր, սակայն ուտելիք չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ