News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պոլսի հայոց Մայր տաճարի ղողանջներն ավետեցին 85-րդ պատրիարքի ընտրությունը։ Սահակ Բ-ն  խոստանում է կերտել նոր համայնք։ Պարզվել է խոշտանգվողի ինքնությունը. իսկ ովքե՞ր են խոշտանգողները։  Քննչական ծառայությունը մանրամասներ չի հայտնում։ Ապօրինություններ Կոշի եւ Կոռնիձորի համայնքապետարաններում. Ոստիկանության բացահայտումները։ 90-ականների կեսերին Հայաստանից դուրս է բերվել 153 միլիոն դոլար։ Ամերիկայի ռուսալեզու աղբյուրը մատնացույց է անում Տեր-Պետրոսյանի կլանին։ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի հանդեպ մոտենում է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը. Կիրո Մանոյանը զուգահեռներ է անցկացնում։ Մութ ամպեր Ռուբեն Հայրապետյանի գլխավերեւում. 6-րդ վարչությունը յուրացումներ է բացահայտել։ Ձեռնածությունը վերածվել է տերունական աղոթքի։ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը պատգամավոր-գործընկերներին կոչ է անում չչարաշահել մանիպուլյացիա բառը։ Ազատագրվե՛նք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» գերությունից. Աննա Հակոբյանի նախաամանորյա կոչը։ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ստեղծել Ջինգլ բելզի եւ հեփի բրթդեյի պես, բայց ազգային հիթեր։ Փաշինյանի 25-րոպեանոց լայֆը՝ ամանորին ընդառաջ։

Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում հաղթել է Սահակ եպիոսկոպոս Մաշալյանը, որը դարձել է Հայ եկեղեցու նվիրապետական 4 աթոռներից մեկի 85–րդ գահակալը։ Նախորդ պատրիարքը՝ Մեսրոպ Մութաֆյանը մահացել էր  այս տարվա մարտի 8-ին՝ 63 տարեկանում, սակայն վաղուց չէր կարողանում կատարել Թուրքիայի հայերի հոգեւոր առաջնորդի պարտականությունները։ Նրա հոգեկան առողջությանն անդառնալի վնաս էր հասցրել 2007-ի հունվարին՝ Հրանտ Դինքի սպանությունը։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները դրվել էին  Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վրա։ Վերջինը Սահակ սրբազանի մրցակիցն էր եւ արդեն շնորհավորել է նրան պատրիարք ընտրվելու առիթով։

Համացանցում տարածված տեսանյութում ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է։ Այժմ կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ միջադեպի մասնակիցների շրջանակը եւ բոլոր հանգամանքները պարզելու համար։ Այս պահին որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ։

Ոստիկանության Աշտարակի բաժնում փաստեր կան, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։ Նա ապամոնտաժել է գյուղից մինչև Արզնի-Շամիրամ ջրանցք հասնող մոտ 2 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը։

Գորիսի ոստիկաններն էլ տվյալներ են հավաքել Կոռնիձոր համայնքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ։ Համայնքապետը գյուղի կարիքների համար ձեռք բերված 12 միավոր գյուղտեխնիկան օգտագործել է անձնական կարիքների համար, Տեղ համայնքի հետ կնքել է աղբահանության պայմանագիր և կատարած աշխատանքի դիմաց ստացած մոտ 5 միլիոն դրամը յուրացրել։

Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Ոստիկանության 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: Ըստ այդ նյութերի՝ Հայրապետյանն իրեն պատկանող ընկերությունների  աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և նորգման աշխատանքներ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը կամ «ՍԱՍ»-ի  Արտակը եւ գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ «Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով։ Արտակ Սարգսյանը հրաժարվել է նաեւ Քննչական կոմիտեում ցուցմունք տալ։ Միջադեպը տեղի էր ունեցել անցած տարվա հունիսի 5 –ին,  «ՍԱՍ-ի Արտակը» ոստիկանությունում հերքել էր իր մասնակցությունը միջադեպին։

ԱՄՆ-ում հրատարակվող «В новом свете» ռուսալեզու ազդեցիկ թերթը դեռեւս 1998 թվականի հունիսի 11-ին պատմել է Լևոն Տեր-Պետրոսյանի կլանի և Հայաստանից նրանց արտահանած փողերի մասին, գրում է Politik.am–ը։ Մոսկվայում հաստատված ԱԱԾ-ի նախկին աշխատակիցը պատմել է, որ Տեր-Պետրոսյանն իր մտերիմների միջոցով 90-ականների կեսերին կարողացել է երկրից դուրս հանել ավելի քան 153 մլն դոլար։ Աղբյուրը հիշեցնում է, որ այդ ժամանակ Երեւանում ամենաթանկ բնակարանը կարելի էր ձեռք բերել 5-6 հազար դոլարով։ Ըստ աղբյուրի, այդ փողերով անշարժ գույք է գնվել Եվրոպայում, մասնավորապես, Ֆրանսիայում։

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը բողոքարկել է Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշումը։ Նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով։

Այսօր շարունակվել է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Ամբաստանյալներից այժմ կալանքի տակ են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Արցախի նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չի մեկնաբանել նախկին նախագահ Քոչարյանի հայտարարությունը, թե «անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, որը հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար»:

Երկրի համար առանցքային հարցերում մոտեցումների շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ զուգահեռներ է անցկացրել ՀՅԴ «Հայ դատի» եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ազգային ժողովը հատուկ ընթացակարգով երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։ Քվեարկությունից առաջ  «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում է խնդրել, քանի որ խմբակցության անդամների մեծ մասը դահլիճում չէր։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

«Ձեռք է պարզվել բոլորին: Ով այն կսեղմի՝ չգիտեմ»,- մեկնաբանելով Սահմանադրական դատարանի անդամների կամավոր թոշակի գնալու մասին օրինագիծը, ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ կա դատական իշխանության հետ կապված խնդիր, ինչին համամիտ են ոչ միայն իշխող ուժի ներկայացուցիչները:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքել է ընդդիմության այն մեղադրանքներին, որ հարկատուների հաշվին պետք է ահռելի գումարներ վճարվեն Սահմանադրական դատարանի անդամներին՝ չաշխատելու համար։

Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան, և ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա եք անում, երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել հրաժարվել վերջին տասնամյակների համար ավանդական դարձած ամանորյա կերակրատեսակներից։ «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից եւ տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է, թե ինչ նպատակով են 271 միլիոն դրամ հատկացրել  ամանորյա միջոցառումների կազմակերպմանը։ Նախ, որպեսզի հնարավորինս մեծ թվով մեր համաքաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում, այլ ոչ թե արտասահմանում, մյուս խնդիրն էլ դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելն է։

Կառավարության հատկացրած 271 մլն դրամից բացի Երեւանի քաղաքապետարանն ամանորյա տոնակատարությունների համար կծախսի եւս  158,5 մլն դրամ։  Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պարզաբանել է, որ կառավարության հատկացրած գումարը տոնակատարության համար անհնար է ուղղել այլ նպատակների, օրինակ՝ մայրաքաղաքի սոցիալական կամ կոմունալ խնդիրների  լուծմանը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն անշան աճել է եւ կազմել 478.02 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է 0.29 դրամով եւ հասել 529.79 դրամի,  բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.96 դրամով  եւ կազմել 628.02 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել եւ կազմել է 7.53 դրամ։

Դեկտեմբերի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Առավոտյան ժամերին գերազանցապես ցածրավայրերում կդիտվի մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +3+5:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ