ՍԴ  նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունն այսօր չի կայանա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմին՝ այսօր նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով:

Հետաձգցելու միջնորդություն ներկայացվել էր այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում եւ բացակայում է հանրապետությունից։

Հիշեցնենք, դեկտեմբերի 27-ին, ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ:

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։

ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ հրաժարվել է ցուցմունք տալ։

Նա լրագրողների հետ զրույցում ասե էր, որ մեղադրանք առաջադրելն իր համար անակնկալ չէր, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնվի։