News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2020 թվականի փետրվարի 25-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ կդառնա այն օրը, երբ դատարանի առաջ են կանգնել հանրապետության 4 նախագահներից 2-ը։ Եթե «Միացում» շարժման առաջնորդ, Արցախի պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար, Արցախի նախագահ, Հայաստանի վարչապետ եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար դատավարության հերթական նիստն էր, ապա Արցախի պաշտպանության ուժերի ընդհանուր հրամանատար, Հայաստանի պաշտպանության նախարար, Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության ծառայության նախարար, վարչապետ եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության առաջին նիստն էր։

Դատարան ժամանած երրորդ նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին բարոյական աջակցության համար եւ կոչ արել գնալ տուն, զբաղվել իրենց գործերով, դրսում չմնալ վատ եղանակին։

Սերժ Սարգսյանին աջակցելու էր եկել նաեւ Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Գործի այն մասը, որով նախկին նախագահին ներգրավել են՝ քաղաքական ենթատեքստ ունի։ Շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, ու գիտեմ՝ նա չի կարող միջամտել եւ տալ ինչ-որ ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի», ասել է Բաբլոյանը։

Երրորդ նախագահի ու եւս 4 անձի գործով դատաքննությանը փաստապան Ամրամ Մակինյանը միջնորդել է մեղադրանքում ներառել Սարգսյանի անձի բնութագրումը, քանի որ եւ՛ դատավարության կողմերը, եւ՛ դատավորը պետք է իմանան, թե ով է ամբաստանյալը։ Բանն այն է, որ նիստի սկզբում նախագահողը ճշտում էր ամբաստանյալների ինքնությունը։ Ըստ պաշտպանի՝ մեղադրական եզրակացության 82 թերթում երրորդ նախագահի անձը բնութագրող որեւէ նշում չկա։  Ամրամ Մակինյանն այդ հանգամանքը պատահական չի համարել եւ ինքն է ներկայացրել Սերժ Սարգսյանի անցած ուղին։

Այնուհետեւ Սարգսյանի մյուս պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազին: Փաստաբանը պատմել է, որ Սերժ Սարգսյանին հրավիրել են որպես վկա ցուցմունք տալու, մինչդեռ մեղադրանքի առաջադրման մասին փաստաթուղթն արդեն կազմված եւ ստորագրված է եղել։ Ավելացրել, որ մեղադրանքն ապօրինի է, որ այն կազմված է մեկ ապացույցի՝ մեկ անձի իրարամերժ ու հակասական ցուցմունքների վրա։ Դատախազն ասել է, որ իրեն բացարկ հայտնելու հիմքեր չկան։ Դատավորը բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդ նիստին։

Նիստի ավարտից հետո, դատարանից դուրս գալով, նախկին գյուղնախարար, դիզվառելիքի գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը չի պատասխանել լրագրողների հարցերին։ Մինչեւ Կարապետյանի՝ ավտոմեքենա նստելը, դատարանի բակում հավաքվածները, ինչպես նախքան դատավարությունը, կրկին նրա հասցեին «ամոթ» են վանկարկել։

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողներին հայտարարել է, որ այս գործն ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության առնվազն զսպման մեխանիզմ գտնելուն եւ պաշտպանական կողմը հերթով ներկայացնելու է քրեական գործի քրեական գործ չլինելը, շինծու եւ փուչ լինելը։

Նիկոլ Փաշինյանի, նաեւ «7-ի գործով» 7 ամբաստանյալների նկատմամբ նախաքննության փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ այն ժամանակ 6 դատախազները համարել են, որ 2009-ին ուժի մեջ մտած 300.1 հոդվածը 2008-ի 300 հոդվածի համեմատ նոր հանցակազմ է սահմանում, երկրորդ նախագահի եւ մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Երկրորդ նախագահն արձագանքել է մեղադրող կողմի եւ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանի պնդումներին։  Փաստաբանները միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը։ Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Երկրորդ նախագահի որդին «չի կիսում» փաստաբանների լավատեսությունը  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հույսերի վերաբերյալ, քանի որ, ըստ Լեւոն Քոչարյանի,  դատավորը նույն Աննա  Դանիբեկյանն է, որն անցած սեպտեմբերին անտեսում էր Սահմանադրական դատարանի որոշումը։ Սեդրակ եւ Լեւոն Քոչարյաններին որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննել են՝ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով։

Ինչ կապ ունի Արցախի հարցը այս քրեական գործի հետ, որ Սերժ Սարգսյանը դատարան մտնելուց առաջ հայտարարում էր, թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Այս հարցին ի պատասխան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կա մի չերեւացող կարգավորող «ձեռք», որն այս գործընթացները կառավարում է։

Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական է ճանաչել  ոստիկանության ծառայողների իրավունքները սահմանափակող 2 կարգավորումները։ Բարձր ատյանն անվավեր է ճանաչել մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը ոստիկանի նկատմամբ պաշտոնի նշանակելու եւ սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու արգելքները։ Անվավեր է ճանաչվել նաեւ ոստիկանի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու, իրականացնելու փաստով պայմանավորված լիազորությունները կասեցնելու հոդվածը։

Խորհրդարանում քննարկվող դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթով Հայաստանում հնարավոր կլինի դատավոր դառնալ 25 տարեկանում։ Ըստ արդարադատության նախարարի՝ դատավորների համար տարիքային ցենզը դերակատարում չպետք է ունենա ապագայում իդեալական դատական համակարգում: Ռուստամ Բադասյանը պատասխանել է նաեւ միլիոնավոր դրամներով ինքն իրեն պարգեւատրելու մասին հարցին։  Հիշեցնենք, որ Բադասյանը ստացել է 8 միլիոն դրամի կամ 16 հազար դոլարի պարգեւավճար։ Հիշեցնենք նաեւ, որ անցած տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ նախարարների աշխատավարձը, վարչապետի որոշմամբ, մոտ 800 հազարից հասցվել է 1,5 միլիոն դրամի։

Կահիրեում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը։ 91–ամյա Մուբարաքը Եգիպտոսը ղեկավարել է 1981-ից մինչեւ  2011 թվականի փետրվարի 11-ը: Նախագահի պաշտոնից հեռացել է արաբական գարնան շարքից  հեղափոխության ալիքի ճնշման տակ։ Նույն տարվա ապրիլին կալանավորվել է, Մուբարաքի եւ նրա որդիների դեմ դատաքննություն է սկսվել: Ի դեպ՝  դատավարության ընթացքում նրան մե՛րթ մեղավոր էին ճանաչում կոռուպցիայի մեջ, մե՛րթ արդարացնում։

Երկրների ընդհանուր թիվը, որտեղ նոր կորոնավիրուսը թափանցել է, հասել է 37-ի: Չինաստանում վարակվածների թիվը հասել է 77 660, մահացել է 2664 մարդ: Իտալիայում գրանցվել է վարակման 231 դեպք, մահացել է 7 մարդ:  Իրանը վարակվածների թվով աշխարհում 7-րդն է. կորոնավիրուս է ախտորոշվել 61 մարդու մոտ, 14-ը մահացել է: ԱՄՆ-ում  53 դեպք է գրանցվել, մահ չկա: Վերջին հաղորդագրության համաձայն կորոնավիրուսով վարակվել են Իրանի առողջապահության փոխնախարարը եւ մեկ պատգամավոր։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով եւ կազմել 478.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով ու կազմել  517.46 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.33 դրամով ու հասել 621.40 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով ու կազմել 7.31 դրամ։

Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում տեղումներ չեն լինի: Հաջորդ գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը` +6 +8 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ