News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը խախտել է Կոնվենցիան՝ ազատելով արտահանձնված դատապարտյալին, որը կացնով սպանել էր հայ սպային․ այս մասին ասված է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Եվրոպական դատարանի վճռում: Դատարանի որոշմամբ Ադրբեջանը պետք է որպես փոխհատուցում 15 հազար ֆունտ ստեռլինգ վճարի հայցվորներին ծախսերի համար:

Իրավաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանը քննարկում է Հունգարիային պատասխանատվության ենթարկելու հարցով Եվրադատարանի Մեծ պալատ դիմելու հարցը, քանի որ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Ադրբեջանի խախտումները հաստատվել են, իսկ Հունգարիայինը՝ ոչ: Նա հիշեցրել է, որ  մարդասպանն անպատիժ է մնացել:  Սահակյանը հույս է հայտնել, որ հայկական կողմը կկարողանա  օգտվել որոշման քաղաքական հետեւանքներից:

Եվրադատարանի վճիռը նոր իրավական հաղթաթուղթ է մեր դիվանագետների համար։  NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ նախկին դատավոր, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար մեծ հաջողություն է ՄԻԵԴ–ի կողմից  խտրականության արգելք հոդվածով խախտում արձանագրելը եւ սա առաջին վճիռն է, որ միջազգային դատական ատյանն արձանագրում է հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքը։

Ի դեպ՝ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության կայքն այսօր  ենթարկվել է ադրբեջանական կողմի հաքերային հարձակման, կարճ ժամանակ կայքը հասանելի չի եղել։ Հաքերային հարձակման արդյունքում կայքում հայտնվել են ադրբեջանական խորհրդանշաններ եւ գրություններ։

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 91-ի: Անցած մեկ օրում COVID-19 վիրուսով վարակվելու 289 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը  7402 է:  Փաստացի այս պահին բուժվում է 4052 մարդ:

Նախօրեին վիրուսից մահացել է 4 պացիենտ: Նրանցից 3-ը կին են՝ 70, 81 եւ 83 տարեկան եւ մեկ տղամարդ 85 տարեկան: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մինչեւ այդ, վաղ առավոտյան  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքում գրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում, 48-ը՝ ծայրահեղ ծանր, 16-ը շնչում են սարքի օգնությամբ:

Արսեն Թորոսյանի հայտարարությունից հետո, չնայած հայկական կողմի ներողությանը, քննադատությունները Վրաստանից չեն դադարում: Թորոսյանի խոսքերը վարակվածների հաշվարկի մեթոդոլոգիայի մասին անհիմն են եւ հարցեր են առաջացնում, ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Նա նշել է, որ վրացական կողմը մշտական կապի մեջ է եղել հայ գործընկերների հետ, եւ այդ ընթացքում նրանք կարող էին այդ հարցը բարձրացնել եւ ստանալ պատասխան։ «Ուստի կասկածներ են առաջանում, թե նման հայտարարության համար ինչ հիմք է ունեցել իմ գործընկերը»,- լրագրողներին ասել է Տիկարաձեն։

Ազգային ժողովի օրակարգում այսօր ռեկորդային թվով հարցեր էին, սակայն հատկապես թեժ է եղել քննարկումը դիմակ կրելու թեմայով։ Խորհրդարանի նախագահը զգուշացրել է, որ դիմակ չկրող պատգամավորներին նախազգուշացնելու է, հետո մեկ օրով դահլիճից դուրս է հրավիրելու, ապա նաեւ 7 օրով։  «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ըստ Սահմանադրության, արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովի վրա։  Արարատ Միրզոյանն արձագանքել է, որ հարցն ունի մի քանի  շերտեր, այդ թվում քաղաքացիներին օրինակ ծառայելու շերտը։

Նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար Արարատ Միրզոյանը նախազգուշացում է հայտարարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին եւ Տիգրան Ուրիխանյանին: Ուրիխանյանը տեղից բացականչել է, թե ինքը դրել է դիմակը:

Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ եթե վիճարկի Միրզոյանի որոշումը, երեւի թե այն  կայացնողի համար հաճելի չլինի:

Նկատի ունենալով դիմակ չկրելու համար տույժերը՝ Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասել է, որ իրենք այստեղ են, որպեսզի թույլ չտան Սահմանադրությունը խախտվի

Սահմանադրական դատարանի խնդիրը Ազգային ժողովի միջոցով լուծելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Մարուքյանն ասել է, որ քանի դեռ չկա նախագիծ ոչինչ չի կարող ասել:

Երկրորդ նախագահի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է: «Իզմիրլյան» բուժկենտրոնից դատավոր տեղեկանք է ստացել, որ Ռոբերտ Քոչարյանը, առողջական վիճակով պայմանավորված, չի կարող մասնակցել նիստին եւ հայտնի չէ, թե երբ կառողջանա: Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նիստի հետաձգման մասին: Նրա փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 2-ին:

Երեւանի ավագանու նիստում թեժ քննարկում է ծավալվել Երկրապահ կամավորների միությանն անհատույց տարածք տրամադրելու թեմայով։ ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին զարմացրել է, որ ներկայիս  սերունդն է թեման համարում վիճահարույց, չնայած ամենաշատը   պետք է պարտական լիներ Երկրապահին եւ ազատամարտիկներին: Ելույթի ընթացքում նրան բորբոքել է գործընկերներից մեկի ռեպլիկը։

Արցախում նոր ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Հակոբջանյանը: Համակարգին նրան ներկայացրել է Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` նշելով, որ Հակոբջանյանին նաեւ շնորհվում է գեներալ-մայորի կոչում: Մինչ այս ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը:

COVID-19 վարակը վերջին օրերին մծ տեմպերով մոլեգնում է հատկապես Բրազիլիայում։ Այստեղ կորոնավիրուսից մեկ օրում ավելի քան 800 մարդ է մահացել,  մահվան դեպքերի թիվը հասել է 23 500-ի: Մահացությունը վարակվածների շրջանում 6.3 տոկոս է: Վարակվածների թիվը գրեթե  375 հազար է:

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8915  դեպք է գրացվել, մահացել է 174 հիվանդ. սա մահվան դեպքերի ռեկորդային թիվ է Ռուսաստանում համավարակի սկզբից ի վեր: Նախօրեին գրանցված դեպքերի թիվը նույնպես գրեթե 9 հազար էր: Ընդհանուր դեպքերի թիվը 362 հազարից ավելի է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.82 դրամով ու կազմել  483.82 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.84 դրամով ու հասել  530.41 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.09 դրամով ու հասել  595.63 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել  6.81 դրամ։

Մարտի 27-31-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-29-ի ցերեկները կբարձրանա 10-12 աստիճանով: Երեւանում նույնպես անձրեւներ չեն տեղա։ Մայրաքաղաքում գիշերը կլինի 12-ից 14 աստիճան զրոյից բարձր, վաղը ցերեկը 28-ից 30 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը