News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 16
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործող հազարավոր ձեռնարկությունների նման Չարենցավանում գործող սպորտային հագուստի արտադրությամբ զբաղվող «Լաքի Տրիո» ընկերությունը նույնպես կորոնավիրուսի հետևանքով լուրջ դժվարություններ է կրում։

NEWS.am–ի հետ զրույցում ընկերության տնօրեն Զեփյուռ Ղլեջյանը հայտնեց, որ համավարակի տարածմամբ պայմանավորված սպորտային միջոցառումներ չեն իրականացվում, ինչի հետևանքով չեղարկվել են սպորտային հագուստի պատվերները, արդյունքում ստիպված է եղել աշխատանքից ազատել աշխատակիցների մեծ մասին, ինչպես նաև  խնդիրներ են առաջացել տարածքի վարձակալության վճարների և վարկային պարտավորությունների կատարման հետ կապված։

Թեև հագուստի արտադրությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակներում կառավարության՝ դեռևս մարտի 30–ի որոշմամբ համարվել է տուժած ոլորտ, սակայն ընկերության աշխատակիցները մինչ օրս պետությունից չեն ստացել որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցությունը։ Էլեկտրոնային եղանակով մերժում ստանալուց հետո ընկերությունը դիմել է ՊԵԿ–ին, որտեղից սակայն հայտնել են, որ ընկերության գործունեությունը չի հանդիսանում տուժած ոլորտ, այդ իսկ պատճառով «Լաքի Տրիո» ՍՊԸ–ի վերաբերյալ տվյալները չեն տրամադրվել Սոցիալական ապահովության ծառայությանը։

Իսկ արդեն հաջորդ հարցմանն ի պատասխան, ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչությունից Ղլեջյանին հայտնել են, որ ընկերությունը վերջին հարկային հաշվարկում  տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի սխալ կոդ է նշել։ Նշենք, որ մայիսի 3–ին, երբ հայտնի դարձավ, որ հակաճգնաժամային 8-րդ ծրագրում արված փոփոխությունների համաձայն տուժած ոլորտների ցանկն ընդլայնվել է, հայտարարվեց, որ նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը:

NEWS.am–ի հետ զրույցում արտադրամասի սեփականատերը հայտնեց, որ տեխնիկական վրիպակի մասին ՊԵԿ–ը կարող էր տեղյակ պահել իր առաջին դիմումի ժամանակ, մանավանդ որ նախորդ հաշվետվություններում ճիշտ կոդն է նշված եղել, ինչից  հետո իրենք կհասցնեին թերությունը շտկել և մինչև մայիսի 5–ը նոր դիմում մուտքագրել համակարգ։

Ղլեջյանը հույս ունի, որ կառավարությունը ժամկետների խախտումը կհամարի հարգելի և հնարավորություն կտա շահառուներին օգտվել սոցիալական աջակցության ծրագրից։

Խնդրի առնչությամբ ձեռնարկատերը դիմել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանին, որը խոստացել է ընթացք տալ հարցին, սակայն նրան ևս չի հաջողվել միջնորդել, որպեսզի վերանայվի Ղլեջյանի դիմումի ժամկետները։ Արդյունքում մարտից աշխատանքից զրկված կարի արհեստավորները որևէ աջակցություն չեն ստացել և հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։

Խնդրի առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տուժած ոլորտի հարկ վճարողների ցանկը նույնականացնելիս ՊԵԿ-ը գործել է բացառապես իրավական ակտերով սահմանված դրույթներին համապատասխան և որևէ իրավասություն չունի տվյալ դեպքում այլ` խտրական, մոտեցում ցուցաբերելու:

«Տուժած ոլորտի հարկ վճարողների ցանկը նույնականացնելիս «ԼԱՔԻ ՏՐԻՈ» ընկերությունը չի հայտնվել դրանում, քանի որ  2020 թվականի ապրիլի 1-ը ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար ապրիլի 1-ի դրությամբ ներկայացված հարկային հաշվարկում ընկերությունը սխալ է հայտարարագրել տնտեսական գործունեության դասակարգիչը: Այդ մասին ընկերությունը տեղեկացել է ապրիլի 30-ին ՊԵԿ–ին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան:  Ավելին, հարկ վճարողների բազմաթիվ խնդրանքների արդյունքում (առ այն, որ բազմաթիվ էին դեպքերը, որ հարկ վճարողները սխալ են հայտարարագրել դասակարգիչները) ՀՀ կառավարությունը գնաց ընդառաջ` ՀՀ կառավարության որոշման մեջ կատարելով համապատասխան փոփոխություն և հնարավորություն տրվեց հարկ վճարողներին մինչև մայիսի 5-ը ներառյալ ուղղել սխալները: Սակայն «ԼԱՔԻ ՏՐԻՈ» ընկերությունը չի օգտվել ճշտում կատարելու իր հնարավորությունից և ապրիլի 30-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 5-ը չի ուղղել իր սխալը: Արդյունքում կրկին վերհանված ցանկում չի հայտնվել: Վերջինս սխալի ուղղում կատարել է միայն 2020 թվականի մայիսի 11-ին»,–ասված է NEWS.am–ին ուղարկված պատասխանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանը «փակում է» Էվերեստը կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով
Էվերեստի բազային ճամբարից տարհանվել է ավելի քան 30 մարդ քովիդի կասկածանքով...
Բրազիլիան դադարեցնում է Հնդկաստանի հետ ավիահաղորդակցությունը
Բացի այդ, Բրազիլիա թռչող ինքնաթիռ չեն կարողանա նստել այն ճանապարհորդները, որոնք նախորդ երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստանում են եղել․․․
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք, մահացել է 16 մարդ
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ…
Խորվաթիան Եվրամիությունում առաջինն է փորձարկել քովիդ-անձնագրերը
Առեւտրային գործակալությունը, որը պատասխանատու է տեխնիկական լուծման մշակման համար, հաջողությամբ փորձարկել է կենտրոնական թվային տերմինալը․․․
ԱՀԿ-ն կարծում է, որ համավարակի երկրորդ տարում ավելի շատ մահեր կարող են լինել, քան առաջինում
COVID-19-ն արդեն հանգեցրել է ավելի քան 3,3 միլիոն մարդու մահվան, եւ մենք այն ուղու վրա ենք, որ այս համավարակի երկրորդ տարին կարող է ավելի մահաբեր լինել, քան առաջինը․․․
Կիպրոսի իշխանությունները մայիսի 17-ից կթուլացնեն կարանտինային սահմանափակումները
Մասնավորապես, նախատեսվում է պարետային ժամի տեւողության կրճատում, որը մայիսի 17-ից կսկսվի ոչ թե 23:00-ից, այլ կեսգիշերից եւ կգործի մինչեւ առավոտյան ժամը 05։00-ն․․․
Ամենաշատ