News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քաղաքականությունը երբեք չի փոխվել. Ադրբեջանը միշտ սպասում է որեւէ առիթի՝ ռազմական գործողությունների գնալու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանին ռազմական գործողություններ սկսելուն։

«Եթե նա որեւէ պահի վստահ լինի, որ իրեն կներվի ռազմական գործողությունը, նա կգնա լայնածավալ գործողությունների։ Սրանից հերթական անգամ պետք է հետեւություն անենք, որ մեր պարագայում միակ ճանապարհը հզորանալն է, հզոր տնտեսություն ունենալն է, որը կարող է հզոր բանակ պահել եւ հզոր պետականություն ունենալն է, որը կձեւավորի նաեւ մեր ազգային իմունիտետը նման տարատեսակ գրոհներին»,- ընդգծեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ ռազմական գործողություններ ծավալելը Գեւորգ Գորգիսյանի համար զարմանալի չէ, քանի որ ըստ նրա՝ Ադրբեջանը երբեք չի դադարել իր ռազմատենչ հայտարարությունները, հակահայկական քարոզը. «Մենք պետք է սպասենք ՀԱՊԿ-ի արձագանքին, որովհետեւ եթե տարբեր նմանատիպ առիթներով միշտ խոսքը արցախա-ադրբեջանական հակամարտության մասին էր, այստեղ մենք հստակ գործ ունենք Հայաստանի վրա հարձակման հետ, շատ կարեւոր է լինելու ՀԱՊԿ-ի արձագանքն այս թեմայով։ Հերթական անգամ մենք առերսվում ենք իրականության հետ, որ մեր թշնամին երբեւէ չի ունեցել խաղաղ ճանապարհով կոնֆլիկտը լուծելու որեւէ մոտեցում։ Նրա մոտեցումը եղել եւ մնում է ռազմականը, Հայաստանը որպես պետություն վերացնելու մոլուցքը, ինչի մասին բազմիցս խոսում էին։

Իհարկե, հաճախ սա նաեւ իրենց ներքին լսարանին ճնշելու, իրենց բռնատիրական գործողությունները արդարացնելու միջոց է, որպեսզի սեփական ժողովրդին կարողանան լռեցնել, վախեցնելով, որ այ հեսա հայերը կգան բոլորիդ կմորթեն, բայց կարծում եմ, որ դա նույնիսկ միջազգային հանրությունը չի ընդունելու, եւ հիմա կարեւոր է նաեւ մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը, որպեսզի աշխարհը ճիշտ արձագանքի եւ ճիշտ պատկերացնի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը նախաձեռնել էր հայ-ադրբեջանական սահմանի լարվածության սրման առնչությամբ արտահերթ նիստ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է, Գեւորգ Գորգիսյանը հույս հայտնեց, որ նիստը կկայանա։ Ըստ նրա՝ կարեւորն այն է, որ արձանագրել են՝ պետք է նիստ գումարվի։ «Սպասում ենք այդ նիստին»,- շեշտեց նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից այս գործողություններին չարձագանքելը, ԼՀԿ-ական պատգամավորը պայմանավորեց նրանով, որ Մինսկի խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, իսկ այս միջադեպում Արցախը ներգրավված չէ, եւ միգուցե հայտարարություն չի լինի։ «Կարծում եմ, որ երկրի ամեն մի ստորաբաժանում պետք է իր պարտքը կատարի, այսօր նաեւ պարոն Մարուքյանը կոչ արեց բոլոր կուսակցություններին իրենց միջազգային կապերն օգտագործել եւ միջազգային հարթակներում ճիշտ ձեւով հարցերը ներկայացնել․մենք նույնպես պատրաստվում ենք մեր գործընկերներին նամակներ ուղղել։ Այս պարագայում հանրությունը միշտ ցույց է տվել, որ պատրաստ ենք բոլոր տարրաձայնությունները մի կողմ դնել եւ լծվել երկրի պաշտպանության գործընթացին, ինչն էլ այսօր արվում է»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ վաղը կհրապարակեն իրենց նամակներն՝ ուղղված միջազգային կառույցներին։

Տպել
Ամենաշատ