News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատական ակտերի հարկադիր կատարողը պատրաստվում է հուլիսի 15-ին Երևանի բնակիչ Գագիկ Բեգոյանին վտարել բնակարանից: 2015 թվականին Գ․Բեգոյանը բնակարանը գրավ է դրել 12 հազար ԱՄՆ դոլարով: Այդ ժամանակ բնակարանը բանկում գնահատել են 47 մլն դրամ՝ 100 հազար դոլար: Քաղաքացին վճարումները 2 տարում նորմալ կատարել է՝ պարտքի չափը հասցնելով 7 հազար դոլարի: Այնուհետև ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունների հետևանքով 6 ամիս չի կարողացել կատարել վճարումներ:

«Ինձնից թաքուն, հարկադիր կատարողի որոշմամբ, 2016 թվականի դեկտեմբերին աճուրդի հանելով՝ բնակարանս վաճառել են: 9 մլն դրամի դիմաց այն վաճառվել է Հայկ Հովսեփյան անունով մեկին։ Նա Ամանորից 3 օր առաջ երկու ոստիկանների հետ եկավ մեր տուն, եւ ես այդ ժամանակ եմ իմացել, որ տունս վաճառված է: Այսինքն 47 մլն դրամ արժողության բնակարանը բանկը վաճառել է 9 մլն դրամով 7.5 մլն դրամ պարտքի համար»,–NEWS.am-ին ասել է քաղաքացին:

Ըստ Գ․Բեգոյանի՝ ինքն արդեն 4 տարի դատական քաշքշուկների մեջ է, չի կարողանում օրենքի շրջանակում խնդրին որևէ լուծում գտնել:

«էլ մարդ չի մնացել, որ դիմեմ, բայց ոչինչ չի փոխվել: Ասում են՝ գնորդը օրինական ճանապարհով գնել է տունը, բայց ինչպե՞ս է հնարավոր 47 մլն դրամ արժողության տունը օրինական ճանապարհով վաճառել 9 մլն դրամով:

Կարծում եմ՝ գնորդը ինչ-որ մեկի հովանավորության տակ գտնվող անձ է: Հայկ Հովսեփյան անունով այդ տղան 30 տարեկան է, նա աճուրդի միջոցով 40 տուն է ձեռք բերել ու բոլորն էլ նույնքան էժան, որքան իմ բնակարանը: Ամեն ինչից տեղյակ եմ, կիլոներով ոսկի է գնել ԴԱՀԿ ծառայությունից, տասնյակ ավտոմեքենաներ 100-200 դոլարով և այլն»:

Քաղաքացին դիմել է դատարան, որպեսզի որոշ ժամանակով կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից տան վտարման որոշումը: Այժմ սպասում են դատարանի որոշմանը:

«2017 թվականից, ո´չ լույս, ոչ էլ գազ չունենք, բոլոր գրանցումներից հանել են մեզ: Անապահովության համար տրամադրված նպաստով են մի կերպ ապրում: 2 օրից պետք է գան ԴԱՀԿ-ից՝ մեզ տնից հանեն:

Մեծ տղաս ամսի 23-ին բանակից զորացրվելու է, փոքր տղաս էլ նույն ամսի 27-ին գնում է բանակ: Ես տղա եմ տվել, որ գնա հայրենիքին ծառայի, գա տեսնի, որ մենք տուն չունե՞նք: Հիմա փոքր տղաս գնա բանակ հետ գա էլ ի՞նչ են խլելու մեզանից»,- հարցրել է քաղաքացին:

Տպել
Ամենաշատ