Շիրակի մարզի Ախուրյան համայնքում պետական բնակարանաշինությունը դեռ չսկսված դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ շինարարության համար հատկացված տարածքում առկա են գրունտային ջրեր:
2011թ-ի պետական բնակարանաշինության ծրագրի իրականացման համար տարածքը հատկացվել է Ախուրյանի գյուղապետարանի հյուսիսային հատվածում: Սակայն մասնագետները, 2 ամսվա ուսումնասիրությունների արդյունքում, պարզել են, որ հատկացված տարածքը չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին. տարածքով 3 մետր խորությամբ ստորգետնյա ջրեր են հոսում:
Սակայն այդ հանգամանքը համոզիչ չէ Ախուրյանի համայնքապետի համար:
«Շենքեր կառուցելը թույլատրվել է: Շենքերը նկուղ չեն ունենա եւ խորը փոս փորելու անհրաժեշտություն էլ չի լինի»,-համոզմունք է հայտնել Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը, հավելելով, որ կատարված ուսումնասիրությունները պարզապես խոչընդոտել են շինարարական շխատանքներին եւ ժամանակացույցից հետ գցել շինարարությունը:
Հիշեցնենք, որ Ախուրյանում նախատեսվում էր բնակարանաշինություն իրականացնել 2010թ.-ին: Սակայն ծրագիրը տեղափոխվեց 2011թ. եւ պետք է մեկնարկեր ապրիլի սկզբին: Կառուցվելիք բնակարանները նախատեսված են 182 անօթեւան ընտանիքի համար:
Բնակարանաշինության ծրագրի առաջին փուլով համայնքում նախատեսվում է կառուցել 3 շենք` 132 բնակարանով:




























