News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի անկախության տարեդարձի օրը երկրի աշխարհիկ ու հոգեւոր առաջնորդները սկսել են Եռաբլուր զինվորական պանթեոն այցով: Հայաստանի ու Արցախի նախագահները,  վարչապետ  Փաշինյանը , Գարեգին երկրորդ կաթողիկոսը, պատգամավորներ, նախարարներ ծաղիկներ են  դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Երեւանի երկնքում տոնական թռիչք է կատարել Սու-30 ՍՄ կործանիչների օղակը։

Այն մի քանի շրջան է կատարել մայրաքաղաքի վրա,  ցուցադրել շարքի վերադասավորում եւ զույգով թռիչքներ։ Դրանց Հաղթանակի զբոսայգուց հետեւել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոր Վիրապ վանական համալիրում Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով պատվո պահակախմբի վաշտն է կատարել հանդիսավոր շարանցում։

«Եռաբլուրում» արձագանքելով  Ադրբեջանի նախագահի՝ բանակցությունները փակուղում հայտնվելու հարցում հայկական կողմին մեղադրելու հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է. դե, եթե չի բանակցում, իր համար բանակցությունները գոյություն չունեն:  Տոնոյանը հորդորել է անհոգ լինել. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք եւ միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե չի ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել Ալիեւի հայտարարությունը, որը, նրա խոսքով՝ շատ հուզական էր:

Նախօրեին արտգործնախարարի մամուլի խոսնակն էր հիասթափություն հայտնել Ադրբեջանի նախագահի հայտարարությունից:  Ալիեւի խոսքերն, ըստ Աննա Նաղդալյանի, ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ «Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին», նշել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը բացասական էր գնահատել բանակցային գործընթացի այսօրվա վիճակը: Ալիեւը պնդել է, թե Դուշանբեում Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել ներքաղաքական կարգավորումների համար: Բանակցություններ իրականում չեն ընթանում եւ իր երկիրը «իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին», ասել է նա:

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը լրագրողներին ասել է, թե Տավուշյան դեպքերից հետո կարող ենք ֆիքսել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը երկիրը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ։

Անդրադառնալով  Փաշինյանի՝ Արցախում դավադիր ուժերի մասին հայտարարությանը՝ Բալասանյանն ասել է. «Ով հայտարարել է, համոզված եմ, որ ինքն է դավադիրն այս երկրի հանդեպ»։

Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է. կարող է մեկը դրսից նպատակային ասել՝ Ղարաբաղը ծախել են եւ Հայաստանում փոթորիկներ կբարձրանան, Հայաստանի վերափոխման ռազմավարության ներկայացման ժամանակ նշել է վարչապետ Փաշինյանը:

Մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա, ասել է Փաշինյանը: «Ամենակարեւոր գաղափարը վերջերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք  մեր ազգային արժեքները: Մինչեւ 2050 թվականը  20-ապատկվելու է Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկվելու՝ միջին աշխատավարձը: Ունենալու ենք աշխարհի ամենամարտունակ բանակը,  սովորելը դարձնենք ազգային ապրելակերպ, նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ, Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր, նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:

Եթե չլիներ արցախյան ազատամարտը, մենք այսօր չէինք ունենա պետություն, լրագրողներին ասել է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը: «Երկրապահը պետք է պատրաստ լինի կանգնել  Հայաստանի ու Արցախի բանակի կողքին որպես ռեզերվ»,- նշել է նա, ավելացնելով, որ ստեղծվելիք աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի եւ այն ու երկրապահը միմյանց չեն խանգարի:

Անկախության տարեդարձի առիթով ուղերձներ են հղել գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավարները,  Վեհափառ Հայրապետը: Արմեն Սարգսյանը նշել է, որ նոր հաղթանակների համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր եւ հաստատուն կամք։

Իր ուղերձում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը։  Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին, գրել է նա։

Ավանդույթներ եւ երկարամյա պատմություն ունեցող ցանկացած պետության հաջողության հիմքում նաեւ շարունակականությունն է եւ ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելն ու զրոյական կետից սկսելը, ինչը անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ, իր ուղերձում համոզմունք է հայտնել երրորդ նախագահը: «Պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները, որ մեր ինքնության առհավատչյան եւ մեր անկախության գրավականն են», մաղթել է Սերժ Սարգսյանը, որը նաեւ այցելել է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին:

Հայոց պետականությունը 29-ը չէ, 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե պետականությունը վեր դասվի ամեն ինչից, դրա կառուցման գործընթացը լինի շարունակական, եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից։ Այս մասին իր շնորհավորանքում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:  «Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել։ Ու մենք դա անելու ենք»,- գրել է նա։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ շեշտել է, որ երկրի անկախությունն ու ազատությունը սկսվում է անհատի անկախությունից ու ազատությունից:  Ազատ եւ անկախ Հայաստանի ուժը ոչ միայն նրա ազատ ու անկախ, քաջ եւ խիզախ որդիներն են այլեւ, դուստրերը, որոնք կարող են լինել նույնքան քաջ եւ խիզախ, միեւնույն ժամանակ արժանապատիվ եւ խոնարհ մայր, քույր, կին ընտանիքներում եւ քաղաքացի՝ իրենց երկրում, իր ուղերձում նշել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը հանգստյան օրերին հայտարարել էր կանանց 45 օրյա նախնական զինվորական պատրաստության վարժանքների անցկացման մասին:

Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրած շնորհավորական ուղերձում  Ռուսաստանի նախագահը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները:  «Մեր փոխգործակցությունը համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով», նշել է Պուտինը։

Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ եւս վերահաստատում են մեր գործընկերության կարեւորությունը, Փաշինյանին գրած ուղերձում նշել է ԱՄՆ նախագահը:  Հայ եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ կապերն անհերքելիորեն ամուր են ու տեւական՝ լինի դա միասնաբար կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս, նշել է Դոնալդ Թրամփը:

Վարչապետի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը զինվորական աստիճաններ է շնորհել. գեներալ-մայոր Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում,  թիկունքի պետ  գնդապետ Ռոմիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ,  գնդապետ Ալբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ,  ՀԱՊԿ-ում Հայաստանի  ներկայացուցիչ, գնդապետ Մհեր ՇԻՐԻՆՅԱՆԻՆ,  Ռուսաստանում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արմեն ԼԱԼԱՅԱՆԻՆ՝  գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր  նաեւ պարգեւատրել ու մեդալներ է հանձնել առողջապահության ոլորտի մի խումբ  ներկայացուցիչների:

Ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործը, որում շոշափվում է Գագիկ Ծառուկյանի անունը, մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, Եռաբլուրում ասել է ԱԱԾ տնօրենը:  Ըստ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, բայց կան նաեւ անձինք, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը եւ այդ պրոցեսը սկսվել է: Անվտանգության ծառայության ղեկավարը չի ցանկացել  մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ Քյարամյանի նշանակումն արդեն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը:

Շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  Երեւանում անցկացրել է խոստացած հանրահավաքը, քննադատել իշխանությանը, որ տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում հարկերը 4-6 անգամ բարձրացնում է:  Ծառուկյանն ասել է, որ իր դեմ քրեական գործով  մարզերից 10 հազար մարդ են կանչել քննության, բայց ինքը գիտի, որ արդար է:

Մինչեւ այդ ԲՀԿ առաջնորդն արձագանքել էր NEWS.am-ի հարցին, թե ում էր ուղղված նրա ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը  իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հայկական հարվածային անօդաչուներից եւ գրառում  արել: «Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- նշել է նա։

Նախօրեին մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, նախկին նախարար Նորայր Դավիդյանը:  Նա 70  տարեկան էր, եղել է երկրի գլխավոր այրվածքաբանը, 2003 -2007 թվականներին գլխավորել  առողջապահական գերատեսչությունը։

Հայաստանում մահացել է 1223 կորոնավարակակիր:  Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի:  Կորոնավիրուսի հետեւանքով նախօրեին մահացել է 6 քաղաքացի

Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. առողջապահական համակարգն արել է իր առավելագույնը,  լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առողջապահության ոլորտի մասով պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է:

Ուզբեկստանի փոխվարչապետ  56-ամյա Ուկտամ Բարնոեւը մահացել է կորոնավիրուսից: Հուլիսին կորոնավիրուսից մահացել էին խորհրդարանի ղեկավար Մուսա Երնիյազովը եւ Ուզբեկստանի ֆինանսների փոխնախարար Երկին Տուրսունովը:  Ուզբեկստանում գրանցվել է վարակման 51 235, մահվան 429 դեպք:

Բելառուսում ցույցերը շարունակվում են. Գոմելում ցուցարարների եւ ՕՄՕՆ-ի աշխատակիցների միջեւ կիրակի բախումներ են եղել: Ցուցարարներ են ձերբակալվել Մինսկում, Գրոդնոյում եւ Բրեստում: Լուկաշենկոյի նստավայրի մոտ ուժայիններ են հավաքվել, ջրցան մեքենաներ են տեղակայվել: Փակ են Մինսկի կենտրոնում 6 մետրոյի կայարանները:  

Վերջին օրերի համացանցի հայկական հարթակի հիթ էր դարձել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանի պարը. տեսանյութում երեւում է, որ նա անսովոր հագուստներով տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարել է: Քննակումների մասնակիցները նրա սթափ լինելը կասկածի տակ են դրել:

Հայկական հարթակներում լայն արձագանք է գտել նաեւ երգչուհի Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակը, որի հեղինակները ոգեշնչվել են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։ Գագայի խոսքով՝ ստեղծագործությունն անձնական պատմություն է մենթալ առողջության եւ այն մասին, թե ինչպես իրականությունն ու երազանքները կարող են փոխգործացկել՝ մեր մեջ ու մեր շուրջ հերոսներ ձեւավորելու համար։  Կինոգետ Զավեն Բոյաջյանը պարադոքս է համարում, որ շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան՝ բուն փարաջանովյան կինոյից: Այնտեղ կանանց առևանգող մոլագարի ներաշխարհն էր՝ ձևավորված նշանավոր նկարչական կտավների ոգով, այստեղ էլ հոլովակի հերոսուհու ներաշխարհն է ոճավորված կինովերհուշերով, ընդ որում՝ երկու դեպքում էլ առանց որևէ պատճառաբանվածության, պարզապես հանուն տպավորիչ էսթետիզմի, նշել է կինոգետը:

Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա առիթով երկու նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել, որոնք կգրանցվեն Գինեսի գրքում: Երեւանի Շահումյանի հրապարակում Սաքունց եղբայրները ատամներով բռնած ճոպաններով մի քանի մետր տեղաշարժել են 4 տոննա ավտոմեքենա եւ 10 տոննա ավտոբուս:

Հանգստյան օրերին արտաքին արժույթների փոխարժեքները չեն փոխվել. ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում է 485.26 դրամ, եվրոյինը՝  574.98 դրամ, բրիտանական ֆունտինը՝   629.67 դրամ,  ռուսական ռուբլու փոխարժեքը 6.46 դրամ:

  Սեպտեմբերի 22-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ: Օրվա երկրորդ կեսին Երեւանում նույնպես անձրեւ կտեղա:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը` +28 +30:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ