News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թեժ մարտերը արցախյան ճակատում շարունակվում են. հարավում հայկական պաշտպանական գիծը ճեղքելու հակառակորդի համառ եւ անպտուղ փորձերից օգտվելով՝ Պաշտպանության բանակը հաջողություններ է գրանցել հյուսիսարեւելյան ուղղությամբ կռիվներում։ Երեկոյան հակառակորդը կրկին թիրախավորել էր Շուշին։

Այսօր հրապարակվել են տեսանյութներ՝ ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի երկու պահեստների ոչնչացումից, դրանցից մեկի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր։

Նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը զարմանքով գրել է. «Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի»։

Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հակառակորդի հետ մարտերում նահատակված 80 հայ զինծառայողների անունները։

Հայկական կողմը կոչով դիմել է Իրանին` թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել սահմանային Արաքս գետը, ճեպազրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ իրանական կողմից կա պատասխան եւ` ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով: Բանն այն է, որ մարտերի ընթացքում թշնամին փորձել է ուժ կուտակել Արաքսի հովտում եւ անցնել հարձակման: Հետախուզությունը ժամանակին բացահայտել է հակառակորդի գործողությունները, եւ ճշգրիտ հրթիռային հարված է հասցվել: Չեզոքացվել է լավ զինված երեք բրիգադ, ամբողջ խմբավորումը ոչնչացվել է: Հակառակորդը տասնյակ դիակներ եւ մեծ թվով զրահամեքենաներ է թողել մարտի դաշտում, այդ թվում` չվնասված:

Հովհաննիսյանը հայտնել է, որ երեկ՝ ժամը 14-ի սահմանում Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ բարձունքը: Այստեղ հակառակորդը թողել է վեց դիակ։

Արդեն երեկոյան լավ լուր հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվել է կորցրած դիրքերից մեկը, այլեւ հնարավոր է դարձել փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է թշնամական զորքերի ոչնչացման եւ փախուստի հերթական կադրեր:

Մեկ այլ տեսանյութում պաշտպանության բանակը ներկայացրել է հակառակորդի խոշոր կուտակման ոչնչացումը Ջաբրայիլ մտնելու փորձի ժամանակ։ Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը,  բայց գլխովին ջախջախվել է, դուրս է շպրտվել իր հարձակողական բնագծերից։

Ի դեպ, Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ հասարակությունից թաքցնում է ռազմական կորուստների մասին տվյալները։ Ռազմական կորուստների մասին տեղեկատվությունը ներկայումս գաղտնի է «Ադրբեջանի հասարակությունը դրանց մասին կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո՝ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է նա:

Հինգշաբթի օրը Ժնեւում  Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա նշել է, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն և հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել բանակցությունների վերսկսմանը»:

Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը»,– գրել է նա։

Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այց կկատարի Ժնեւ։

 «Այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ նրանց հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Զոհրաբ Մնացականյանը բանակցություններ կանցկացնեն հոկտեմբերի 12-ին Մոսկվայում: Այս մասին  հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հոկտեմբերի 12-ին ծրագրվում են Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները Մոսկվա Մնացականյանի պլանային այցի շրջանակում»,-ասել է դիվանագետը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Հիշեցնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ն ասել է, որ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի երկրի նկատմամբ: «Հայաստանի ղեկավարությունը ոչ մի հարց չունի Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»,- ասել է նա «Ռոսիա 24»-ին: Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել։ «Կրակը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է նա:

Լեռնային Ղարաբաղի սահման բերված գրոհայինները խորը մտահոգության առիթ են Ռուսաստանում, հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հնարավոր հակազդման մասին:

Հայաստանի հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան»,– գրել է նա։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը. սա առնվազն պաշտոնապես հրապարակված՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին շփումն է տարածաշրջանում ռազմական գործողությունների սկզբից ի վեր: Առիթը Պուտինի տարեդարձն էր, որն Ալիեւը շտապել է շնորհավորել։

Ալիևը շարունակում է հայտարարություններ անել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին այլ երկրներ ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով Թուրքիային։ Կարգավորմամբ պետք է զբաղվի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաեւ այլ երկրներ, այսօր ասել է նա։ «Այն երկրները, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է տարբեր լինել, քան Մինսկի խմբի կազմն է այսօր»,- ասել է Ալիեւը:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն էլ ակնարկել է Թուրքիային բանակցային գործընթացին ներգրավելու տարբերակի մասին։ Նա, մասնավորապես, հայտարարել է. «Թուրքիան ինքը հայտարարում է, որ Մինսկի խումբը հակամարտության լուծման համար հաջողված ձևաչափ չէ։ Այդ մասին անձամբ ինձ ասել է իմ թուրք գործընկերը հեռախոսազրույցի ժամանակ։  Ուստի պետք է քննարկել, թե որ կողմերն են ներգրավված լինելու բանակցությունների մեջ, և արդյոք հակամարտության կողմերին կարող ենք բերել բանակացությունների սեղանի շուրջ։ Այս պահին Մինսկի խմբի ձևաչափը չէ, որ քննարկվում է որպես բանակցությունների ձևաչափ։ Ավելի շատ մտածում ենք այն երկրների մասին, որոնք մեծ ազդեցություն ունեն հակամարտության կողմ հանդիսացող երկրներում»,- ասել է Մաասը։

 Նա նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա, եթե վերջինս շարունակի հրաժարվել բանակցություններին վերադառնալուց։

Բրյուսելում Եվրամիության շենքի դիմաց հավաք կազմակերպած հարյուրավոր հայերի ցույցը Ոստիկանությունը ջրցան մեքենայով փորձում է ցրել։ Հավաքի միջոցով հայերը կոչ են անում Արցախում տեղի ունեցող հակամարտության աջակցել Հայաստանին։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել առաջնագիծն այսօր հերոսաբար պահող մեր տղաներից։ Այս փոքրամարմին ու մանկադեմք հսկան Դոխոյան Հարությունն է։ Նա մեր հերոսներից է։ Նա խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ եւ 1 ՏՕՍ, ֆեյսբուքյան իր էջում գրել է նա եւ հրապարակել Դոխոյանի լուսանկարը։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 672 նոր դեպք է գրանցվել,  վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53755-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացած վարակակիրների թիվը 1297 է:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչը մերժել է նրա խափանման միջոցի դեմ պաշտպանների բողոքը։ Պաշտպանները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով հասել է 490.17 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.95 դրամով ու կազմել 576.34 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.42 դրամով  ու կազմել 631.39 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.26 դրամ:

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +19+21:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ