News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Գերատեսչության խոսնակ Աննա Նադալյանը հրապարակել է նաեւ Մնացականյանի ձեռագիր դիմումը, թերեւս արձագանքելով Ազգային Ժողովում «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքն է ԱԳ նախարարին աշխատանքից ազատելու որոշում կայացրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Հիշեցնենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետին վարչապետը նշանակել էր Սյունիքի պաշտպանության համակարգող։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրություն է ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որում խնդրել է ներկայանալ խորհրդի նիստին, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Պարզվել է՝ խոսքը վերաբերում է Կոռուպցիայի կանգարգելման հանձնաժողովի վարույթին, որը սկսվել էր դեռ 2020թ․-ի հուլիսին։ Նիստը հետաձգվել է, քանի որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել։

Վարչապետ նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու և իշխանությունը յուրացնելու մեջ մեղադրվող բոլոր չորս անձիք՝ Արթուր Վանեցյանը, Աշոտ Մինասյանը, Վահրամ Բաղդասարյանը և Աշոտ Ավագյանը այս պահին ազատության մեջ են։ Դատարանը բոլորի ձերբակալումները ճանաչել է ոչ իրավաչափ։ Ընդ որում, Վանեցյանին և Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություններն արդեն մերժվել են։

Վարչապետը խորհրդարանում իր կուսակիցների բազմաթիվ հարցերի է պատասխանել, հիմնականում պնդելով, թե այսօրվա իրողությունները 30-ամյա բացթողումների հետեւանք են։ Նա անդրադարձել է նաեւ Շուշիի կորստին։

Փաշինյանի խոսքով՝ վերջին 2 օրում Շուշիից մեր 300-ից ավելի հերոսների մարմին է դուրս բերվել։ Նրա խոսքով՝ վերջին 2,5 տարվա շփումները իր համար կասկած չեն թողել, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂ կարգավիճակից եւ տեսանելի  ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից:

Արտգործնախարարությունն ըստ էության հերքել է վարչապետին։ Ֆեյսբուքի իր էջում արտաքին գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը գրել է, որ խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Կեսգիշերին մոտ հանրությանը, հիմնականում սոցհարթակներում, փոթորկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ֆեյսբուքյան գրառումը. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Գրառմանն անմիջապես արձագանքել էր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  այն համարելով խիստ վտանգավոր: «Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների:  Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար», նշել էր օմբուդսմենը:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ իրեն է դիմել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որը վարչապետի գրառումը քննադատելու համար մահվան սպառնալիքներ է ստանում։ Արման Թաթոյանը նշել է, որ ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին, Գլխավոր դատախազին, մյուս քննչական մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկելու օրենքով սահմանված քայլեր Փաշինյանի գրառման առնչությամբ։ «Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այլեւս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության եւ հասարակության համար: Հորդորում ենք ժամ առաջ մեկուսացնել Փաշինյանին»,- գրված է ԲՀԿ հայտարարությունում

Վարչապետի հիշյալ գրառումից հետո պաշտոնաթող է եղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը  Վարագ Սիսեռյանը։ Նա նաեւ դադարեցրել է անդամակցությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը

Գիշերը արձագանքներ են եղել նաև «Իմ քայլը» խմբակցությունից. «Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված« Ֆեյսբուքում գրել է «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նույն խմբակցությունից Թագուհի Թովմասյանը  նշել է, որ «Իմ քայլից» դուրս գալու դիմում կներկայացնի առավոտյան։ «Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում», գրել է նա։

Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրել է, որ եթե «Իմ Քայլը» անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի՝ ինքը վայր կդնի մանդատը: «Վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում»,- գրել է նա:

Միացյալ Նահանգների դեսպան Թրեյսին թափանցիկ կերպով անթույլատրելի է համարել բռնությունը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը դեսպանն ասել է, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում:

Իսկ այսօր առավոտյան կայացած առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով իր գիշերային գրառումը, ասել է, թե ընդամենը ցանկացել է վերադարձին հանդիպել կռված տղաների հետ։

Վարչապետն ասել է, թե իրեն մեղադրեց մարդու իրավունքների պաշտպանը, որն, ըստ նրա, չէր արձագանքել Արարատ Միրզոյանի ծեծին։ Արման Թաթոյանն անմիջապես հայտարարել է, որ Փաշինյանի այդ խոսքը չի համապատասխանում իրականությանը։

Ազատության հրապարակում երեկոյան գումարվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, որը կազմակերպել են 17 ընդդիմադիր կուսակցությունները:

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը սրտի կաթված է ստացել: Սրբազանն այժմ Երեւանում է, բայց մեկնելու է արտերկիր` վիրահատության նպատակով:

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը ՍոլովյովLive-ի եթերում ANNA News-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոյի հետ քննարկել է Շուշիի կորուստը: «Զինվորները կանգնել են եւ կռվել, այն դեպքում, երբ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար վարչապետը եւ Արցախի նախագահը նրանց հայտարարել են գոյություն չունեցող, իսկ Շուշին՝ հանձնված անառիկ ամրոց»,- նշել է Սոլովյովը: Խարչենկոն ասել է, որ Շուշին չի պատրաստվել պաշտպանությանը, Շուշի տանող միակ ճանապարհը կարելի էր ինչ-որ կերպ ականապատել,  անել այնպես, որպեսզի Շուշին դառնա անառիկ ամրոց:

«Komando» էլիտար թուրքական ջոկատայինները փախուստի են դիմել Մարտունուց պատերազմի վերջին օրը, @wargonzo Թելեգրամ ալիքում գրում է լրագրող Սեմյոն Պեգովը: Նախագծի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք արել են հայերը Մարտունու ճակատում, որտեղից ադրբեջանցիները սկսել են նահանջել՝ ուժեր ուղարկելով Շուշիի գորհի համար: Սպանված սպաներից մեկի դանակից ունեն միայն թուրքական «ռենջերները», ինչից կարելի է եզրակացնել, որ հայերի դեմ կռվել են նաեւ թուրքական «Komando»-ի հատուկ նշանակության ջոկատայինները: «Այդ ֆոնին նախագիծը, որն այսօր Էրդողանն ուղարկել է խորհրդարան, որը վերաբերում է Ադրբեջան թուրքական զորքեր մտցնելուն, զավեշտ է, քանի որ թուրք զինվորականները սկզբից էլ ակտիվ մասնակցել են հակամարտությանը»:

Նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում մահացել է 2242 կորոնավարակակիր։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու  549 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 886-ի: Երեկվա ընթացքում մահացել է 29 վարակակիր, նրանցից 4-ը՝ այլ հիվանդության պատճառով։ 

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում  Հայաստանի ազգային հավաքական Թբիլիսիում հյուրընկալվել էր Վրաստանի հավաքականին եւ առավելության հասել 2։1 հաշվով։ Գոլերը Տիգրան Բարսեղյանի փոխանցումներից հետո խփել են Գեւորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը։ Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի թիմը կմրցի մակեդոնացիների հետ, հաղթանակի դեպքում հայկական ընտրանին կգրավի խմբում առաջին տեղը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.20 դրամով ու հասել 497.14 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.26 դրամով ու կազմել 588.86 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.53 դրամով ու կազմել 655.08 դրամ,  ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու հասել 6.47 դրամ:

Նոյեմբերի 17-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Երեւանում տեղումներ չեն սպասվում։ Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0-ից +2, վաղը ցերեկը +11-ից +13։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ