News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքը դեկտեմբերի 1-ին Արցախի Քաշաթաղի շրջանի՝ Ադրբեջանին անցնելուց հետո սահմանամերձ է դարձել։ Համայնքի վարչական ղեկավարի տեղակալ Արկադի Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղն այժմ սահմանից առավեագույնը 400 մետր է հեռու, իսկ հայկական դիրքերը՝ գյուղից 200։

«Ահագին առաջ ենք եղել, ամսի 1-ին հետ ենք եկել 8 կմ։ Դե ինչ անենք՝ պետական սահմանը էդտեղով է անցնում, բանը դա է, սահմանը GPS-ով են գծում։ Ժամանակին՝ 23 թվին, էդ տարածքը մեր գյուղինն է եղել, ասել են՝ վարելահող է եղել, տվել են թուրքերին, տենց էլ մենք տուժել ենք։ Հիմա գյուղի միակ ճանապարհի երեք կողմով իրենք են։ Կյանքի ճանապարհն է, դա էլ մեր կյանքի ճանապարհն է․․․»,- ասաց նա։

Գյուղի դիրքերը պահում է տեղացիներից կազմված ջոկատը։

«Գյուղի ազգաբնակչությունն է միայն, օգնող ուժեր չունենք։ Մարդը, որ երկու օր պետք է կագնի, 5 օր է կանգնում, 10 օր պետք է կանգնի, 15 օր է կանգնում։ Անցած ամսի 20-ից դիրքեր ենք պահում»,- ասաց Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ գյուղացիների տրամադրությունը վատ չի․ «Մենք մեր գյուղն ենք պահում, դրանով ենք մտածում, որ արդար գործ ենք անում»։

Գյուղի արոտավայրերի եւ արտերի զգալի մասը մնացել են սահմանից այն կողմ։

«Գյուղատնտեսության պրոֆիլը պետք է փոխենք, պետք է ջերմոցային տնտեսությամբ զբաղվենք, ինտենիսվ անասնաբուծությամբ»,- նշեց մեր զրուցակիցը։

Կոռնիձորը 1050 բնակիչ ունի, գյուղից, Արկադի Խաչատրյանի խոսքով, այս պահին արտագաղթ չկա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ