Հակաիշխանական գրառումներով ֆեյսբուքյան իր էջում կիսվելու պատճառաբանությամբ՝ այսօր՝ ապրիլի 1-ին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով աշխատանքից ազատվել է Սեւանի քննչական բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անտոնյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
ՔԿ նախագահի հրամանում ասվում է, որ Անդրանիկ Անտոնյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել ու տարածել է Հայաստանի, Արցախի իշխանությունների, ՀՀ վարչապետի գործունեությունը քննադատող նյութեր եւ տեսանյութեր, ինչպես նաեւ առերեւույթ թույլ է տվել ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին անվայել արարք ՝ կիսվելու միջոցով տեղադրել եւ տարածել է «Жизнь ворам», « Запомни брат как дважды два кто предал раз предаст и два» գրառումով լուսանկարը՝ կոպիտ կերպով խախտելով «ՀՀ Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի 2–րդ մասի, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի 2018թ. օգոստոսի 20–ի «ՀՀ Քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» թիվ 114–Լ հրամանով հաստատված հավելվածի 3–րդ գլխի 27–րդ կետի 1–ին, 4–րդ, եւ 5–րդ ենթակետերի պահանջները։
Փաստաբան Հովսեփյանը սա համարում է քաղաքական հետապնդում եւ պատրաստվում է հրամանը բողոքարկել Վարչական դատարան։
««Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի 2–րդ մասը սահմանում է, որ ՔԿ ծառայողը պետք է քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն դրսեւորի։ Անդրանիկն ընդամենը ինչ–որ նյութերով կիսվել է իր ֆեյսբուքյան էջում, որեւէ մեկնաբանություն, դիրքորոշում կամ կարծիք չի հայտնել։ Քննչական ծառայողի վրա «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածով երկու արգելք է դրվում. որեւէ կուսակցության անդամ լինելը եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելը։ Այս երկուսից ո՞ր մեկն է խախտել Անդրանիկ Անտոնյանը, ոչ մեկը»,– ասաց Հովսեփ Սարգսյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Անդրանիկ Անտոնյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ ֆեյսբուքյան իր էջում այսպես ասած՝ «հականիկոլական» նյութերով կիսվելու համար։
Մասնավորապես, խոսքը «տարածքների հանձնման, պատերազմում զոհվածների թվի, Նիկոլ Փաշինյանի դավաճանության» եւ այլ նմանատիպ բովանդակություն ունեցող գրառումների մասին էր։ Ծառայողական քննության նյութերը ներկայացվել էին կարգապահական հանձնաժողովին։ Քննչական կոմիտեի նախագահն առաջարկություն է ներկայացրել քննիչին հեռացնել աշխատանքից, եւ կարգապահական հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը։





























