Հայտնի է դարձել այսօր` հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարից վիրավորված անձանց ինքնությունը:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի ենթարկված «Շեւրոլե» մակնիշի 22 ՍՍ 648 համարանիշի ավտոմեքենայի վարորդը եղել է Երեւանի Ուլնեցի փողոցի բնակիչ 40-ամյա Հրաչյա Մարգարյանը, իսկ ուղեւորները` 11-ամյա Էդգար Մարգարյանը, 23-ամյա Էդգար Մանուկյանը եւ 24-ամյա Տիգրան Գրիգորյանը: Նրանք տեղափոխվել են Սեւանի հիվանդանոց: Իսկ 24-ամյա Հովհաննես Սարգսյանը, 22-ամյա Արմեն Տեր-Միքայելյանը եւ 22-ամյա Արման Պողոսյանը վթարի վայրից տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց:
Ավելի վաղ դեպքի վայրից ֆոտոլրագրողը NEWS.am-ին հայտնել էր, որ այսօր ժամը 18:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին: «Շեւրոլե» մակնիշի 22 ՍՍ 648 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը եւ մետաղե արգելապատնեշին, ապա մոտ 30 մետր գլորվել ձորը: Դեպքի վայրից Սեւան քաղաքի բժշկական կենտրոն էին տեղափոխվել այդ ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները:
ՃՈ աշխատակիցների հանձարարականով վթարի վայր է ժամանել վերամբարձ կռունկը, որի օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից եւ տեղափոխվել ոստիկանության Սեւանի բաժնի տուգանային հրապարակ:
Ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքի քննիչ Արամ Մարտիրոսյանի հանձնարարությամբ, ով ղեկավարում է քննչական աշխատանքները, նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























