Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեին: Ալիեւը բավարարություն է հայտնել փաստի առթիվ, որ Թբիլիսին եւ Բաքուն դարձել են քույր-քաղաքներ, հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Քալաձեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին «Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում աջակցության համար՝ նշելով, որ Վրաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

«Երեկ ստորագրվել է շատ կարեւոր փաստաթուղթ եղբայրության մասին (Բաքուն եւ Թբիլիսին դարձել են քույր-քաղաքներ): Սակայն մենք միշտ ենք եղել եղբայրներ, միշտ սատարել ենք միմյանց: Անձամբ ինձ համար Ադրբեջանը շատ հարազատ երկիր է, ես այստեղ շատ ընկերներ ունեմ: Ես այցելել եմ այստեղ՝ լինելով էներգետիկայի նախարար, եւ շատ ուրախ եմ կրկին Բաքվում լինելու համար»,-հայտարարել է Քալաձեն: