News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

«Հայաստան» դաշինքը 8–րդ գումարման Ազգային ժողովի ձեւավորումից հետո, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով  առաջարկելու են չեղարկել 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական վճարի հնգապատկման վերաբերյալ օրենքը։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։

«Առաջին իսկ օրից այդ օրենքի նախագիծը մեր դաշինքի անդամների կողմից սուր քննադատության է արժանացել։ Հիմնավորում են, թե պատգամավորների նյութական միջոցների սղության պատճառով պետք է ավելացնել այդ վճարը,  բայց հիմա հազար տեսակ պատճառաբանություն կարելի է բերել։ Տվյալ դեպքում նկատելի է, որ այդ գումարի չափը, որն ամսվա կտրվածքով հատկացվելու է պատգամավորներին, եթե հաշվարկում ենք այն պարգեւավճարների արատավոր սխեման,  որը գործել է նախորդ երեք տարիներին, հարկերը հանած գրեթե նույն գումարն է տարվա կտրվածքով։ Անզեն աչքով էլ երեւում է,  որ իշխանությունը հասկանում է, որ ապագա խորհրդարանում ընդդիմության առկայության պատճառով իրենք այլեւս հնարավորություն չեն ունենա շատ հեզասահ պարգեւավճարներ բաշխել պատգամավորների միջեւ, իրենք փորձեցին այդպիսի լուծում գտնել, հույս ունենալով, որ դե գումար է, դրա համար էլ բողոք չի լինելու, բայց խորհրդարանի աշխատանքները սկսելուց հետո մենք նախաձեռնությամբ ենք հանդես գալու, առաջարկելով չեղարկել այդ օրենքը։  Բոլոր փաստարկները դեմ են առնում մի կարեւոր կետի՝ սոցիալական անարդարության. ի՞նչ ասի ուսուցիչը, բժիշկը, զինվորականը եւ սոցիալական այլ խմբեր, երբ չկա այդ համահավասարությունը»,– ասաց Գեղամ Մանուկյանը։

Նմանատիպ նախաձեռնությամբ  հանդես գալու մտադրություն ունի նաեւ ընդդիմադիր երկրորդ ուժը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։  Մեզ հետ զրույցում դաշինքի անդամ Աննա Մկրտչյանն ասաց. «Կարծում ենք, որ 250 հազար դրամի հետ կապված համաչափության խնդիր կա։ Մենք եւս նախաձեռնությամբ ենք հանդես գալու  250 հազար դրամի չեղարկման մասով։ Իհարկե, եթե «Հայաստան» դաշինքի հետ նախաձեռնության վերաբերյալ միանման կարծիքներ լինեն, միավորումը հնարավոր է»։

Նշենք, որ խորհրդարանը հուլիսի 15–ին, արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը,  որի համաձայն հնգապատկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դառնալով 250 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ