News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխարհում սուրճի գները կմնան բարձր հիմնական արտադրողների՝ Բրազիլիայի, Կոլումբիայի եւ Վիետնամի կողմից ցածր առաջարկի պատճառով: Ընդ որում, հենց ասիական երկիրն է գները բարձրացրել: Այս մասին հայտնել է CNBC-ն՝ Fitch վարկանիշային գործակալության տվյալներին հղում կատարելով: Գները բարձր կմնան առնվազն մինչեւ 2022 թվականը:

Վիետնամում՝ սուրճի երկրորդ խոշոր արտահանող երկրում, համավարակային իրավիճակը բավականին լուրջ է: Երկիրը կարեւոր դեր է խաղում մատակարարումների համաշխարհային շղթայում: Վարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումներն ու գործարանների փակումը հարվածել են երկրի արտադրությանը եւ արտահանմանը՝ ազդելով ապրանքների համաշխարհային մատակարարման վրա՝ սուրճից մինչեւ հագուստ ու կիսահաղորդիչներ:

Օգոստոսին վիետնամական սուրճի արտահանումը հուլիսի համեմատ նվազել է 8.7 տոկոսով (մինչեւ 111.69 տոննա): Վիետնամը հունվար-օգոստոս ամիսներին արտահանել է 1.1 միլիոն տոննա սուրճ՝ 6.4 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ, սակայն սուրճի արտահանման հասույթը աճել է 2 տոկոսով եւ կազմել մոտ 2 միլիարդ դոլար:

Վիետնամից արտահանման նվազումը եւ այլ առաջատար արտադրողների արտադրության անկումը հանգեցրել են սուրճի համաշխարհային գների բարձրացման: Օրինակ՝ Բրազիլիան՝ սուրճի ամենամեծ արտահանողը, ցրտահարության եւ երաշտի պատճառով կորցրել է բերքի մի մասը: Եղանակային վատ պայմանները ազդել են նաեւ Կոլումբիայի վրա: Իսկ երկրում կորոնավիրուսի նոր շտամի հայտնվելը, հնարավոր է, հանգեցնի հետագա արգելափակումների, աշխատուժի պակասի եւ արտադրության սահմանափակումների:

Refinitiv-ի տվյալներով՝ «Արաբիկա» սուրճի ֆյուչերսներն այս տարի աճել են մոտ 45.8 տոկոսով, իսկ «Ռոբուստա»-ի ֆյուչերսները` 52.2 տոկոսով: Վերլուծաբաններն ակնկալում են, որ սահմանափակումների վերացման հետ մեկտեղ, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պահանջարկը մոտ ապագայում մեծանալու է: Refinitiv-ի հաշվարկով՝ այս տարի սուրճի գները աճելու են մինչեւ 1.60 դոլար մեկ ֆունտի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ