News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի կարծիքով` ադրբեջանցիները դեռ փնտրտուքների մեջ են` չգիտեն ինչպես վարվել հայկական Տիգրանակերտ քաղաքի հետ` ներկայացնել աղվանական, թե ոչնչացնել այն:

«Տիգրանակերտը բազմաբովանդակ հուշարձան է, այնտեղ կա այն, ինչը կառուցվել է Տիգրանի ժամանակ եւ ըստ էության այդ դասական հելլենիստական ամրաշինական համակարգը հազիվ թե Ադրբեջանի չգիտեմ պետություն ասեմ, կամ չգիտեմ ինչ ասեմ, քարուքանդ անեն: Նախ տեխնիկապես դա շատ բարդ է, երկրորդն էլ` իրենք կարող են մեկ ուրիշ մեկնաբանություն տալ, ինչը նույնպես շատ դժվար է: Եւ երկրորդ` այնտեղ կա վաղ քրիստոնեական հրապարակ, այդ հրապարակում կան եկեղեցիներ, դամբարան: Պեղումների ժամանակ ահագին հայերեն արձանագրություններ են գտնվել, այնտեղ կան ժայռափոր քրիստոնեական տաճարներ: Ես չգիտեմ` այդ հուշարձանները ինչ ճակատագրի կարժանանան, որովհետեւ առաջին իսկ ադրբեջանական մոտեցումները ինչ-որ հիմար բաներ էլի, ասենք իբր դա եկեղեցի չէ, որ մենք ենք բերել, փորձել եկեղեցու նմանեցնել եւ նման անհեթեթություններ: Այսինքն որ իրենք սկսում են նման անհեթեթություններ ասել, ես մտածում եմ, որ ինչ-որ այլ մտադրություն ունեն, երբ որ ավելի չեզոք են մնում, մտածում  եմ, կթողնեն, բայց մեկ այլ մեկնաբանություն կտան: Այսինքն հստակ քաղաքականություն է էլի, այն ինչը , որ հասկանում են հստակ հայկական է, մտածում են դրա հետ ինչ-որ մի բան անեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա` նշելով, որ իր կարծիքով ադրբեջանցիները կշարունակեն պեղումները, քանի որ շատ հետաքրքիր է:

Հնագետի խոսքով` բարդ է նաեւ Տիգրանակերտը որպես աղվանական ներկայացնելը, քանի որ  եթե Տիգրանի ժամանակ մի քաղաք է կառուցված փոքրասիական ճարտարապետական նվաճումների հիման վրա, ո՞նց են  կոչելու աղվանական, կամ ոնց են բացատրելու,թե ճարտարապետները ոնց են Փոքր Ասիա եկել:

«Նրանց հետազոտողներից մեկն ասում է աղվանական Տիգրանակերտ, եթե Տիգրանակերտ, ապա էլ ինչ աղվանական: Ես կարծում եմ` իրենք հիմա փնտրտուքների մեջ են` ինչպես մոտենալ»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանը նշեց, որ մշակութային ժառանգության հարցերով զբաղվող կազմակերպություներ, նաեւ անհատ հնագետներ ջանքներ են գործադրում, որպեսզի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգությունը չոչնչացվի:

«Առայժմ Ադրբեջանի հնագետներն իրենց դուրս են պահում ակադեմիական բարեվարքությունից: Այսինքն, եթե ասում են, որ Պետրոսյանը ստախոս է, հանցագործ է, ո՞նց  կարող ենք նման մարդկանց հետ համագործակցել: Բայց պետք է քայլեր ձեռնարկել, մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Պետական մակարդակով որեւէ գործունեության մասին ես որ չեմ լսել, տեղյակ չեմ, գիտեմ, որ եկեղեցին է փորձում իր կապերով ինչ-որ բան անել, Մայր Աթոռում գրասենյակ կա, որն այդ հարցերով է զբաղվում, մեկ էլ մեր խումբն է զբաղվում այդ հարցով, սակայն մենք էլ հասարակական կազմակերպություն ենք, պետություն չենք: Մի շարք այլ  հասարակական կազմակերպություններ էլ են այդ հարցով զբաղվում, բայց պետական հստակ քաղաքականություն ուղղված դրան չկա:

Համլետ Պետրոսյանը հավելեց, որ Տիգրանակերտից իրեն հաջողվել է, որոշ բաներ փրկել, սակայն այդ մասին դեռ չի ցանկանում բարձրաձայնել:

Տպել
Ամենաշատ