News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 37-րդ՝  նոյեմբերի 2

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել: Բազմաթիվ հայեր ՀՀ եւ ԱՄՆ դրոշներով, պաստառներով վանկարկել են «Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեսանյութ է հրապարակել եւ գրել․ 

«Միայն այսօր Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են այն բանի, որ արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս, և Բաքվի բռնապետը ստիպված է եղել արտատարածքի (էքսկլավի) մարդուժը (ամենայն հավանականությամբ, հատուկջոկատայիններին) տեղափոխել պատերազմական գոտի, որտեղ էլ նրանք ոչնչացվել են մեր փառապանծ բանակի կողմից։

Կից տեսանյութում՝ ոչնչացված բաշիբոզուկների դիակների առաքումն է Նախիջևան»։

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ․

«Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լևոն Գրիգորյանին ազատել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից,  նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են փոխնախարար Արմեն Թովմասյանին: Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

ԱՀ կառավարությունում այս փոփոխությունները չեն պատճառաբանվել։

Արցախի Հանրային ՀԸ-ն ռեպորտաժ է պատրաստել Արցախ մեկնած քաղաքացիական կամավորների մասին, որոնք օգնում են Բանակի համար կերակուրներ պատրաստող խոհարարներին, բուժանձնակազմերին։ Տեսանյութի հերոսներն են երգչուհի Լուսինե Պողոսյանը, ուսուցչուհի Լիանա Սարաջյանը, բուժհամալսարանի առաջին կուրսի ուսանող Հայկ Գալստյանը:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ՀՕՊ ուժերի կողմից թշնամու հերթական ԱԹՍ-ի խոցման տեսանյութը։ «Թխի... ցավդ տանեմ»,- լսվում է տեսանյութում հայ զինծառայողներից մեկի ձայնը:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի հատուկ բանագնաց Աբաս Արագչին ասել է, որ Իրանի պլանը հիմնված է միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա, այդ թվում` ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման, սահմանների անձեռնմխելիության, օկուպացիայի դադարեցման, փոքրամասնությունների իրավունքների հարգման եւ տեղահանվածների վերադարձի:

«Եթե բոլոր կողմերը բարեխղճորեն գործեն եւ կանխվի տարածաշրջանի սահմաններից դուրս որոշ երկրների միջամտությունը, որոնք ձգտում են ոչնչացնել հարաբերությունները, մենք կկարողանանք արդյունքի հասնել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ում նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հաղորդագրություն տարածվեց, որ Իրանի ծրագիրն ընդունվել է ի գիտություն, այսինքն, ըստ ամենայնի, այն մերժվել է։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է, որ  նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: 

«Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ Ռոլանդ Այդինյանի հրամանատարությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մոտ օրերս մերձամարտ են ունեցել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել:

Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին»:

Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ հանդիպման մասին գրառում է արել Արայիկ Հարությունյանը․ 

«Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում: Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լրագրողներին ասել է, որ այն հայտարարությունները, թե Արցախից փախստականները դրսում են մնացել, իրականությանը չեն համապատասխանում, ինքը պարզել է, որ մարդիկ տեղավորված են, բայց իբր պայմաններից են դժգոհ։ 

«Մենք առաջին հերթին լուծում ենք քաղաքացիների տանիք ունենալու, սնունդով, հագուստով  ապահովելու հարցը և հիմա մենք կացարանի խնդիր չունենք։ Բացառված է, որ մեր հայրենակիցը՝ Արցախի քաղաքացին, գիշերի դրսում»,- ասել է նախարարը, հայտնելով նաեւ, որ գերատեսչությունից բացի, օգնում են նաեւ ձեռներեցները։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո բոլոր 12 ամիսներին բերձորցիները, քաշաթաղցիները, հադրութցիներն ու մյուսները պարբերաբար ցույցեր են անցկացրել, բողոքելով, որ իրենց վտարում են կացարաններից, որ տան վարձի համար դրամը չի բավարարում, որ իրենց փախստականի կարգավիճակ չեն տալիս։ Վերջին ցույցում հադրութցիներն ասել են, որ մտադիր են հումանիտար ապաստան հայցել Ֆրանսիայից։

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ սկանդինավյան խաղաղապահների` Լեռնային Ղարաբաղում տեղակայման գաղափարը, որն առաջարկել է ԱՄՆ-ը, պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ: 

«Պետք է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ»,- ասել է նա:

Ակնհայտ էր, որ սկանդինավցի խաղաղապահների թեման շրջանառության մեջ դնելով, ԱՄՆ-ը փորձում էր այլընտրանք առաջարկել ռուս խաղաղապահներին, ստուգելով նաեւ հակամարտող կողմերի վերաբերմունքը այդ հարցին։

Արցախի նախագահի նստավայրից տեսանյութ տարածվեց  Արայիկ Հարությունյանի եւ Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի անվան ջոկատների  զինվորների հետ հանդիպման մասին․ 

«Առաջին կամավորական ջոկատներին կոչում էին Արաբոյի, Տիգրան Մեծի, այսօր արդեն արցախյան առաջին գոյամարտի հերոսների անուններով: Այդ հերոսների   սերունդն է այսօր պայքարում աշխարհում ամենաժամանակակից սպառազինություն ունեցող բանակի դեմ: Ոչ միայն կռվում, այլեւ պատժում, ոչնչացնում է: Մեր դեմ կռվում են Թուրքիան, տարբեր երկրներից ժամանած վարձկաններ, եւ իհարկե, Ադրբեջանը: Այսօր Բալայանի անվան ջոկատի 5 հոգանոց խմբին հաջողվել է հերթական ապացույցը բերել,  որ մենք կռվում ենք վարձկանների դեմ: Իսկ Մեղրյանի անվան խումբը մի քանի օր անընդհատ կռվում էր ադրբեջանական, թուրքական ամենաէլիտար հատուկ ստորաբաժանումների դեմ Սղնախ, Ավետարանոց հատվածում»,- ասել է նա եւ «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրել Մեղրյանի անվան ջոկատի կամավորներ՝ Գևորգ Կիրակոսյանին, Մխիթար Գրիգորյանին, Էրիկ Պողոսյանին, Հրայր Ասրյանին և Էդիկ Հայրապետյանին:

Վարձկանների խումբը ոչնչացնելու, մեկին էլ գերեվարելու համար «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Բալայանի անվան կամավորական ջոկատի անդամներ Ալեքսեյ Բալայանը (Վ․Բալայանի որդին): «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել են Արմեն Բաղունցը, Արթուր Մնացականյանը (Ներքին Հոռաթաղի գյուղապետ), Հարութ Խաչատրյանը, Գարիկ Գալստյանը:

Միջացառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․

«Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք:  Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»,- նշել է նա:

Արցախցի կանայք կրկին բողոքի ցույց են անցկացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նրանք ասել են, որ 10 օրից ավելի է՝ իրենց առձեռն փոխանցած, նաեւ էլեկտրոնային հասցեով ուղարկված նամակներին չեն արձագանքել.

«Սա ինչ վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, որոնք թողել են իրենց տունը, հայրենիքը, իրենց կռվող հայրերին, եղբայրներին, ամուսիններին, փախել են Երեւան: Գոնե հարգանք ունեցեք 10 րոպե նայելու մեր աչքերի մեջ, 10 րոպե ապրեք այն մղձավանջը, ինչ մենք ենք ապրում 30 օրից ու 30 տարուց ավելի»։

Ակցիայի մասնակիցներին փոխանցել են, որ դեսպան Լին Թրեյսին տեղում չէ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները․ խոցվել է 249 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, իսկ սպանվածների թիվը հասել է 7050-ի:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբ հանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։   Որոշ աղբյուրներ էլ (նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան եւ ուրիշներ) պնդում են, ադրբեջանական կողմից սպանվածների թիվը հասնում է մինչեւ 18 հազարի։

Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանը հայտարարել է, որ  նախօրեին Ադրբեջանի հարձակման փորձը Շուշիի ուղղությամբ կանխվել է․ 

«Երեկ օրվա ընթացքում եւ գիշերը ռազմական գործողությունները ռազմաճակատի տարբեր հատվածներում շարունակվում էին: Ադրբեջանի զինված ուժերը կրկին օգտագործել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ամբողջ զինանոցը` հարձակման անցնելով Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հետախուզության գործողությունների շնորհիվ հակառակորդի առաջ գնալու բոլոր փորձերը ձախողվել են: Թշնամու զորասյուները հայտնաբերվել եւ ջախջախվել են: Հակառակորդի առաջխաղացման հիմնական փորձը Շուշիի ուղղությամբ էր` չնայած ընդհանուր առմամբ նույնը կարելի է ասել ամբողջ առաջնագծի մասին: Բացի այդ, այն կրկին փորձել է ԱԹՍ օգտագործել մայրաքաղաքի վրա: ԱԹՍ-ները խոցվել են»:

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ճակատային գծի հյուսիս-արեւմտյան հատվածում:

«Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, եւ հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը եւս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ն ժամանակին հավաստանշել ու ձեռնարկած գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն եւ ոչնչացրել:

Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո»:

Հակառակորդին ամենուրեք ոչնչացնելու մասին հաղորդումներն արդեն այն ժամանակ առաջացնում էին շատերի տարակուսանքը, որ եթե ոչնչացվում են եւ դրությունը ՊԲ լիակատար վերահսկողության ներքո է,  ինչպե՞ս է հակառակորդը հասել Շուշիի մատույցներ եւ ինչո՞ւ էր նախօրեին Արցախի նախագահը տեսաուղերձով կոչ անում օգնության հասնել եւ պաշտպանել Շուշին։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է․

«Նոյեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում»:

Ակնհայտ է, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը տալիս էր մեծ թվով զոհեր, իսկ Շ․Ստեփանյանի գրառումից կարող էր տպավորություն ստեղծվել, թե այդ օրը մեկ վիրավոր ենք ունեցել։

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ գիշերը և այսօրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը․

«Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան լայվով նշել է, որ Երեւանում կազմակերպվել է բարեգործական համերգ-դրամահավաք՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին։

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբեր ամսին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով: Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ կիրառել միջոցներ. այն է՝ ձեռնպահ մնալ՝ ռազմագերիների և քաղաքացիական այն անձանց նկատմամբ  նվաստացուցիչ վերաբերմունք, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց, հայ զինվորների դիակները խեղելուց:

Տեղեկություններ ներկայացնել ռազմագերիների թվի, անունների և ներկայումս պահվող ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ նրանց բժշկական վիճակի և բժշկական անձնակազմի կողմից զննության ենթարկված լինելու վերաբերյալ:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողների անունները։

Նշենք, որ վերջին մի քանի օրերին ընդհանրապես զոհվածների ցուցակներ եւ անուններ չէին հրապարակվել, իսկ նոյեմբերի 2-ին հրապարակվեց ընդամենը 11 անուն, մինչդեռ զոհվածների թիվը պատերազմի 44 օրերի վրա բաժանելու դեպքում ստացվում է եռանիշ թիվ։

Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը հայտարարել է, որ արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում  են  համայնքի անտառները․

«Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»։

Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները․

«Վիրավորների տարհանման, վերակենդանացման, բուժման համար բուժծառայության մայորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Իշխան Նավասարդյանը և ծառայող Անյուտա Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների: Բուժծառայության մի խումբ սպաներ ու ծառայողներ ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալներով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռուսական մամուլին հայտարարել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում պետք է չեզոք դիրքորոշում պահպանի, ինչպես պահանջում է Մինսկի խմբի համանախագահների մանդատը։ 

Ալիեւը նաեւ ստել է, թե Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվել։ Նախ, պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել էր նաեւ ՀՀ տարածքը, բացի այդ ս․թ․ մայիսի 12-ից հակառակորդը՝ առաջ շարժվելով Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածում, ՀՀ տարածքում է։ 

Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանն» ասել է, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ 

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով զոհվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը, որի անունը այսօր հրապարակված՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների շարքում է։

Զոհվել է գնդապետ Սերգեյ Շաքարյանը, որը պատերազմի առաջին օրերին  արժանացել էր Արցախի հերոս բարձրագույն կոչման: Նրա անունը եւս կա այսօր Արցախի ՊԲ-ի կողմից հրապարակված 11 զոհվածների ցուցակում:

Նա եւ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը միասին են զոհվել։ Հիշեցնենք, որ Սերգեյ Շաքարյանը 17 տարեկանից մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին՝ որպես տանկիստ։ Նրա հայրը զոհվել էր այդ պատերազմում։ 

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից Եվրադատարանի՝  անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը:

Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից 2020թ. հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնության չկատարման և իր ԶՈւ կողմից կլաստերային և հրկիզող զինատեսակների` խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ օգտագործման մասին: Դատարանին են տրամադրել Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Մատաղիսի, Ասկերանի և Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ֆոտո և վիդեո ապացույցներ: Ներկայացվել են նաև հավաստի ապացույցներ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ:

Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի ՄԻ Եվրոպական կոնվենցիայի նորմերի խախտումների համար:

Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանն» ասել է, որ շարունակվող մարտական գործողություններն այնքան սաստիկ չեն, ինչպես պատերազմի առաջին փուլում․ 

«Մարտունի եւ Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին բնագծային ճակատում են ընթանում մարտերը եւ առանձին օջախային մարտեր են ընթանում նաեւ անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են կատարվում եւ Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային զանգված, այդ ուղղությունը մինչեւ Բերձոր»,- հայտնել է նա։

Արծրուն Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ 

«Դավիթ Բեկից ավելի արեւելք մարտական գործողություններ ընթացել են երեկ, այսօր էլ կան, բայց երեկվա ու առաջին օրվա սաստկությանը չկա»,- ասել է նա։

Նա նաեւ վստահեցրել է, որ զորահավաքը բնականոն ընթանում է.

«Մենք ում որ կանչով բերում ենք՝ տանելու, եւ սկսում ենք մարզումներ իրականացնել, երեւի թե 99,9 տոկոսը ժամանակին գալիս, ներկայանում է, գումարած կամավորները, որոնց չէինք էլ նախատեսել տանել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Ն․Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ թասիբը Սփյուռքում բավարար չափով է եռում, իսկ Հայաստանում՝ անբավարար․ «Հիմա զինկոմիսարիատների դիմաց հերթեր պետք է գոյանային», ասում էր նա։

Համացանցում հրապարակվել է սիրիացի ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիի ձերբակալման տեսանյութը: Նրան գերեվարում են Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի մարտիկները, գերվելուց հետո նա արաբերենով փորձում էր խղճահարություն հարուցել, ենթադրելով, թե ցանկանում են իրեն սպանել, պատրաստակամություն հայտնելով ապաշխարել ու ամեն ինչ պատմել իր հավաքագրելու եւ Ադրբեջան բերելու մասին։ 

Եվս մեկ դրվագ «Ազատության» հետ Արծրուն Հովհաննիսյանի զրույցից․

«Ադրբեջանական ԶՈւ ցամաքային եւ հետեւակային պոտենցիալը կոտրված լինելը չի նշանակում, թե չի շարունակվելու հարձակումը, պարզաբանելով, թե ինչ նկատի ուներ ասելով՝ թե «հակառակորդի մեջքը կոտրված է»։

«Օրինակ՝ հակառակորդի հրետանային զորքերն ավելի քիչ կորուստներ են կրել, քան հետեւակը։ Բան այն չէ, որ նրանք այնքան թույլ են, որ չեն հարձակվելու, հենց հիմա էլ Մարտունիի ուղղությամբ մարտեր են։ Կհարձակվեն վարձկաններով, թուրքական ստորաբաժանումներով եւ այլն։ Վարձկանների դերակատարությունը գնալով մեծանալու է։ Ադրբեջանը հենվելու է վարձկան ուժերի վրա։ Մեր տեսադաշտում արդեն ավելի քիչ է հայտնվում ծանր զրահատեխնիկա, ավելի շատ փոքր մեքենաներ են, որոնք ավելի շատ վարձկանների մարտավարությանն են մոտ»։

Առանց մեկնաբանության։

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել է, որ կառավարությունն առաջարկում է եւս մեկով ավելացնել Երեւանի փոխքաղաքապետների թիվը: Նա ռազմական դրության ժամանակ կգլխավորի Երեւան քաղաքի աշխարհազորի բրիգադը:  Այդպիսով, Երեւանի քաղաքապետը կունենա ոչ թե 3, այլ 4 տեղակալ:

Թե ինչ մարտերի է մասնակցել այդ բրիգադը՝ լայն հանրությանը հայտնի չէ․ պատերազմի վերջին օրերին քաղաքապետ Հայկ Մարությանը իր եւ մի խումբ աշխատակիցների՝ զինհամազգեստով լուսանկարներ հրապարակեց։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել կալանավորված սիրիացի վարձկան Մուհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի ու իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների մասին:

Եվս մեկ դրվագ «Ազատության» հետ Արծրուն Հովհաննիսյանի զրույցից․

«Ով է ասում, որ մենք պատրաստ չէինք դրան», ասել է նա պատասխանելով ֆեյսբուքյան օգոտատերերից մեկի հարցին՝ արդյո՞ք, հայկական կողմը չէր կարող 100 տոկոսով պատրաստ լինել հակառակորդի լայնամասշտաբ հարձակմանը։

«Որեւէ մեկը չի կարող պնդել, թե մենք պատրաստ չէինք դրան։ Եթե մենք առաջին 10-15 օրերի ընթացքում մեզանից տասնապատիկ մեծ ուժի հետ, տեխնոլոգիապես գերժամանակակից սպառազինությամբ տասնյակ տարիներ զինված ուժի հետ ենք մարտնչել, դա չի նշանակում, որ պատրաստ չէինք։ Եթե թշնամուն հաջողվել է որոշ տարածքներում առաջ գալ, դա չի նշանակում, որ մենք 100 տոկոսով պատրաստ չէինք։ Մեր զինված ուժերը, մեր ժողովուրդը գտնվելով պատերազմի մեջ նման մեծ դաշնակցած ուժերի հետ, իր խնդիրը իր ունեցած հնարավորությունների սահմաններում կատարել է 100 ու 1 տոկոս ավելին։ Այո, ծանր կորուստների գնով, երբեմն տարածքային կորուստների գնով, բայց կատարել է շատ բարձր մակարդակով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն էր վկայում, որ պատերազմի առաջին ժամերին հակառակորդի հրետանային հարվածներից խոցվել է ՊԲ ՀՕՊ 50, հրետանու 40 տոկոսը, մինչեւ օրս էլ իշխանություններն, այդ թվում վաչապետ Ն․Փաշինյանը (նաեւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանների ընթացքում), իրարամերժ հայտարարություններ են անում վերահաս պատերազմի մասին տեղեկացված լինելու, դրան պատրաստ լինելու մասին։  Անկախ փորձագետները բերում են բազմաթիվ փաստեր, որոնք նույնիսկ ոչ մասնագետների համար ակնհայտ են դարձնում, որ  պատերազմը ժամերի հարց է։

Հայաստանի եւ արտասահմանյան 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում ֆոսֆորական զինամթերքի կիրառումը Ադրբեջանի կողմից:

Հայտարարության հասցեատեր միջազգային կառույցների եւ ազդեցիկ բնապահպանների ցանկում են Բնության պահպանության միջազգային միավորումը (սահմանում է կենդանիների Կարմիր գիրքը), Գրետա Թունբերգը, Բրիջիդ Բարդոյի հիմնադրամը, Կենդանիների փրկարար միջազգային կազմակերպությունը, Լենոարդո Դի Կապրիոյի հիմնադրամը եւ այլ հեղինակավոր կառույցներ։

Banak.info-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է կանխվում  հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ժամը 18:10-ի սահմանում ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի եւ Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, երկուսը` վիրավորվել։ 

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետեւանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը: 

Առ այսօր Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 եւ վիրավորվել առնվազն 142 քաղաքացիական անձ։

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ նախկինում մի քանի անգամ խարդախությունների համար դատապարտված ոմն Հ. Բ.-ն, անհետ կորած զինծառայող Հ. Մ.-ի հարազատներին ներկայացել է որպես ԱԱԾ պաշտոնյա, նրանց որդուն «վերադարձնելու ջանքերի» համար պահանջել է 3 հազար դոլար։ Առաջին հազար դոլարը ստանալիս նա ձերբակալվել է։ 

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ․

«Հասանելի վայրերում հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այսպիսով, թշնամական կողմը  հումանիտար աղետին փորձում է  ավելացնել նաեւ  բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաեւ Արցախի  կենդանական ու բուսական աշխարհին»։

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտու եւ հարակից բնակավայրերի վրա միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ շարունակվող անխնա հարձակումների կապակցությամբ եւ զգուշացրել, որ դրանք կարող են ռազմական հանցագործությունների հավասարեցվել:

«Հակամարտության վերսկսումից հետո կողմերին բազմիցս կոչեր են արվել, այդ թվում` իմ կողմից, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը` խուսափելու կամ գոնե նվազագույնի հասցնելու քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ դպրոցներին ու հիվանդանոցներին վնաս պատճառելը: Փոխարենը տներ են ավերվել, փողոցները վերածվել են ավերակների, եւ մարդիկ ստիպված փախչում են կամ ապաստան են գտնում նկուղներում»,- ասել է Բաչելետը:

Ըստ նրա՝ նման հարձակումների պատասխանատուները կամ հրաման տվողները պետք է պատժվեն: Բաչելետը նաեւ լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական հանցագործությունները վկայող տեսանյութերի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է մի տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները սպանում են գերեվարված երկու հայերի:

NEWS.am-ը ռեպորտաժ է պատրաստել մարտադաշտում անմահացած Մկրտիչ Ղարիբյանի մասին։ 28-ամյա Մկրտիչը մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին։

«Պատերազմի առաջին օրն էր, ընկերներով հավաքված էինք, Մկրտիչն ասաց՝ գնանք կամավորագրվենք, մեր երկիրը պաշտպանենք։ Նույն օրը՝ երեկոյան իրեն թուղթ եկավ, ու ինքը չհասցրեց որպես կամավոր գնալ,  այլ  որպես պահեստազորային գնաց ու մեկ ամիս կռվեց թշնամու դեմ»,-  պատմել է նրա մանկության ընկերը՝ Վազգեն Մկրտչյանը։

Քույրը՝ Մարինեն պատմել է․

«Ես չեմ տեսել նման մարդու, բարի, ընկերասեր, հարգանք ու պատիվ ունեցող։ Եղբայրս  ամեն մեկի հոգսի մեջ մտնող, հասնող, անգին մարդ էր, ինքը գնաց  հերոսաբար կռվեց։ Ես իրեն տրտնջալիս չեմ լսել, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք հաղթելու ենք։ Մենք հարցնում էինք՝ սա վերջ ունի՞, գալո՞ւ ես, ինքն ասում էր՝ կվերջացնենք ու կգանք, տղերքի հետ եմ, մենք հայրենիքի համար ենք կռվում։ Շնորհակալ եմ մորս, որ նման արծիվ ու հզոր որդու է ծնել ու դաստիարակել, հպարտ եմ, որ իր նման եղբայր ունեմ»։

Երեկոյան, ավանդական ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ մարտական գոտում իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի տեղաշարժերն ու վերաբաշխումները նկատվում են ժամանակին եւ հիմնականում ճնշվում են հրետանային կրակով:  Ըստ նրա՝ գիշերվանից թշնամին բազմիցս փորձել է առաջ շարժվել մի քանի ուղղություններով` հյուսիսային, կենտրոնական, հարավային:

«Դրանք ճնշվել են, տեղ-տեղ հակառակորդին մղել են փակուղի ու ոչնչացնել: Վաղ առավոտից Մարտակերտի, Մարտունու եւ հարավային մի շարք ուղղություններով կրկին հարձակման փորձեր են արվել: Բոլոր ուղղություններով, բացառությամբ Մարտունու, փորձերը կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, իսկ որոշ դեպքերում հնարավոր է եղել հետապնդել: Դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել: Սակայն Մարտունու ուղղությամբ հակառակորդին հաջողվել է երկու դիրք գրավել՝ Շեհերի, Ճարտարի ուղղությամբ: Մարտերը շարունակվում են, թշնամին ակտիվորեն օգտագործում է հրետանի ու ինքնաթիռներ»:

Պատասխանելով Դավիթ Բեկ գյուղի առաջին ռմբակոծության դեպքում պաշտպանության նախարարի խոստացած պատասխանի մասին հարցին`ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ համարժեք պատասխան ամեն օր է տրվում (թե ինչ համարժեք պատասխան էր՝ այդպես էլ ոչ ոք չիմացավ՝ NEWS.am)․

«Սակայն պետք չէ մոռանալ, որ թշնամին կենդանի ուժի եւ տեխնիկայի առավելություն ունի, Թուրքիայի ուղղակի օգնություն։ Նրանց կորուստները մեր կորուստներից մի քանի անգամ շատ են: Պատերազմը շարունակվում է: Թշնամին անընդհատ փորձում է առաջ շարժվել: Օգտագործում է իր ողջ ներուժը: Մեր բանակը գործում է գրագետ՝ հսկայական վնաս հասցնելով թշնամուն: Բայց ես վստահ եմ, որ մեր բանակը հստակ տիրապետում է իրավիճակին, օրեցօր այն ավելի փորձառու է դառնում, ավելի լավ է ճանաչում թշնամուն եւ նրա մտքերը, ավելի լավ է գտնում նրա բարձր տեխնոլոգիական միջոցների համար հակաթույնը: Ուստի վստահ եղեք՝ մենք հաղթելու ենք»,- եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը:

Առանց մեկնաբանության։

ՀՀ զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Դավիթ Բեկ համայքնի հրթիռակոծմամբ ՀՀ նկատմամբ իրականցված ագրեսիայի փաստով։ 

Նույն ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ Հայաստանի ՊՆ-ն ստուգում է Ադրբեջանին ֆոսֆորային զենքի մատակարարումների մասին տվյալները:

Արծրուն Հովհաննիսյանը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է տվյալներ ստանալ տիեզերական հետախուզությունից: Նա արձանագրել է Թուրքիայի լիարժեք օգնությունը, նրա վերահսկումը եւ ռազմական գործողությունների կառավարումը․

«Բայց սա աղետալի երեւույթ չէ: Մենք նույնպես ունենք հետախուզություն իրականացնելու որոշակի կարողություններ: Բացի այդ, հարցն այն չէ, թե ինչպես թույլ չտալ նրանց ինչ-որ բան տեսնել, այլ թե ինչպես խաբել նրանց»:

Առանց մեկնաբանության։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ մարտերն այսօր ավելի լարված էին, քան վերջին օրերին: Նա դարձյալ պնդել է, թե հակառակորդի ներուժը լուրջ կորուստներ է կրել, հատկապես հետեւակը, եւ այժմ Ադրբեջանը ավելի շատ ցամաքային գործողություններ է վստահում վարձկաններին՝ հրետանու եւ օդից առավելագույն օժանդակությամբ:

«Բլիցկրիգը ձախողվեց: Հիմա նրանք փորձում են ճանկռտել ու այդպես առաջ շարժվել: Փորձում են խցկվել մեկ այստեղ, մեկ այնտեղ, ներգրավել տեխնիկան: Բայց առաջին օրերի ճնշումը չկա»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Առանց մեկնաբանության։

Նույն ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ադրբեջանական կողմը տրամադրված չէ լուծել զոհված զինվորների մարմինների տարհանման հումանիտար հարցը:  Պատասխանելով քայքայվող մարմինների պատճառով համաճարակի սպառնալիքի մասին հարցին՝ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ դիրքերի արանքում որոշ տեղերում մարմինները երեք շաբաթ ընկած են բաց վիճակում:

«Փորձում ենք ինչ-որ կերպ լուծել հարցը, որպեսզի կանխենք համաճարակը: Նրանք համաձայն չեն հրադադարի, քանի որ թքած ունեն իրենց կորուստների վրա։ Հենց այսօր Հադրութի շրջանի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ նրանք փախան՝ թողնելով 15-19 մարմին»,- ասել է Հովհաննիսյանը:

Ճիշտ է, Ա․Հովհաննիսյանն արդեն չէր ասում, որ ադրբեջանցիների մարմինները խոզերն ուտում են, սակայն դարձյալ պնդում էր, թե Ադրբեջանը «թքած ունի իր կորուստների վրա», մինչդեռ բազմաթիվ վկայություններ կան, որ, օրինակ,  զինծառայողներին ու կամավորներին համառորեն ռազմական գոտի էին տեղափոխում «Ուրալներով», որոնք թշնամու ԱԹՍ-ների համար հեշտ թիրախ էին։ Նա նաեւ պարբերաբար պնդում էր, թե Ադրբեջանի ԶՈւ-ն չի հավաքում իր զոհվածների մարմինները, թեեւ, ցավալիորեն, հայկական կողմն է մինչեւ օրս գտնում զոհված հայ զինծառայողների մարմինները։  

Կեսգիշերին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը:

«Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 2-ին, հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Համակողմանիորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ