News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

45-րդ օրը. մաս՝ 3-րդ. 16։00-ից մինչեւ կեսգիշեր։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, մեծ ողբերգություն է:

«Մեծ գոհունակությամբ ցանկանում եմ նշել նախանշված փոխզիջումը եւ արյունահեղությունը դադարեցնելու մասին ձեռքբերված պայմանավորվածությունը: Հուսով եմ՝ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների»,-ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաեւ կոչ է արել աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Փաշինյանին եւ Ալիեւին՝ ԼՂ-ում հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու նրանց վճռականության հարցում:

«Իսկապես, խաղաղ միջոցով նման տեսակի բարդ, ամուր հանգույցով կապված հակամարտությունները կարգավորելու համար անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել: Իսկ դրա համար պահանջվում է որոշում կայացնողների համարձակությունը»,-ասել է Պուտինը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում կրկին ներողություն է խնդրել Հայաստանի երկնքում ռուսական Մի-24 ուղղաթիռի ոչնչացման համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կրկին շեշտել է արագ, լիածավալ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին։

Մարիա Զախարովան նաեւ բացահայտել է, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը այս կամ այն ​​տեսքով մշակվել է հոկտեմբերի 10-ից: Ըստ նրա՝ ՌԴ խաղաղապահների ուղարկումը ԼՂ իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում եւ ՌԴ Դաշնության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Նախագահը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը:

Քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիան ՀՀ ԱԺ դիմաց՝ պահանջելով չեղարկել  Փաշինյանի  ստորագրած համաձայնագիրը։ Արցախից եկած քաղաքացիներից մեկը շեշտել է, որ Արցախը Հայաստանի դարպասն է եւ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը.

«Այսօր դրված է մեր լինել չլինելու հարցը։ Ամոթ ձեզ պարոն Փաշինյան, ես ամաչում եմ ձեզ պարոն ասելուց։ Դու քայլեցիր մեր տղաների արյան վրայով։ Աննա, գնացել ես սահման, այդ որտեղի՞ց ես ինտերնետ մտնում, մեր Արցախում լույս չկա։ Ձեզ համար կյանքը լայքերով ու լայվերով է։ Նա եկել էր մեր հողը հանձնելու համար»։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որի առաջնորդը գեներալ Վիտալի Բալասանյանն է, հայտարարել է.

«45 օր շարունակ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով, Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ մեկտեղ, Արցախի եւ Հայաստանի իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործված, իսկ ԱԺ-ում հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք ՀՀ քաղաքական խշխանությունների ոչ համարժեք գործողությունների մասին: Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի եւ ՀՀ քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, մարդկային, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի փակուղի մտցրեց բանակցությունները՝ հակասական հայտարարություններով կաթվածահար անելով գործընթացը։ 2,5 տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչակազմը վարկաբեկեց անվանի գեներալների, թիրախավորեցին ազգային արժեքները, եկեղեցին, հայոց լեզուն եւ պատմությունը, ռազմահայրենասիրական դաստիրակությունը: Պատերազմի 45 օրերի ընթացքում հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին՝ բազմաթիվ զոհերից ու Արցախի մեծ մասի կորստից հետո ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը՝ ընդ որում դա արեց ժողովրդից գաղտնի: Խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, բացարձակապես կտրված լինելով իրականությունից, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ձախողումների մեղքը բարդել նախ նախկին իշխանությունների, ապա բանակի ու ժողովրդի վրա՝ զուգահեռաբար քաղաքացիական բախումներ հրահրող հայտարարություններ անելով:

Մեր կուսակցությունը համոզված է, որ անկախ մեղավորներ փնտրելու ջանքերից, Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է որպես Արցախը ժողովրդից թաքուն հանձնած դավաճան, որը դեռ խաղաղ հեռանալու շանս ունի»:

Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվը» վերնագրել է. «Զրույց քաղաքացու հետ. իմ մեղքը».

«Բանակցությունների ողջ ընթացքում տարածքների հանձնման թեման միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցություններում շատ հստակ թեզ է եղել: Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ես գալիս ասում եմ՝ ունենք այս վիճակը, սա է մեր ընտրությունը: Դուք ասելու էիք՝ հա, ինչ լավ է, որտեղ էիր էսքան ժամանակ, բա ինչի՞ շուտ չէիր ասում, շուտ արա, էդ տարածքները վերադարձնե՞նք:  Իհարկե, այդպես չէիք ասի: Ասելու էիք՝ ոչ: Ես էլ լինեի ձեր տեղը, ասելու էի՝ ոչ: Արդյունքում ունենալու էինք նույն բանը: Ընդ որում, եթե ավելի շուտ լիներ պատերազմը, ավելի վատը կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Հաջորդը. պատերազմից առաջ, երբ կային պատերազմի նախանշաններ, որոշեի, որ պետք է պատերազմը կանխել. այդ ժամանակ էլ պետք է գայի, ասեի՝ ժողովուրդ ջան, ունենք այսպիսի  ընտրություն՝ կամ 5 շրջան հանձնում ենք առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, կամ պատերազմ է սկսվում: Ինչու չեմ եկել եւ ասել. նախ որովհետեւ ես չէի ուզում, որ մենք այդպես հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում: Երկրորդ, եթե գայի այդպես ասեի, ի՞նչ էր պատասխանելու հանրությունը:

Նույնիսկ հիմա, որ այդքան անհաջողություն ունեցանք պատերազմում, պատկերացրեք, որ մի 10 օր առաջ «ցավոտ փոխզիջում» արտահայտություն թույլ տվեցի, դա ահավոր վատ արձագանք ունեցավ: Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը: Ասելու էր՝ ոչ, մենք կգնանք կկռվենք, կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները: Արդյունքում ստանալու էինք պատերազմ:

Հաջորդ հարցադրումը, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ օրը մենք չփորձեցինք կանխել հետագա զարգացումը: Նախ, սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, երկրորդը, ըստ էության պատերազմը կանխելու պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու եւ այդ կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալու: Ինչու չեմ եկել, դա չեմ ասել, որովհետեւ ես էլի հավատում էի, որ կարող ենք պայքարել եւ փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը: Ընդ որում, պատերազմի մեկնարկից հետո այլեւս խոսքը չէր լինելու 5 շրջանի մասին, այլ 7 տարածքների մասին, մանավանդ պատերազմի ինչ-որ փուլից:

Այսօր, հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնված լինեինք 5 տարածքների վերադարձի այդ բանաձեւին, կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր: Դա ճշմարտություն է: Բայց ո՞վ է, որ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհ է: Շատ քիչ մարդիկ եւ այդ թվում ես էլ չէի հավատա, որ դա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ այնքան անորոշություններ են բացվում, որ դա դառնում է խնդրահարույց: Ստացվում է, որ մենք առանց պայքարի ուղղակի որեւէ բան հանձնացինք եւ չփորձեցինք հանուն դրա պայքարել»:

Ն.Փաշինյանը նաեւ պարզաբանել է, թե ինչն է հանգեցնում պաատսխանատվության, արդյո՞ք ինքը պատասխանատու է եւ այլն։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում նաեւ ասել է, որ Բանակի զարգացման համար իրենք վերջին 2,5 տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացրել, գուցե այս պատերազմի համատեքստում դրանցից ոչ բոլորն են արդյունավետ եղել, գուցե կարելի էր ոչ թե  Ա միջոցառումն իրականացնել, այլ Բ միջոցառումը:

Նա խոսել է նաեւ ՀԴՄ-ներից, որ կարելի էր ավելի շատ հարկեր հավաքել ու միջոցներ ուղղել Բանակին, եւ այլն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թվիթերում գրել է.

«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: Շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին եւ Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ եւ երախտագիտություն հայտնում բոլոր միջնորդներին: Միասին մենք կարող ենք գործակցության նոր փուլ սկսել Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:   

Շատ վերլուծաբաններ կոռեկտ չեն համարում Հայաստանին շնորհավորելը։

Իրանի կառավարության վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ ԻԻՀ-ն ողջունում է Ռուսաստանի միջնորդությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ կողմերի համաձայնությունը հրադադարին: «Մենք շարունակում ենք ընդգծել երկու երկրների հանձնառությունը միջազգային սահմաններին եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը»,- հավելել է նա:

Ոստիկանությունը հայտնել է, թե արդեն ճշտել է նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում եւ այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսեւորած անձանց որոշ ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային կարևորության հարց է, որը վերջնականապես կարող է լուծվել՝ միայն համազգային կոնսենսուսի հիման վրա։

Արցախի հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանը գրել է.

«Նույնիսկ անմնացորդ նվիրումը բավական չէր»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի սադրանքներից եւ չխանգարի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։

«Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված ԼՂ հետ: Նա պետք է զսպվածություն դրսեւորի եւ չձեռնարկի գործողություններ, որոնք կխոչընդոտեն հակամարտության կողմերի միջեւ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցություններին»,- նշված է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ այդ բանակցությունները պետք է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո եւ լուծումը պետք է հաշվի առնի նաեւ Հայաստանի շահերը։ «Հարկ է անհապաղ  ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում եւ կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին», ասել է Մակրոնը։ Նա իրավիճակը քննարկել է ՌԴ նախագահի հետ։

Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել՝ հավելելով, որ Փարիզն «աջակցում է Հայաստանին դժվարին պահին»։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով եռակողմ հայտարարությունում ԼՂ կարգավիճակի մասին կետի բացակայությունը, նշել է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով ելնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերից: «Այդ փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակի մասին չի խոսվում: Մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերից եւ այլ փաստաթղթերից»,-ասել է Պեսկովը:  

Փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտարարել է, որ եռակողմ փաստաթուղթը ՀՀ Սահմանադրությանը հակասում է.

«ԿԱՐԴԱՑԵՔ այդ 9 կետը, որը ստորագրվել է բոլորիս անունից։ Խնդրում եմ Ձեր մեջ հարց տվեք, արդյոք Դուք համաձա՞յն եք եղել այս 9 կետերին։ Արդյոք Դուք հոկտեմբերի 12-ի հայտնի ուղերձի փոխարեն համաձայն կլինեիք ՌԴ ԱԳՆ Լավրովի առաջարկին, որտեղ 9 կետեր նախատեսված չէին, կամ բանակցային գործընթացի գերակայության ապահովում տարբերակին եւ ոչ թե պատերազմ․․խնդրում եմ պարզապես մտածեք եւ վերլուծեք։ Այդ փաստաթուղթը չի կարող ստորագրվել ՄԻԱՅՆ գործադիր իշխանության կողմից»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստը դրույթ չի պարունակում թուրք զինվորականների` այս տարածքում գտնվելու մասին։

«Այդ մասին ոչ մի բառ չկա հայտարարության տեքստում: Կողմերը դրա շուրջ համաձայնության չեն եկել: Թուրք զինվորականների տեղակայումը Ղարաբաղում համաձայնեցված չէ: Խոսք է եղել Ադրբեջանի տարածքում հրադադարի պայմանների դիտարկման կենտրոն ստեղծելու մասին: Դա` Ադրբեջանում»,- ասել է Պեսկովը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը գրել է.

«Մենակ մի ճշտում, պարոն վարչապետ: Ոչ թե ղազագիրը ստորագրեցիք, որովհետև Շուշին արդեն տվել էինք, այլ Շուշին տվեցիք, որ ղազագիրը հնարավոր լինի ստորագրել: Իսկ ստորագրելու որոշումը կարծեմ թե շատ վաղուց էիք կայացրել, ուղղակի էն կողմից առավելագույնն էին պահանջում, դրա համար ձգձգվեց:

Թույլ տամ ինձ 100 տոկոսանոց համոզմունք հայտնել, որ պատերազմը երբեք չէր կանգնի, եթե նախապես հռչակված գերնպատակը չիրագործվեր` Շուշիի կամ Ստեփանակետի վրա ադրբեջանական դրոշը չծածանվեր: (…) Հա, մեկ էլ մյուս լայվի ժամանակ խնդրում եմ բացատրել, թե վերջը էդքան զորքը, տեխնիկան ոնց կարողացան հասցնեն, կուտակեն քաղաքի տակ կամ շուրջը, եթե քաղաք բերող ոչ մի ճանապարհի վրա մինչև օրս չէին կարողացել վերահսկողություն հաստատել: Մի հատ եթե դժվար չի քարտեզի վրա գծեք, թե իրանց զորքերի տեղակայման մոտակա վայրից ոնց են կարողացել հասնել Շուշի էն դեպքում, որ Ստեփանակերտը մերն ա, Մարտունին մերն ա, Բերձորը մերն ա, Կարմիր Շուկան մերն ա: Իսկ թե հասնելուց հետո ոնց կարողացան էդքան հեշտ վերցնել, ինչի մենք նորմալ պաշտպանություն չկարողացանք կազմակերպել, եթե գիտեինք, որ դրանից ա կախված պատերազմի ելքը, ամբողջ Արցախի ու Հայաստանի ճակատագիրը, էդ էլ կխնդրեմ մյուս լայվի ժամանակ պատմել, լա՞վ: Մերսի»։

Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ հիմա Հայաստանը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից եւ արդեն մտածի, թե ինչ է անելու հետո։

«Հակամարտությունը պարպված չէ, եւ ամեն ինչ դեռ առջեւում է։ Այս հակամարտությունում, անկասկած, հաղթեց ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան։ Նրանք միասին բանակ էին հավաքել, որը բազմակի գերազանցում էր ԼՂ ուժերին, եւ հարվածեցին նրան։ Ընդ որում՝ չնայած տոտալ գերազանցությանը, Ադրբեջանը մեծ կորուստներ ունեցավ։ Կարծում եմ, որ այս հակամարտության մեջ պարտվեցին թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը», ասել է նա։

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է, որ Իրանը ջանք չի խնայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիայի համար:

Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ երեք խմբակցություններ միացել են և պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ՀՅԴ, ԱԺԿ-ն և «Արդարություն» խմբակցությունները և միանում են Հայաստանի 17 կուսակցությունների պահանջին:

«Շատ տարօրինակ պատերազմ էր, և այս պատերազմում 80 տոկոսը մարտի դաշտ չհասավ, ուղղակի վառվեցին, ասել Աննայի՝ հանուն ոչնչի զոհվեցին: Եթե ամեն մի գեներալի հետ հարյուր հոգի լիներ, մենք այս պատերազմը տանուլ չենք տայի»,-ասել է նա:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրել է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։  

«Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։ Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»,-նշել է նա:

Ավելի ուշ Լեւոն Տեր–Պետրոսյանի գրասենյակը Փաշինյանի մասին եւս մեկ հաղորդագրություն էր տարածելու նման բովանդակությամբ. «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում Փաշինյանի օրերը գործնականում հաշված են:

«Շաբաթներ առաջ պատասխանատու քաղաքական գործիչներն արդեն խոսել էին իշխանությունը զինվորականներին փոխանցելու անհրաժեշտության մասին: «Թավշյա հեղափոխության» տարիներին Փաշինյանը հաղթողից ու ժողովրդական առաջնորդից վերածվեց շատ ոչ պոպուլյար գործչի»,- ասել է նա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։ Ժողովականները կարևորել են համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումը՝ միևնույն ժամանակ դատապարտելով զգայունությունների շահարկումները և բռնության դրսևորումները։ Անհրաժեշտ նկատվեց, որպեսզի բոլոր կողմերը իրադարձությունների գնահատման և հետագա զարգացումների առնչությամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից։

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հղել, հիշեցնելով, որ Փաշինյանը խոստանում էր Արցախի հարցը քննարկել հրապարակում, բայց նրա խոսքով, գիշերը թաքուն, աղետալի և խայտառակ փաստաթուղթը ստորագրել է և հիմա  շարունակում է խաբել բոլորին:

«Նշում ես, որ 25 տարիների ընթացքում բոլոր փաստաթղթերում այդ 7 շրջանների մասին կետեր են եղել, Շուշին հանձելու մասի՞ն էլ է եղել, որ Արցախից մի փոքր հատված է մնալու, կամ որ Հայստանի միջով ճանապարհ է գնալու Նախիջևան, դա էլ է՞ եղել փաստաթղթում: Դու մեզ  խայտառակել ես, դու բաժանեցիր մեզ հազար մասի, հիմա հանկարծ չփորձես ժողովրդին հանել իրար դեմ, չփորձես քո ապաշնորհ դիվանագիտության պատճառով մեղքը գցել բանակի վիզը, զինվորն ու սպան քո դավերի հետ կապ չունեն, իրենք առավելագույնն են արել: Այս պատերազմի ընթացքում հազարավոր հայերի արյուն է թափվել. պատերազմը չտեղափոխես Հայաստանի փողոցներ: Հեռացիր, եթե մեջդ մի փոքր հայ մնացել է, հանգիստ թող գնա»,- նշել է նա:

Երգչուհի եւ դերասանուհի Շերն (Շերելին Սարգսյան) արձագանքել է հայաստանյան  իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Մասնավորապես։

«Դժոխք է ձեզ սպասվում, ադրբեջանցի մարդասպաններ։ Դուք չեք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը խլելուց, մեր երեխաներին որբ դարձնելուց։ Դուք նավթ ունեք, Թրամփ եւ Էրդողան։ Մեր զոհերը՝ Թրամփի թույլտվությամբ», - գրել է փոփ երգչուհին։

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Վերջինն ասել է, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը:

Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի կետերի դեմ բողոքող քաղաքացիների մի մասը քայլերթով շարժվել է ԱԺ։ Կառավարության դիմաց երեկ գիշերվանից մեկնարկած բողոքի ակցիաները շարունակվում են՝ պահանջելով չեղարկել Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը:

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ինձ թվում է, որ մեր հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը։ Նայում ես՝ մարդը ասում է ամեն ինչ վատ սցենարով է գնացել, ցավոտ, ծանր որոշում եմ կայացրել և այլն, մարդիկ մտնում՝ սրտիկում, լայքում են, լիքը մարդ ծափ է տալիս, հավանության արժանացնում՝ ավտոմատ մտնում իր փայ պատասխանատվության տակ՝ չգիտեմ, չգիտակցելով, չհասկանալով։  Ո՞նց մարդկության բերենք սթափության դաշտ, ո՞նց։ Ախր, սրա հետևանքները այսօր, վաղը, մի տարի հետո չի ավարտվելու»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Զարմանալի է, որ հասարակությանը սևերի և սպիտակների բաժանողները, իսկ հիմա էլ հանրության թիկունքում թշնամու հետ ազգադավ և պարտվողական համաձայնագիր ստորագրող քաղաքական ուժի ներկայացուցիչները համախմվածության և չպառակտվելու կոչերով են հանդես գալիս.

«Նույնիսկ այսպիսի աղետալի վիճակում գտնվելուց Հայաստանի վարչապետը չի վարանում շատերին, այդ թվում նաև բանակին մեղադրել իր կողմից թուրքերի հետ ստորագրված պարտվողական համաձայնագրի համար... Սա եթե հասարակությունը պառակտել չէ, ապա ի՞նչ է»:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ ԳՄ անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Վերջինները ստեղծված վիճակից առաջարկներ են ներկայացրել։

Արցախի ԱԺ 4 խմբակցությունները հայտարարել են, որ ՀՀ քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից: Խմբակցությունները պահանջում են Արցախի նախագահի հրաժարականը եւ  աջակցություն են հայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկած  Հայաստանի 17 քաղաքական ուժերին։

Մամուլը հայտնեց, որ կառավարական առանձնատների տարածքում զինհամազգեստով անձանց ինչ-որ կուտակումներ են նկատվում։

Իսկ ամառանոցի բուն տարածքում՝ ներսում նկատել են մեծ թվով զինված ծառայողների, իսկ վերեւում դիպուկահարներ էին կանգնած, որոնք հսկում էին ներքին իրավիճակը։ Այս իրարանցման մեջ նկատել են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ շիշ բռնողին, որը դիմավորում էր տարածք մտնող մարդկանց եւ կառավարում պրոցեսը։ Ենթադրվում է, որ նրանք վարչապետի՝ «վրեժի կոչով» հավաքվածներն են։

«Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը լրջորեն պատրաստվում է քաղաքացիական պատերազմի՝ սեփական ժողովրդի դեմ», գրել էր «Հրապարակը»։

ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.

«Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան եւ խայտառակ օրերը։ 1920-ից ի վեր մեր ժողովուրդը երբե՛ք, կրկնում եմ՝ երբե՛ք չէր պարտվել։ Երբե՛ք թուրքին հող չէր հանձնել։ Կոտորվել էր, նահատակվել, ենթարկվել ցեղասպանության՝ Բաքվում եւ Սումգայիթում, բայց երբե՛ք հող չէր հանձնել։ Երեկ Նիկոլը հանձնեց  7 շրջան, Արցախի տարածքի մի մասը՝ Շուշիով եւ Հադրութով, թողեց Արցախն առանց կարգավիճակի, իսկ արցախցիներին՝ անտեր ու անտուն։ Նա հանձնեց 30 տարվա մեր հերոսների թափված արյունը, պատմությունը, հայկական գյուղերն ու քաղաքները, Ղազանչեցոցն ու Դադիվանքը։

Նիկոլ Փաշինյանը բունկերից դե՛ռ սպառնում է։ Դե՛ռ մեղավորներ է նշանակում։ Իշխանական ֆեյքերը կեղծ հաղորդագրություններով մեղավորներ են կարգում։

Եվ կա հասարակության մի մաս, որը նախընտրում է ապրել ՑանցաՀայաստանում եւ դեռ ներում ու պաշտպանում է այս իշխանությանը։  Մեղադրում է նախկիններին, տարածում ակնհայտ կեղծ տեսագրություններ, սփոփում իրեն, թե կարող էր ավելի վատ լինել (չհասկանալով, որ սրանից վատ նույնիսկ տեսականորեն չկա), չի ցանկանում կարդալ դավաճանական փաստաթուղթը, չի պատկերացնում, թե ինչ ենք կորցնում, չի ընկալում, որ նման փաստաթղթի չէինք հասնի, եթե Նիկոլը չլիներ այս աստիճան անմեղսունակ։

Նույնիսկ իշխանության ներսում տեղյակ չեն եղել փաստաթղթից։

Ցանցահայաստանում համատարած կուրություն է։ Արցախի պատերազմը ուներ նաեւ մեկ այլ ճակատ։  Այնտեղ ֆեյսբուքահայաստանի ճակատամարտն էր ընդդեմ իրականության։

Մենք պատերազմեցինք 44 օր։ 44 օր շարունակ եւ մինչեւ Նիկոլի դավաճանական ստորագրությունը ՑանցաՀայաստանը դեռ կռիվ էր տալիս իրականության դեմ։ Ցանցային Հայաստանը կարոտ էր ոչ թե հաղթանակի, այլ հաղթական ստատուսի։

Այս ամենում իրականում մեղավոր են մոտ 200 հոգի՝ ԱԺ պատգամավորներ, ռեժիմի մաս կազմող որոշ քննիչներ ու դատավորներ, ցանցային օտարերկրյա գործակալներ, վարձկան ակտիվիստներ, ծախված մտավորականներ։ Բոլորը ցուցակագրված են։ 200-ից 50-ը պետք է համահայկական այդ դատավարությանը ստանա արժանի պատիժ եւ դատապարտվի երկարատեւ ազատազրկման։ Պարագլուխները պետք է դատվեն ցմահ՝ առանց ներման իրավունքի, պետական դավաճանության համար։ Իսկ մնացած 200-ը պետք է խայտառակվեն, այնպես, որ իրենց տգիտությունից, վախից կամ շահից ելնելով Հայաստան չքանդեն։

Եթե մենք չունենանք մեր ներքին «դատարանը», այլեւս երբեք չենք բարձրանալու»:

ՌԴ ԱԳՆ աղբյուրը հայտնել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը հարակից չէ Ղարաբաղին: Թուրքիայի դերը սահմանափակվում է հրադադարի կենտրոնի ստեղծման շրջանակում եւ չի վերաբերում Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ գործողությանը, հայտնել է աղբյուրը։

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի եւ պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, որոնք ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:

ՀՀ նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Հիմնական պատասխանատու համարելով գործող իշխանություններին՝ ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել առկա ռիսկերի վերաբերյալ, ներկայացրել ստեղծված իրավիճակի հաղթահարման իրենց տեսլականը:

Ազգային ժողովի մոտ հավաքված հանրությունը տարբեր լուծումներ էր առաջարկում: Նախ, ցուցարարները միմյանց էին մեղադրում՝ Փաշինյանին վարչապետ ընտրելու մեջ, հետո սկսեցին առաջ քաշել ԲՀԿ-ի առաջարկած 3 կետերը՝ վարչապետի հրաժարական, ռազմական դրության վերացում եւ ՊՊԿ-ի ստեղծում՝ պայմանական կառույց, որը կկառավարի, մինչեւ նոր ընտրությունները: Ելույթներ էին ունենում Արցախից եկած կանայք, որոնք ամուսին, եղբայր ու որդի են կորցրել:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին եւ Անդրանիկ Գրիգորյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակից ելքերը։

Առաջին ալիքի եթերում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  հայտարարել է, որ կարող է հանգիստ խղճով նայել զոհվածների մայրերի աչքերին։

17 կուսակցությունների՝ ռազմաքաղաքական շտաբ ձեւավորելու առաջարկի վերաբերյալ հարցին ի պատասխան, Ավինյանն ասել է, որ հավելյալ կառույց ստեղծելով բանակում չէր ավելանալու հրետանու քանակը. «Ռազմական գործի կազմակերպման առումով՝ գործողությունները բավականին արագ են տեղի ունեցել։ Մենք ունեցել ենք հարվածներ եւ հյուսիսից եւ հարավից. թշնամին հաջողություններ է ունեցել միայն հարավային ուղղությամբ։ Հետագայում մեր բոլոր խնդիրներն ավելի են խորացել թշնամու այս հաջողությամբ պայմանավորված», ասել է նա։

Տ.Ավինյանը չի ասել, որ հարավում մարդկային եւ սպառազինության հսկայական կորուստներով հակագրոհ ձեռնարկելու որոշումը կայացրել է գործող իշխանությունը եւ 17-ի առաջարկը հրետանուն չէր վերաբերում, այլ նման որոշումները միասին եւ համակողմանի, բանիմաց գործիչներով քննարկելուց հետո կայացնելուն։ 

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինը եւ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումները: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Էրդողանը ողջունել է հրադադարի հասնելու Պուտինի ջանքերը։

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային ՀԸ եթերում եռակողմ համաձայնագրին դավաճանական որակումները վիրավորական է համարում, քանի որ Զինված ուժերը, կառավարությունը, սփյուռքը արել են իրենց առավելագույնը՝ հաջողության հասնելու համար: Նրա պարզաբանմամբ՝ սպառազինության ու մարդկային ռեսուրսի առումով թշնամին, որին օգնում էր Թուրքիան, նաեւ վարձկան ահաբեկիչներով, բազմակի գերազանցում էր մեր հնարավորություններին։ Նա վստահեցրել է, որ «արվել է մաքսիմումը»:

Ավելի ուշ իր մեկ այլ հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ասել է, որ պարտության պատճառներից մեկն էլ կառավարման ուղղահայացի խախտումն էր։

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ Շուշիի շուրջ իրականացվող գործողությունները եղել են դինամիկ, փոփոխությունները արագ էին ընթանում:

«24 ժամ ինտեսիվ հրթիռակոծություններ էին, Շուշին պաշարված էր, բայց հերոսամարտը շարունակվել է: Որոշ ժամանակ ունեցել ենք առավելություն, վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց այդ ուժերի ներկայությունը ազդեցիկ չէր վերահսկողությունը վերականգնելու առումով»,-ասել է նա:

Տոնոյանը պնդել է, թե իրենք շատ ազնիվ կերպով ներկայացրել են իրավիճակը:

«Զինված ուժերը ներկայացրել են ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր հակառակորդին մոլորության մեջ գցել, տեղեկատվական գործողությունների սկզբունքներ գոյություն ունեն, անհրաժեշտ է եղել նաև մեր բանակին ոգևորել: Չեմ ընդունում այն մոտեցումը, որ մենք բավարար տեղեկատվութուն չենք տրամադրել և հասարակության մոտ թյուրըմբռնում է եղել ռազմական գործողությունների վարման նկատմամբ»,- ասել է նա:

(Նկատենք, որ հակառակորդին մոլորության մեջ գցելով՝ մոլորության մեջ է ընկել նաեւ հայ հանրությունը։ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հետպատերազմյան ասուլիսում հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում թույլատրելի է ստի 30 %-անոց չափաբաժին, մինչդեռ այս պատերազմում այն հասնում էր 100%-ի)։

Դ.Տոնոյանը պնդել է նաեւ, որ այս ամենից զինված ուժերը դուրս են եկել շատ ուժեղ.

«ԶՈւ-ն այս իրավիճակից դուրս է գալիս ուժող, փորձված, կոփված, ձևավորվեց հերոսական գեն, որ նաև եղել է։ Մենք ամեն ինչ անելու ենք, շարունակելու ենք սպառազինումն ու բարելավումը, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը, որը խնդրահարույց էր այս պատերազմի ժամանակ, մենք շատ ուժեղ ենք դուրս եկել, շատ ուժեղ»։

Տարօրինակ գնահատականներ են, երբ պատերազմից հայկական ԶՈւ-ն դուրս է եկել հսկայական մարդկային ու նյութական կորուստներով, Արցախի ՊԲ-ն չի արձագանքում Ադրբեջանի կողմից մարդասպանության դեպքերին (վերջինը՝ 08/11/2021՝ Շուշիին մոտ), ՀՀ-ն այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, եւ ՀՀ ԶՈւ-ն չի փակում  Սյունիքում եւ Գեղարքունիքում առաջ շարժվող  հակառակորդի ճանապարհը։

Հարցին, թե նախկինում ասել էր` նոր պատերազմ, նոր տարածքներ, ո՞ւր են նոր տարածքները, Տոնոյանն ասել է․

«Ադրբեջանը անընդհատ վախեցրել է պատերազմով, իմ արձագանքն է եղել, եթե Ադրբեջանի հետ լինեն ռազմական գործողություններ, ապա լինելու են նոր տարածքներ հետ կապված գործողություններ, բայց մենք առնչվել ենք այլ քանակի, որակի Ադրբեջանին աջակցող ուժերի»։

Առանց մեկնաբանության։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եռակողմ հայտարարությունը ենթադրում է անվերապահ անցում լիարժեք բանակցային գործընթացին՝ «այս, ցավոք, բարդ, ոչ հասարակ խնդրի բոլոր գործոնների վերաբերյալ»:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը ողջունել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ռազմական գործողությունների դադարեցումը.

«Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարը, որը երկուշաբթի համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կօգնի կանխել հետագա մարդկային կորուստները եւ, հուսով ենք, կդառնա առաջին քայլը դեպի համապարփակ կարգավորում: ԵՄ-ն շարունակում է աջակցել ստեղծված ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ», ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ողջունում է Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունը եւ ամեն ինչ կանի կողմերին համաձայնագրերի կատարման գործում օգնելու համար: Ըստ նրա ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «թեթեւացած շունչ քաշեց»` լսելով ձեռք բերված համաձայնության մասին: «Եվ մեր թեթեւության զգացումը կապված է այն հույսի հետ, որ սա վերջ կդնի քաղաքացիական բնակչության տառապանքներին»,- ասել է նա:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ ապրում է իր կյանքի ամենավատ օրը՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով.

«Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար: Անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ իմ մեծ հիասթափությունից, ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով»,– ասել է նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է.

«Երեկվանից հայ ժողովրդին ուզում եմ դիմել մեկ խնդրանքով, եթե կարող եք՝ ներեք ինձ, բայց չէի դիմում, քանի որ գիտակցում եմ, որ դա անհնար է ու ես անգամ ինքս ինձ չեմ ներում: Այնուամենայնիվ եթե կարող եք...»։

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը գրել է.

«Իրականությունից կտրվածներին մի բան հիշեցնեմ. Շուշին եւ Հադրութը երբեւէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը։ Սա վերջին 100-ամյակի ամենանվաստացուցիչ պարտությունն է։

Պարտված վարչապետը պետք է հեռանա»։

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանան պատրաստվում է Վանքի զանգերը, խաչն ու խաչքարերը բերել Հայաստան:

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է.

«Սա երբևէ չքննարկված, նախադեպը չունեցող խայտառակ փաստաթուղթ է, որը չի սահմանափակվում միայն Արցախով, այլեւ, ըստ էության, բացել է Հայաստանի դարպասները նաև Սյունիքից: Նիկոլ Փաշինյանով մենք չունենք ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ռեսուրս՝ այլևս շարունակել որևէ բան: Որքան ցավալի լինի իր փոքրաթիվ կողմնակիցների համար սա լսել և որքան տհաճ լինի քաղաքացիների համար՝  վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառել է իրեն: Այս խայտառակ, ամոթաբեր, անպատիվ փաստաթղթում չկա ոչինչ կարգավիճակի մասին: Այս փաստաթղթով մենք տվել ենք հայրենիք՝ ոչնչի դիմաց:   Դժբախտաբար, այս օրերին այս հոգեկան ծայրահեղ անհավասարակշիռ վիճակում գտնվող, իրավիճակին ոչ ադեկվատ լայվերը, ինչ-որ տեղ թաքնված լայվերը, որովհետև ժողովրդի լեգիտիմ իշխանությունը, որը պետք է ժողովրդի առաջ ինչ-որ հարցի լուծման մասին խոսեր, ինչ-որ տեղից նրա ղեկավարը լայվեր է մտնում, հոխորտում, գոռգոռում, այս ամենի նպատակը միայն սեփական աթոռը պահպանելն է: Նա կասի, որ ռազմական դրությունն է պահպանվում, հետո այլ բան կասի, հետո անընդհատ-անընդհատ կմեղադրի: Մարդ, որն իր գործողություններով հանգեցրել է նման խայտառակ իրավիճակի»։

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան եթերում ասել է, որ ունենք ստորագրված պայմանագիրը, որը մի խայտառակ փաստաթուղթ է եւ այն մեզ դնում է շատ ծանր վիճակի մեջ.  

«Ոչ ոք չէր կարող սպասել, որ 40 օր մեզ կասեն, որ դուք հաղթում եք, եւ վերջում կասեն՝ չեք հաղթել, պարտվել եք: Երբ սկսվեց ագրեսիան, վարչապետը ԱԺ-ում ասաց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, չենք ընդունելու, որ պարտվել ենք: Պատերազմի առաջին օրը նա խոսում էր պարտության մասին»:

Նա հիշեցրել է, որ առաջարկել են վարչապետին՝ ԱԽ նիստ գումարի, վարչապետն իրեն նամակ է գրել, որ վիճակը կայուն չի, որ կայունանա, կկազմակերպենք, ինքն էլ պատասխան է գրել, որ եթե կայուն լիներ վիճակը, հանդիպում չէին խնդրի։

«Դրանից մի քանի ժամ հետո ստորագրվում է այս փաստաթուղթը: Ժողովուրդ ջան, չկարծեք, թե ձեզ խաբել են, մեզ չեն խաբել, բոլորին են խաբել»,- ասել է նա:

Մարուքյանը պատմել է ԲՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ ԶՈՒ ԳՇ պետի հետ իրենց հանդիպման մասին, ասել, որ  Օնիկ Գասպարյանն է խնդրել ռազմական դրությունը չվերացնել, քանի որ պատերազմի վտանգը դեռ մնում է, նաեւ զինված ուժերում բազմաթիվ անելիքներ կան:

«Ես ասացի, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որ երկրում սկսվեն քաղաքական ու քաղաքացիական պրոցեսներ: ԳՇ պետի խնդրանքն էր, որ գոնե առնվազն 7 օր հնարավորություն տանք ՀՀ զինված ուժերին»:

Նրա խոսքով՝  հայ ազգը չի պարտվել, պարտվել է տվյալ պահի առաջնորդը:

«Պարտված առաջնորդը պետք է հեռանա: Փաշինանն ու «Իմ քայլը» դաշինքը պետք է գիտակցեն, որ սա այն Հայաստանը չէ, որտեղ իրենք 73 տոկոս ձայն են հավաքել: Այն Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, Արցախի հետ ուներ 42 հազար ք/կմ տարածք: Այդ Հայաստանն այլևս չկա, այդ թվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ու նրա դրած ստորագրության արդյունքում», ասել է նա:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է, որ չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։

«Թեզ ա պտտվում՝ «վաղուց սաղ որոշված էր, ծախված էր»։ Դա բացարձակ սուտ ա։ Գոյություն չուներ որևէ ստորագրված փաստաթուղթ, եթե կա, թող ցույց տան հենց հիմա, երկու տարի ա սպասում ենք։ Նույնիսկ Փաշինյանն ա ասում, որ մի տարի առաջ շատ ավելի բարենպաստ փաստաթուղթ ա եղել իրական փոխզիջումներով։ Ավելին, իր խոսքերով՝ պատերազմի առաջին օրերին էր դեռ կարելի մինիմալ կորուստներով ստորագրել գոնե»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ադրբեջանցի պաշտոնակիցը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել եւ պատժել ռուսական ուղղաթիռի վրա հարձակման մեղավորներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ