News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (ՖԿՊԻ) նախատեսում են մշակել և ստեղծել ռենտգենյան միկրոտոմոգրաֆ, ինչպես նաև Գիգա-տերահերցային տոմոգրաֆ։ Այդ աշխատանքները կիրականացվեն ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի Առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային ծրագրի շրջանակում։

Այդ մրցույթին ՖԿՊԻ-ի ներկայացրած «Գիգա-տերահերցանոց ճառագայթման մակածման առանձնահատկությունները շերտավոր միջավայրերում և դրա գործնական կիրառման մեթոդների մշակում» գիտական թեման երաշխավորվել է ֆինանսավորման 2021 թվականից։ Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիրը գիտության բնագավառում առաջին լուրջ ֆինանսավորմամբ մեգանախագիծն է՝ յուրաքանչյուր թեմայի ֆինանսավորումը 5 տարվա համար կկազմի 156 մլն դրամ։

Թեմայի գիտական ղեկավարն է ֆիզմաթ գիտությունների դոկտոր Լևոն Գրիգորյանը, իսկ փորձարարական գծով համաղեկավարը՝ ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Վահան Քոչարյանը։

Ինչպես NEWS.am-ին պատմեց Վահան Քոչարյանը, ինստիտուտում հիմնադրումից ի վեր, 1980-ականներից սկսած ռենտգենոգրաֆիայի և մոդուլյացիոն ռենտգենյան սպեկտրասկոպիայի բնագավառներում իրականացվել են մի շարք հիմնարար հետազոտություններ, որոնցից կարելի է նշել արտաքին դաշտերի առկայության պայմաններում ռենտգենյան ճառագայթների լրիվ վերամղման երևույթը, ֆոկուսացման ու դեֆոկուսացման երևույթները, միաբյուրեղների կլանման գործակցի զրոյացման երևույթը, ռենտգենյան փնջերի տարածաժամանակային բնութագրիչների կառավարման ու նոր տիպի աղբյուրների ստացման հնարավորությունները։ Ստացված արդյունքների հիման վրա ստեղծվել են ռենտգենյան օպտիկայի բազային տարրեր, օրինակ՝ ինտենսիվ մոնոքրոմատորներ, ոսպնյակներ, ֆիլտրեր, փնջի բաժանիչներ:

«Քանի որ այսօր ավելի շատ շեշտը դրվում է գիտության կիրառական բաղադրիչի վրա, մեր նպատակն է հիմնարար հետազոտություններին զուգահեռ, ինստիտուտի ողջ գործունեության ընթացքում ստացած արդյունքների հիման վրա մշակել ու ստեղծել սարքերի ու սարքավորումների լաբորատոր նմուշներ, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ հնագիտությունում, բժշկությունում և այլ բնագավառներում», - ասաց նա։ 

Մասնավորապես, ծրագրի նպատակներից մեկը ռենտգենյան միկրոտոմոգրաֆի լաբորատոր տարբերակի մշակումն ու ստեղծումն է։ «Այդ սարքի ստեղծման համար անհրաժեշտ են կոորդինատազգայուն գրանցիչ-փոխակերպիչ և հեռակառավարվող ռենտգենյան աղբյուր։ Դրանից բացի անհրաժեշտ է գիտական մեթոդոլոգիա և համապատասխան մաթեմատիկական ապարատ, որը հնարավորության կտա ստանալ բարձր լուծողականությամբ եռաչափ պատկերներ։ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի «Ռենտգենյան օպտիկա» հայ-ռուսական միջազգային լաբորատորիայում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շրջանակում իրականցվել է նմանատիպ մաթեմատիկական ապարատների ներդրում», - ասաց Վահան Քոչարյանը։

Հարկ է նշել, որ համատեղ հայ-ռուսական «Ռենտգենյան օպտիկա» լաբորատորիան Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվել է 2011 թվականին Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նախկին ղեկավար, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի և Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի կիրառական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Պոտիլիցինի նախաձեռնությամբ։ ՖԿՊԻ-ն ունի հինգ այդպիսի ցանցային համատեղ լաբորատորիա. երեքը՝ Ռուսաստանի Դաշնության հետ, մեկը՝ Իտալիայի ու մեկն էլ՝ Արցախի հետ:

Ինչպես պարզաբանեց Վահան Քոչարյանը, սովորական բժշկական տոմոգրաֆներն ունեն 100 միկրոնի կարգի լուծողականություն, իսկ ռենտգենյան միկրոտոմոգրաֆները խոշորացման կիրառման դեպքում կարող են ունենալ առնվազն 10 միկրոն լուծողականություն։ Բարձր լուծողականության շնորհիվ այդ տոմոգրաֆների կիրառության ոլորտը բավականին լայն է՝ հնագիտություն, երկրաբանություն, հանքարդյունաբերություն, արվեստի գործերի վերականգնում և այլն։

Երկրորդ ուղղությունը, որը նախատեսվում է զարգացնել այս ծրագրի շրջանակում, գլանային կամ գնդային համաչափությամբ օժտված շերտավոր միջավայրերում ռելյատիվիստիկ էլեկտրոնների մակածած էլեկտրամագնիսական դաշտի առանձնահատկությունների հիման վրա մեծ ինտենսիվության և կառավարելի բնութագրերով Գիգա-տերահերցային ճառագայթման կոհերենտ աղբյուրների ստեղծումն է։ «Ինստիտուտում նախկինում արդեն կատարվել են աշխատանքներ այլընտրանքային կառավարվող տարածաժամանակային բնութագրերով ճառագայթման տարբեր տիպի աղբյուրների ստեղծման բնագավառում, օրինակ՝ ցույց է տրվել, որ կոնդենսացված միջավայրերում ռելյատիվիստիկ էլեկտրոնների կանալացման, ռենտգենյան պարամետրական, կոհերենտ արգելակային, ռենտգենյան և օպտիկական անցումային ճառագայթումների շնորհիվ հնարավոր է ստանալ նոր տիպի աղբյուրներ, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում», - ասաց Վահան Քոչարյանը։

Նախագծի երրորդ նպատակը Գիգա-տերահերցային ճառագայթման միջոցով նմուշների եռաչափ (տոմոգրաֆիկ) պատկերների ստացումն է, որը կարող է ունենալ տարբեր կիրառություններ։

«Աշխարհում տերահերցային տոմոգրաֆիան նոր է զարգանում, որոշակի փորձարարական արդյունքներ արդեն կան, բայց սարքեր առայժմ չկան։ Տերահերցային տոմոգրաֆիան կարող է կիրառվել հիվանդությունների վաղ ախտորոշման համար և այն շատ ավելի անվնաս է, քան ռենտգենյան տոմոգրաֆիան։ Այդ պատճառով մարդը կարող է այս մեթոդով ավելի հաճախակի հետազոտվել։ Տերահերցային տոմոգրաֆիան կարող է կիրառվել նաև, օրինակ, միկրոէլեկտրոնիկայում ու մաքսային ծառայություններում», - պարզաբանեց գիտնականը։

Վահան Քոչարյանի գնահատմամբ, Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիրը շատ կարևոր նախագիծ է, քանի որ այն հնարավորություն է տալիս ձեռք բերել թանկարժեք սարքեր, բարելավել նյութատեխնիկական բազան, ապահովել գիտական խմբին արժանավայել ֆինանսական միջոցներով և ներգրավել երիտասարդ մասնագետների։

Բայց ահա երիտասարդների ներգրավման հարցում ՖԿՊԻ-ն բախվել է խնդրի՝ ֆիզիկայի ֆակուլտետում չկան իրենց անհրաժեշտ մասնագիտություններով մագիստրանտներ։ Սա համընդհանուր խնդիր է այսօրվա Հայաստանում բոլոր բնագիտական մասնագիտությունների համար։ Ուսանողները նախընտրում են ավելի լավ վճարվող ոլորտներ՝ ՏՏ, տնտեսագիտություն, իրավագիտություն և այլն։

Թեպետ, Վահան Քոչարյանի կարծիքով, այսօր երիտասարդները չեն ձգտում գիտնական դառնալ ոչ միայն ցածր աշխատավարձի, այլև գիտական կազմակերպությունների նեկայիս նյութատեխնիկական վիճակի պատճառով։ Դրանցում բացակայում են ժամանակակից սարքավորումները և ստեղծված չէ երիտասարդների համար գրավիչ միջավայր։

Անահիտ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ